Home / Կրթություն / Նորակառույց թաղամասի բնակիչներին դեմ տվեցին Գազպրոմի 1,5 միլիոնանոց դպրոցը

Նորակառույց թաղամասի բնակիչներին դեմ տվեցին Գազպրոմի 1,5 միլիոնանոց դպրոցը

Երևանի Զեյթուն և Ավան թաղամասերի արանքում ընկած Ծարավ Աղբյուր փողոցի նորակառույց շենքերի բնակիչները պահանջում են դպրոց և մանկապարտեզ կառուցել թաղամասում։ Բնակարանները իրենք ձեռք են բերել 2018-ի հեղափոխությունից առաջ արտոնյալ վարկավորմամբ՝ որպես «երիտասարդ մասնագետներ»։ Մեկ քառակուսի մետրը վաճառվել է 400-500 դոլարով։ Մայիսի 6-ի ասուլիսը լուսաբանող լրագրողների մի մասը նույնպես ադ թաղի բնակիչներն են։

Խոստացված հանրակրթական դպրոցի տարածքում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դպրոց է կառուցել, որում ուսանելու տարեկան վճարը 1.5 մլն դրամ է։

Կառուցապատողը վերջերս քանդել է բնակիչների ջանքերով կառուցած ավտոկայանատեղին և արմատախիլ արել իրենց կողմից տնկած ծառերը։

«Խնդիրն այն է, որ 1500 բնակարանանոց թաղամասը ոչ մի կերպ չի հարմարվում այն մտքին, որ պետք է ևս մեկ բազմաբնակարան շենք կառուցվի այստեղ, քանի որ պրոբլեմները շատ մեծ են: Թաղամասը կառուցվել է շինարարական նորմի խախտումներով, այսինքն՝ հանրային դպրոց, մանկապարտեզ հասկացություն չկա, կա վճարովի մեկ դպրոց, որի արժեքն այնքան բարձր է, որ բնակիչները հնարավորություն չունեն այդ դպրոց իրենց երեխաներին ուղարկել», – ասել է շենքերի համատիրության ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ այդ տարածքում, որ հիմա կառուցում են այդ շենքը, եթե չկառուցվի դպրոց, ապա այլ հնարավորություն իրենք չեն ունենա: «Հիմա սպասում ենք քաղաքապետարանի պատասխանին, թե ինչ ենք ուզում, մենք բնակիչներով մայիսի 5-ին գրավոր տեսքով ներկայացրել ենք քաղաքապետարան», – ընդգծեց նա:

Բնակիչ․ «Թաղամասում կա շուրջ 2000 դպրոցական և մանկապարտեզի երեխա։ Մի քանի տարի առաջ թաղամասի կենտրոնում ընդարձակ տարածք «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից սոցիալական պրոեկտի անվան տակ զավթվեց, գործարկումից հետո պարզվեց, որ սոցիալական չէ: Կառուցվել է դպրոց և մանկապարտեզ, դպրոցի տարեկան վարձը 1 մլն 500 հազար դրամ է, մանկապարտեզինը՝ 160 հազար դրամ և երիտասարդ ընտանիքները, որոնք բնակարանները հիպոթեքով են գնել և ունեն ֆինանսական ծանր բեռ, չեն կարող իրենց թույլ տալ նման բան»։