Հայաստանում լարված համաճարակային իրավիճակ է, թվերի կայուն աճ կա: Այս պահին հոսպիտալացված է ավելի քան 2160 քաղաքացի։ Կան նաև հոսպիտալացման հերթին սպասողներ, «Ազատության» եթերում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Բժշկական ծավալն ամեն օր մեծացվում է։ Այս պահին 20 բժշկական կենտրոն զբաղվում է կորոնավիրուսի բուժմամբ, մահճակալային ֆոնդն ամեն օր 100-ներով ավելանում է», – նշել է նախարարը:
Հայաստանում մինչ այժմ արձանագրվել է կրկնավարակի 540 դեպք։
Այս պահին 15168 մարդ գտնվում է փաստացի բուժման մեջ։
Համավարակի մեկնարկից ի վեր Հայաստանում արձանագրվել է վարակի 192 639 դեպք, որոնցից 173 064-ն արդեն ապաքինվել է, 4 407-ը՝ մահացել (3 515 հոգի մահացել է կորոնավիրուսից, ևս 892 վարակակիր, ըստ ԱՆ-ի, մահացել է «այլ պատճառով»)։
Վերջին մեկ օրվա ընթացքում 6354 թեստավորում է իրականացվել․ 18%-ը՝ դրական արդյունքո։ Գրանցվել է վարակի 1148 նոր դեպք։ Նախօրեին 459 մարդ առողջացել է, 20՝ մահացել (18 հոգի, ըստ նախարարության, մահացել է կորոնավիրուսից, ևս 2 հոգի՝ «այլ պատճառով»)։
Կորոնավիրուսից օրական մոտ 20 մարդ է մահանում։ Ամեն օր հաստատվող դեպքերի թիվը վերջին շաբաթվա ընթացքում մեծամասամբ գերազանցում է 1000-ը։