Պատերազմից կես տարի անց կան զոհված զինծառայողների մարմիններ, որոնք դեռևս չեն նույնականացնել։
Առողջապահության նախարարն ավելի վաղ նշել էր, որ խոսքը մոտ 210 փորձանմուշների մասին է, որոնց հետ «շատ բարդ է աշխատել»։
Մասունքների մի մասը այնքան են վնասված, որ մի քանի անգամ փորձաքննության ենթարկվելուց հետո՝ միևնույնն է չեն նույնականացվել։ Նախարարությունից հայտնել են, որ մտադիր են այդ նմուշներն ուղարկել արտերկիր՝ նոր փորձաքննության։
Տասը օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մարտի 20-ի դրությամբ հայկական կողմն ունի պաշտոնապես հաստատված 3250 զոհ, որոնցից 189-ը՝ դեռևս չնույնականացված։
Կա նաև անհետ կորածների ծավալուն ցուցակ։ Քանի հոգի է համարվում անհետ կորած՝ պաշտոնյաները չեն նշում։ Փաշինյանը հավաստիացնում է, որ ցուցակը դեռ պետք է ճշգրտվի, բայց «զոհերի թիվը 4000-ից չի անցնի»:
Ղարաբաղում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, շարունակվում են նաև որոնողական աշխատանքները․ առ այսօր հայտնաբերվել կամ հայկական կողմին է փոխանցվել 1524 աճյուն։