հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Շուկա / Ռուսական «դիվանագիտությունը» վախեցնում է ոչ միայն չեխերին

Ռուսական «դիվանագիտությունը» վախեցնում է ոչ միայն չեխերին

Հետևելով Չեխիայի օրինակին՝ Ռումինիան մտադիր է արտաքսել Բուխարեստում Ռուսաստանի դեսպանատան ռազմական ատաշեի տեղակալ Ալեքսեյ Գրիչաևին։

Երկրի իշխանությունները Գրիչաևին մեղադրում են «դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային հակասող գործողություններ ու քայլեր» անելու մեջ։

Բուխարեստում Ռուսաստանի դեսպան Վալերի Կուզմինն էլ կանչվել է Ռումինիայի արտգործնախարարություն։

Հիշեցնենք՝ ապրիլի 18-ին Պրահան հայտարարել է Չեխիայից 18 ռուսաստանցի դիվանագետների արտաքսման մասին, քանի որ «ըստ իրենց հիմնավոր տեղեկությունների»՝ Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցներն առնչություն են ունեցել Վրբետիցեում գտնվող զինապահեստում 2014 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած պայթյունի հետ, որի հետևանքով երկու մարդ է զոհվել։

Չեխիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել ԳՀՎ երկու աշխատակցի՝ Ալեքսանդր Պետրովի և Ռուսլան Բոշիրովի նկատմամբ, ովքեր պայթյունի օրերին եղել են զինապահեստի տարածքում։ Վերջիններս հետախուզման մեջ են նաև Բրիտանիայում և մեղադրվում են 2018-ին ԳՀՎ նախկին սպա Սերգեյ Սկրիպալին և իր դստերը թունավորելու մեջ։

Չեխիան, այսպիսով, արտաքսել է ռուսական դեսպանատան բոլոր այն աշխատակիցներին, որոնք կարող էին կապ ունենալ ԳՀՎ-ի հետ։ Մոսկվան Պրահայի մեղադրանքն «աբսուրդային» է անվանել և ի պատասխան արտաքսել 20 չեխ դիվանագետների՝ Ռուսաստանում չեխական դեսպանության գրեթե ողջ անձնակազմին։

Համերաշխություն հայտնելով Չեխիային ռուսաստանցի դիվանագետների են արտաքսել Սլովակիան, Իտալիան, Լեհաստանը, Լիտվան, Էստոնիան, Լատվիան և այլ երկրներ։ Պրահային իրենց աջակցությունն են հայտնել նաև ԵՄ֊ն և ՆԱՏՕ֊ն։ Պաշտոնական Մոսկվան սա անվանել է «անզուսպ ռուսաֆոբիա»։ 

Հիշյալ երկրներից որոշները նույնպես մեղադրում են ռուսաստանցի դիվանագետներին հետախուզական գործունեություն ծավալելու մեջ։ Իտալիան, օրինակ, անցյալ ամիս արտաքսել էր ռուս երկու դիվանագետների, երբ հայտնի էր դարձել, որ իտալական նավատորմի մի զինվորական նրանց գումարի դիմաց ռազմական տեղեկություններ է տրամադրում։