Ռուսական «Գազպրոմ Էքսպորտն» ու ադրբեջանական «Սոկարը» նախօրեին կարճաժամկետ պայմանագիր են կնքել, որը ենթադրում է, որ ռուսական գազը ժամանակավորապես Հայաստան կփոխադրվի Ադրբեջանի տարածքով:
«Գազպրոմ էքսպորտի» հաղորդմամբ, պատճառը Ռուսաստանը, Վրաստանն ու Հայաստանն իրար կապող «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի վերանորոգումն է։
«Ենթադրվում է, որ աշխատանքները կտևեն 3 շաբաթ, այնուհետև ռուսական գազը Հայաստան կհասնի արդեն հին տարբերակով՝ Ռուսաստանից Վրաստան», – ըստ ՏԱՍՍ-ի, ասել է «Գազպրոմ Էքսպորտի» ներկայացուցիչը:
Վառելիքն անմիջականորեն Ադրբեջանից Հայաստան չի փոխադրվելու: Այն Ադրբեջանի տարածքով՝ տարանցիկ վճարով, մարտի 17-ին կփոխադրվի Վրաստան, որտեղից նոր կհասնի Հայաստան: Տարանցիկ վճարի չափը հայտնի չէ:
2020 թվականի ընթացքում «Գազպրոմը» Հայաստան է փոխադրել 2 մլրդ 209 մլն խորանարդ մետր բնական վառելիք: 2021 թվականի հունվարին մատակարարման ծավալն ավելացել է 9 տոկոսով։