Կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ով արդեն կարող են պատվաստվել նաև 18-ից բարձր բոլոր քաղաքացիները, այդ թվում` օտարերկրացիները:
Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, ապրիլի 23-ին նախարար Անահիտ Ավանեսյանը վերանայել է ավելի վաղ ընդունված որոշումը, ըստ որի բրիտանա-շվեդական արտադրության այս պատվաստանյութով պետք է պատվաստվեին միայն 55-ից բարձր տարիքի մարդիկ։
Տարիքային սահմանափակումը պայմանավորված էր վարկածով, որ AstraZeneca-ն հատկապես միջին տարիքի կանանց մոտ կարող է թրոմբային խնդիրներ առաջացնել։ Այս մտահոգությունից ելնելով՝ մի շարք երկներ ժամանակավոր սառեցրել էին դրա կիրառումը։
Մասնագետները, սակայն, վիճակագրություն են մեջբերում` ընդգծելով, որ աշխարհում կիրառման առումով բրիտանա-շվեդական այս պատվաստանյութն առաջին տեղում է, հետևաբար՝ օգտագործման այդ հսկայական ծավալներում չեն բացառում նաև բարդությունները, տրամադրվող տեղեկություններն էլ բաց են ու թափանցիկ։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը, սակայն, նշում է, որ, ըստ վերջին տվյալների, թրոմբային խնդիրները իսկապես շատ հազվադեպ արձանագրվել են մինչև 55 տարեկանների շրջանում, բայց պատվաստանյութի հետ կապը դեռևս հստակ բացահայտված չէ։
Պաշտոնյայի հավաստմամբ՝ վերջին օրերին 18-54 տարեկան մի շարք մարդիկ պատվաստվելու ցանկություն են հայտնել, սակայն ներառված չեն ռիսկի խմբում։ Այս որոշումն, ըստ Սահակյանի, աջակցություն է հենց նրանց։
Ապրիլի 15-ին նախարարը խորհրդարանում նշել էր, որ Հայաստան ներկրված AstraZeneca պատվաստանյութի օգտագործման ժամկետը մինչև մայիսի 31-ն է: Սահակյանի կարծիքով՝ սա չէ որոշման փոփոխության պատճառը։
«Բոլոր դեպքերում [պատվաստվել ցանկացողներին] իրազեկվում են, որ միջազգային կառույցների ու հեղինակավոր կազմակերպությունների կողմից գնահատվել է, որ կա ռիսկ, որ մեկ միլիոնից, օրինակ, մեկի մոտ կարող է նման երևույթ զարգանալ` թրոմբոէմբոլիտ բարդությունը նկատի ունեմ», – նշել է նա։
Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (ЕМА) ավելի վաղ թույլատրել էր կիրառել պատվաստանյութը ԵՄ տարածքում՝ նշելով, որ պատվաստանյութի «օգուտները գերազանցում են դրա ռիսկերը բոլոր խմբերի չափահաս մարդկանց շրջանում»։
Կառույցը, սակայն, զգուշացրել էր, որ պատվաստանյութի կիրառումից հետո թրոմբոզի և/կամ թրոմբոցիտոպենիայի դեպքեր, թեև շատ հազվադեպ, բայց գրանցվել են։
«Ամենալուրջ կողմնակի ազդեցությունները արյան ցածր թրոմբոցիտներով արտասովոր թրոմբների շատ հազվադեպ դեպքերն են, որոնք, ըստ գնահատականների, հանդիպում են 100 000 պատվաստվածներից 1-ի մոտ», – ասված է EMA-ի ապրիլի 23-ին հրապարակված հոդվածում։
Հայաստանում ապրիլի 26-ի տվյալներով պատվաստվել է շուրջ 2200 մարդ։ Երեկ ներմուծվել է ռուսական Sputnik V-ի ևս 14 000 դեղաչափ, որը, սակայն, դեռ հասանելի չէ բոլորին։ Ռուսական պատվաստանյութն այս պահի դրությամբ կիրառվում է միայն 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, խրոնիկ հիվանդների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների ու աշխատակիցների դեպքում։