Երևանյան ոստիկանությունն ու չինովնիկները սպառնում են ուժ կիռարել 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով մայրաքաղաք տեղափոխված նախկին քաշատաղցիների նկատմամբ։ Ութսունից ավել մարդ՝ 18 ընտանիք, պատերազմի ժամանակ տարհանվել էին Գորիս, հետո Երևան։ Տղամարդկանց մի մասը դիրքերում էին, մնացածին տեղավորել էին ժամանակավոր կացարանում, որի խիստ անհարմար պայմաններում փախստականները՝ հիմնականում բազմազավակ ընտանիքներ, ապրել են 4 ամիս։
Զուգարանի և լոգարանի հերթերից, կենցաղային այլ անհարմարություններից և անորոշությունից հոգնած՝ մարդիկ որոշել են բնակեցնել Նորք Մարաշում գտնվող կիսաքանդ շենքը։ Նախկին լաչինցիները չեն ցանկանում սեփականացնել շենքը և հարակից տարածքը, որն իրենք մաքրել են և սկսել վերանորոգել։ Նախկին արցախցիները տուն են ուզում։ Սակայն իրենց այցելող ոստիկաններն ու պետական այլ կառույցների ներկայացուցիչները սպառնում են ուժով հեռացնել փախստականներին։
Սկզբից իրենց ասում էին, որ դա սեփական տարածք է, հետո պարզվեց, որ պատկանում է պետգույքի կոմիտեին։ Հետո խոստանում էին, որ կլուծեն փախստականների բնակարանային խնդիրները շենքի և հարակից տարածքի վաճառքի հաշվին։ Հայտարարել էին նաև, որ շենքը վթարային է։ Քաշաթաղցիները, պնդելով, որ երկար տարիներ շինարարության մեջ են, հավաստիացնում են, որ շենքը կանգուն է և իրենք ռիսկի չէին ենթարկի երեխաներին։
Փախստականների խոսքերով՝ իրենց ուղիղ ասում են, որ դա ճոխ տեղ է՝ իրենց հագով չէ։
Մանրամասները՝ տեսանյութում։