Եվրոպական կարգավորիչը հայտարարել է, որ AstraZeneca պատվաստանյութը, որից եվրոպական մի շարք երկրներ հրաժարվել են, անվտանգ է։ Ֆրանսիայում կորոնավիրուսի նոր շտամ են հայտնաբերել, որը ոչ միշտ է հայտնաբերվում վիրուսային թեստերի կողմից։ Միացյալ Նահանգներում բժիշկները պատմել են նորածնի մասին, ով մոր պատվաստվելուց հետո ծնվել է արդեն հակամարմիններով։
ԵՄ կարգավորիչը վստահում է AstraZeneca պատվաստանյութին
Բուժական միջոցների եվրոպական գործակալությունը (EMA) երեկ ևս մեկ անգամ հաստատել է, որ իրենց տվյալներով AstraZeneca պատվաստանյութը թրոմբերի առաջացման հետ կապ չունի։
EMA ղեկավար Էմեր Կուկը հայտարարել է, որ պատվաստանյութի օգտակարությունը մի քանի անգամ գերակշռում է ռիսկերը։
AstraZeneca֊ի տվյալներով, Եվրոպայում պատվաստված 17 միլիոն քաղաքացիներից 37-ի մոտ թրոմբոզ է հայտնաբերվել։ Բոլոր 37 դեպքերն այժմ անհատական հետաքննության են ենթարկվում։ Մասնագետները պնդում են, որ չպատվաստված և պատվաստված մարդկանց թվում թրոմբոզ ունեցողների տոկոսային հարաբերությունները նույնն են, այսինքն, թրոմբի առաջացումը պատվաստանյութի հետ կապելու բավարար հիմքեր դեռևս չկան։
EMA-ի իրականացրած հետազոտության եզրափակիչ արդյունքները հայտնի կլինեն հինգշաբթի օրը։
Մի շարք երկրներ, այնուամենայնիվ, ժամանակավորապես դադարեցրել են AstraZeneca պատվաստանյութի ներարկումները։ Այդ ցանկում են, մասնավորապես Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան, Պորտուգալիան, Սլովենիան, Իսլանֆիան, Իռլանդիան, Նորվեգիան, Դանիան, Նիդերլանդները, , Լատվիան, Շվեդիան, Ինդոնեզիան և Վենեսուելան։ Այս երկրներից շատերը հայտարարել են, որ պատվաստման լայնամասշտաբ ծրագիրը առկախել են մինչև EMA-ի հետազոտության արդյունքների հրապարակումը՝ հանրության շրջանում պատվաստանյութի նկատմամբ անվտահությունը փարատելու նպատակով։
Թաիլանդի իշխանություններն էլ, հակառակը, հետ կանգնեցին AstraZeneca-ով զանգվածային պատվաստումը չեղարկելու որոշումից։ Երեկ այդ վակցինայով առաջինը պատվաստվեց վարչապետ Պրայուտ Չան֊Օչան․ «Որոշ մարդիկ կասկածում են, բայց մենք պետք է հավատանք բժիշկներին, հավատանք բժշկության ոլորտի պրոֆեսիոնալներին»։
AstraZeneca-ով պատվաստվելու մտադրության մասին հայտարարել են նաև Ավտրալիան և Կանադան։ Բրիտանիայում այս պատվաստանյութի ներարկումներ են ստացել միլիոնավոր քաղաքացիներ։ Բրիտանական կարգավորիչը պնդում է, որ մշտադիտարկման տակ են բոլոր պատվաստվածները։
Ֆրանսիայում հայտնաբերված նոր շտամը չի հայտնաբերվում սովորական թեստերով
Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են երկրում կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման մասին։ Նախնական գնահատմամբ, այն ավելի վտանգավոր կամ հեշտ տարածվող չէ, բայց ունի այլ տարօրինակ առանձնահատկություն․ այս նոր շտամով վարակված մարդիկ ունենում են կորոնավիրուսի բոլոր սովորական ախտանշանները, բայց թեստի պատասխանը բացասական է լինում։
ԱՄՆ-ում կորոնավիրուսի հակամարմիններով երեխա է ծնվել
Ֆլորիդայում աշխատող մանկաբույժներ Փոլ Գիլբերտն ու Չեդ Ռուդնիկը հայտարարել են առաջին (որքանով իրենց է հայտնի) նորածնի մասին, ով լույս աշխարհ է եկել քովիդ-19-ի հակամարմիններով։
Բժիշկ Գիլբերտի խոսքով, հունվարին առողջապահության համակարգի հղի աշխատակցուհին ծննդաբերությունից ընդհամենը 3 շաբաթ առաջ պատվաստվել էր Moderna պատվաստանյութով։
Ծննդաբերությունից անմիջապես հետո պորտալարից արյան նմուշ են վերցրել։ Հետազոտությունից հետո հաստատվել է, որ երեխան ծնվել է հակամարմիններով, որոնք կարող էին ժառանգվել միայն մորից։ Ընդ որում, մոր հակամարմինները կարող էին առաջանալ բացառապես պատվաստանյութի միջոցով, քանի որ մայրը կորոնավիրուսով երբևէ վարակված չի էլ եղել։