Սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռութային սակագինը 1000 խորանարդ մետրի դիմաց 255.06 դոլարից սահմանվում է 266.71 դոլար։ Նման որոշում կայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։
Որոշման արդյունքում կփոփոխվի գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների, վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող բնական գազի գինը՝ 1000 խմ-ի դիմաց 212 դոլարից դառնալով 224 դոլար:
Որոշակի սակագնային փոփոխություն է սպասվում նաև ամսական 10 հազար խմ գերազանցող սպառողների համար. 1000 խմ-ի դիմաց 242.1 դոլարի փոխարեն կդառնա 255.91 դոլար։ Վերջինների թվում հիմնականում ԱԳԼՃԿ-ներն են։
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունն առաջարկել էր սակագինը դարձնել 283.14 դոլար։ Ապրիլի 1-ին ներկայացրած սակագնի փոփոխությունների հայտի մեջ ներառված էր նաև բնակիչ-բաժանորդների համար սակագնի փոփոխությունը, սակայն վերջնարդյունքում ՀԾԿՀ-ն իր առաջարկած տարբերակն ընդունեց։
Որոշումն ուժի մեջ կմտնի 30 օրից։
«Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը նիստի ժամանակ ասաց, որ ընկերությունն ընդունելի է համարում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտեցումը գազի սակագների հարցում, սակայն՝ ոչ բավարար: Նրա կարծիքով՝ Հանձնաժողովի առաջարկած 1000 խորանարդ մետր գազի 266.7 դոլար միջին սակագինը բավարար չէ և պետք է սահմանվի ոչ պակաս, քան 275 դոլար։
Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ առնվազն հիմա անհատ սպառողների համար գազի գինը չի թանականա: Այս սպառողների համար, հավանաբար, տեղի կունենա «ոչ էական չափով» թանկացում, եթե ահմանին գազի գնի փոփոխություն, իհարկե, չլինի։ Լրագրողների հետ զրույցում նա ասել էր, որ սահմանին գազի գինը չթանկացնելու շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները դեռ շարունակվում են։
Իսկ թե ինչո՞ւ է Հայաստանը դատապատրված գազային ստրկության, պատմում է Փաստերի ստուգման հարթակի ուսումնասիրությունը։
Այն մասին, որ Հայաստանը ռուսական գազը 2․8 անգամ ավելի մեծ գնով է ստանում, քան Եվրոպան, կարելի է կարդալ այստեղ։