Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում հոսպիտալներում և հիվանդանոցներում զինծառայողների, ոստիկանների, ԱԱԾ սահմանապահ զորքերի, կամավորների շրջանում եղել է մինչև 11 հազար վիրավոր և հիվանդ, իսկ առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն է ձեռք բերել 885 մարդ։ Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտնել է ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ գնդապետ Գեղամ Փաշիկյանը։
Պաշտոնյան հավելել է, որ ներկայումս փաստացի բուժում է ստանում շուրջ 1500 զինծառայող։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 20-ին հայտարարել է, որ հայկական կողմը նույն օրվա դրությամբ ունի պաշտոնապես հաստատված 3250 զոհ։
«Մենք այսօրվա դրությամբ ունենք 189 ծնող, ովքեր ԴՆԹ նմուշ են հանձնել և սպասում են պատասխանի:
Ունենք անհետ կորածների բավականին մեծ ցուցակ։ Այդ ցուցակը պետք է ճշգրտվի, որովհետև ցուցակից վերջին ամիսներին 10 մարդ հայտնաբերվել է ամենատարբեր հանգամանքներում, նույնիսկ՝ «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանից մեկնելու փորձի ժամանակ։ Եթե ինչ-որ նոր հանգամանք չբացվի, ինչը շատ քիչ հավանական է, մեր զոհերի թիվը 4000-ից չի անցնի: Սա շատ մեծ թիվ է», – ասել է Փաշինյանը։
Հայկական կողմն առ այսօր հրապարակել է 2652 զոհված զինծառայողի անուն։
Որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ, հայտնել է Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Մինչ այժմ հայտնաբերվել է 1523 մարմին։