Արցախում ռազմագործողություններով պայմանավորված՝ զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ սարքերի ապօրինի ձեռքբերման, հափշտակության և Հայաստանի Հանրապետություն փոխադրման դեպքերի առթիվ մարտի 15-ի դրությամբ հարուցվել է ընդհանուր 95 քրեական գործ, տեղեկացնում է Հայաստանի գլխավոր դատախազությունը։
Ըստ հաղորդագրության՝ նշված քրեական գործերից 14-ով վարույթը կասեցվել է (հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզել չի հաջողվել), 13 քրեական գործով վարույթը կարճվել է, 63 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Մարտի 15-ի դրությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ՔՕ 235-րդ և 238-րդ հոդվածիների տարբեր մասերով նախատեսված հանցանքներ կատարելու համար 39 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրանցից 9-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
4 քրեական գործ 6 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնցից 3-ով 5 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: Վերջիններիս նկատմամբ որպես պատիժ է նշանակվել ազատազրկումը․ 2 անձի դեպքում՝ 1 տարի ժամկետով, 2 անձի դեպքում՝ 2 տարի ժամկետով, 1 անձի դեպքում՝ 4 տարի ժամկետով: