Վերջին 5 օրվա ընթացքում Հնդկաստանում արձանագրվում են կորոնավիրուսով վարակման ռեկորդային թվով նոր դեպքեր։ Ինչպես հայտնում է BBC-ն, նախօրեին նոր վարակակիրների թիվը եղել է ավելի քան 350 000։
Հիվանդանոցները գերծանրաբեռնված են՝ մահճակալները գնալով պակասում են։ Մայրաքաղաք Դելիում ինտենսիվ թերապիայի ազատ մահճակալ առհասարակ էլ չի մնացել։ Շատ հիվանդներ ստիպված բուժվում են տանը։
Ծանրաբեռնված են նաև թեստավորող լաբորատորիաները։ Թեստի պատասխանը ստանալը երեք օր է տևում։ Եղել են դեպքեր, երբ մարդկանց համար հիվանդանոցում մահճակալ գտնվել է, բայց թեստի դրական պատասխան չունենալու պատճառով նրանց հիվանդանոց չեն կարողացել ընդունել։
Որոշ բժշկական կենտրոններ ահազանգում են, որ թթվածինը մի քանի ժամից կսպառվի։ Նման դեպքերում կառավարությունը նոր պաշարներ է ուղարկում, որոնք, սակայն, բավականացնում են միայն մի օրվա համար։ Այսպիսով, հիվանդանոցներում (և տանը) բուժվող տասնյակ մարդիկ մահանում են սոսկ թթվածնի պակասից։
Տանը բուժվողների համար թթվածին կամ դեղորայք հայթայթելն էլ ավելի դժվար է։ Դելիի դեղատներից անհետացել են քովիդի դեպքում երկրում սովորաբար նշանակվող դեղերը։
Թթվածնային բալոններըի գինը համավարակի նոր ալիքից հետո բարձրացել է մոտ 10 անգամ։
Դեղորայքի պաշարները հիվանդանոցներում այնքան քիչ են, որ տանը բուժվողները շտապում են դեղերը ձեռք բերել, որպեսզի եթե հանկարծ հիվանդանոց ընկնեն, դեղն արդեն իրենց մոտ լինի։
Մարդկանց միակ հույսն այս պահին սև շուկան է, որտեղ դեղերը վաճառվում են սովորականից մի քանի անգամ ավելի բարձր գներով։ Ավելացել են նաև մարդկանց կեղծ դեղեր վաճառելու դեպքերը։ Երբեմն էլ մարդկանցից դեղի համար «կանխավճար» են ուզում, իսկ գումարը ստանալուց հետո՝ անհետանում։
Մի շարք երկրներ արդեն իսկ բժշկական օգնություն են ուղարկում Հնդկաստան՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու համար։