Սերժ Սարգսյանին պետք է դատել 2013 թվականի «գազային» համաձայնագրի համար, Ֆեյսբուք սոցցանցի իր էջում գրել է հասարակական գործիչ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
«Կարդում եմ 2013 թվականին ստորագրված հայ-ռուսական գազային համաձայնագիրը ու հասկանում եմ, որ դրանից ելք-լուծում թողած չի: Ո՛չ կարանք Իրանից էժան գազ առնենք (ու այդ էժան գինը սակագնի հիմքում դնենք), ո՛չ կարանք «Գազպրոմից» պահանջենք, որ խելքին մոտ գնով մեզ գազ մատակարարի… ոչ մի ձև չկա:
Սերժ Սարգսյանի կառավարության ստորագրած պայմանագրով, ըստ էության, Հայաստանը պարտավորվել է ապահովել, որ մինչև 2043 թվականը Կրեմլը ինչ գնով ուզի՝ այդ գնով էլ սպառենք կապույտ վառելիքը:
Սերժ Սարգսյանը Մոսկվային 30 տարով հանձնեց Հայաստանում գազի գին սահմանելու իրավունքը՝ առանց որևէ սահմանափակման:
Սա այն դեպքն է, որ բացի ռուսներին խնդրելուց ուրիշ լծակ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը չեն թողել: Ազնվությամբ չգիտեմ, թե ինչ պիտի արվի:
Միակ բանը, որ հստակ է՝ Սերժ Սարգսյանին պետք է դատել ոչ թե դիզել գողանալու, այլ հենց այս պայմանագիրը ստորագրելու համար: Մեր պետության ապագան այս աստիճան փակող այլ գործողություն անկախության տարիներին չի եղել:
Հ.Գ. Ասեմ, որ ապրիլ ամսին Եվրոպա ռուսական գազը մատակարարվել է միջինում 59 դոլար/1000խմ գնով, իսկ Հայաստան՝ 165… Եվ եթե Պուտինը ձախ ոտքով զարթնի ու որոշի 165-ը դարձնել, ասենք, 500, Սերժ Սարգսյանի շնորհիվ մենք ոչինչ չենք կարողանա անել (գոնե, մինչև 2043 թիվը)», – գրել է Իոաննիսյանը։