2021 թվականի մարտի 18-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբանների հայցը՝ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում Ս․ Մ․-ի վերաբերյալ կազմված բժշկական փաստաթղթերում «որպես թմրամոլ» առկա գրառումներն ու հաշվառումը վերացնելու պահանջի մասին։
Այս գործի կարևորությունը, ըստ ՀՔԱՎ փաստաբան Սամսոն Գալստյանի, նրանում է, որ անձանց «որպես թմրամոլ» հաշվառելու լիազորությամբ օժտված կազմակերպությունները հիմնականում ապօրինի, առանց օրենքով նախատեսված ընթացակարգերի պահպանման, հաշվառում են «որպես թմրամոլ»՝ դրանով սահմանափակելով քաղաքացիների իրավունքները, իսկ այս վճիռը զսպողական դեր պետք է ունենա այդպիսի կազմակերպությունների համար։
Ս․ Մ․-ը ճանապարհային ոստիկանությունում գործարք կատարելիս էր տեղեկացել, որ իր վարորդական վկայականը կասեցված է, քանի որ ինքը հաշվառված է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ս․ Մ․-ը երբևէ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ չի ունեցել, թմրանյութեր չի օգտագործել, այդ խնդրով բուժման նպատակով երբևէ չի դիմել բժշկի՝ ՀՔԱՎ փաստաբանը դիմում է ներկայացրել Գյումրու հոգեկան առողջության կենտրոն և պահանջել վերացնել նրա վերաբերյալ կազմված բժշկական փաստաթղթերում «որպես թմրամոլ» առկա գրառումներն ու հաշվառումը։ Միաժամանակ խնդրել է տրամադրել Ս․ Մ․-ի վերաբերյալ իրենց տրամադրության տակ գտնվող բոլոր փաստաթղթերի պատճենները:
Դրան ի պատասխան՝ Բժշկական կենտրոնը հայտնել է, որ Ս․ Մ․-ի իրավունքները «իբրև» չեն խախտվել, և նրա հաշվառումը եղել է իրավաչափ՝ փորձագիտական լաբորատորիայի՝ թմրանյութի օգտագործման դրական արդյունքի եզրակացության հիման վրա, բայց որևէ բժշկական փաստաթուղթ չի տրամադրվել, քանի որ, ըստ Բժշկական կենտրոնի, դրանք պարունակում էին այլ անձանց բժշկական տվյալներ։
Մինչդեռ, ըստ օրենքով սահմանված կարգի, փորձագիտական լաբորատորիայի եզրակացությունը կարող է հիմք լինել միայն համապատասխան բժշկական հետազոտություն անցնելու և բժիշկ-թմրաբանի կողմից ախտորոշում ստանալու համար։ Իսկ Ս․ Մ․-ի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի բացակայությունը փաստում է այն մասին, որ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում նրան անհիմն են վերցրել հաշվառման։
Հիմք ընդունելով այս հանգամանքները՝ 2021 թվականի մարտի 18-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ամբողջությամբ բավարարեց հայցը և որոշեց վերականգնել Ս․ Մ․-ի խախտված իրավունքները։
Նշենք, որ դեռևս 2015-ին դատարանը համանման գործով, որի շրջանակում հայցվորի իրավունքների պաշտպանությունը իրականացնում էր նույն իրավապաշտպանական կազմակերպությունը, հղում անելով Կառավարության համապատասխան որոշման, իր վճռում հստակ նշել էր, որ անձին «որպես թմրամոլ» հաշվառելու համար անհրաժեշտ են բժշկական հետազոտություն և բժիշկ-թմրաբանի ախտորոշում, որոնք տվյալ դեպքում ևս չեն եղել։