Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը այսօր այցելել է Ազգային ժողով՝ մասնակցելու 2016թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստին։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամները նրա պաշտոնավարման օրոք տիրացել են զանազան բիզնեսների և կուտակել ֆինանսական կարողություններ, որոնք տնօրինում են մինչ այժմ։ Հիշեցնենք նաև, որ Ապրիլյան քառօրյայի զոհերի բացարձակ մեծամասնությունը աղքատ և ծայրահեղ աղքատ ընտանիքների զավակներ էին։
Խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ հայտնել էր, որ Ապրիլյան պատերազմին վերաբերող մի քանի տասնյակ հարցեր են նախապատրաստել՝ ուղղված նախկին նախագահ Սարգսյանին, այդ թվում՝ հարցեր, որոնց պատասխանը հանձնաժողովն ակնկալում էր ստանալ Զինված ուժերի Գլխավոր շտաբի արդեն նախկին պետ Յուրի Խաչատուրովից, որը քննիչ հանձնաժողով ներկայանալ հրաժարվել էր:
Հանձնաժողովի նիստին ընդառաջ տեղանքն ուսումնասիրելու համար ԱԺ էին եկել Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցները։ Ավելի ուշ խորհրդարան ժամանեց նաև պաշտոնաթող Սարգսյանը։ Լրագրողների հարցերին պատասխանել նա հրաժարվեց, սակայն խոստացավ, որ արտակարգ դրության ավարտից հետո ասուլիս կհրավիրի և կանդրադառնա Ապրիլյան պատերազմին վերաբերող հարցերին:
Քիչ անց նախկին նախագահի գրասենյակը հայտարարություն հրապարակեց, որում, մասնավորապես, ասված է, որ «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ազգային ժողով` ներկա գտնվելու ․․․ քննիչ հանձնաժողովի նիստին և պատասխանելու թեմայի վերաբերյալ հանձնաժողովի անդամներին հետաքրքրող հարցերին, տրամադրելու այն տեղեկությունները, որոնց, ենթադրաբար, չեն տիրապետում հանձնաժողովում: Նախագահ Սարգսյանը համաձայնել է մասնակցել այդ լսումներին, քանի որ իր պարտքն է համարում փակել ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված բոլոր տեսակի շահարկումների թեման»:
Հայտարարությունում, այնուհետև, խոսվում է չորս տարի առաջ «հակառակորդի նենգ հարձակման», Սերժ Սարգսյանի մեր բանակով հպարտության, մեր տղաների «առանձին արիության», «ապրիլյան քառօրյայի զինվորների»՝ իրենց «հերոս հայրերին ու պապերին» գերազանցելու, Ադրբեջանի «էլիտար» ստորաբաժանումներին ջախջախելու և կանգնեցնելու մասին։
«Իմ մտքերն ու աղոթքները պատերազմում որդիներ կորցրած յուրաքանչյուր ընտանիքի հետ են։ Ես խոր ցավով սգում եմ մեր նահատակված տղաների մահը և ափսոսանքով փաստում, որ այս ու ցանկացած այլ պատերազմում անհնարին է փրկել բոլորին: Հողը արյունով են պահում: Եվ փառք բոլոր նրանց, ում արյամբ է ներծծված հող հայրենին: Հանուն հայրենիքի նահատակված մեր զինվորների հարազատները միայն ու միայն մեծագույն հպարտություն պետք է ապրեն իրենց որդիների համար և ոչ մի դեպքում չտրվեն սադրանքների: Ոչ ոք իրավունք չունի կեղտոտ կասկածներով պղտորել նրանց մտքերն ու ավելորդ անգամ ցավեցնել նրանց հոգիները: Առաջին հերթին այդպիսիներին չեն ների գիտակցված մահն ընտրած և անմահացած մեր տղաները», – Սերժ Սարգսյանի անունից գրված է հայտարարությունում։
Հայտարարության համաձայն, Սարգսյանը վստահ է նաև, որ «եթե ցանկանում ենք ոչ մի կորուստ չունենալ, ապա պետք է հրաժարվենք մեր իսկ հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու ազգային նպատակից»։ Նա կարծում է, որ «պատերազմից հետո դիվանագիտական ճակատում հակառակորդի հետ բանակցությունները պետք է բերեն խաղաղության և ապահովեն այդ համաձայնության իրագործումը, սակայն ոչ ի հաշիվ մեր ժողովրդի կենսական շահերի» և որ «սա սոցիալական ցանցերի համար նախատեսված «լայվ-շոու» չէ, սա միջազգային ռեալ-քաղաքականություն է` նաև հետնաբեմում ընթացող գործողություններով»։
«Ինքս էլ հարցեր ունեմ պատերազմի բոլոր կանոնների համաձայն՝ հայոց բանակի հաղթանակի վերաբերյալ որոշ ուժերի կողմից հասարակության մեջ մութ կասկածներ սերմանելու, զանազան շահարկումների, ապրիլյան պատերազմի խնդրով խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակի և մի շարք այլ թեմաներով: Սրանց դեռ միասին կանդրադառնանք և եզրակացություններ կանենք: Իսկ այսօր այդ հանձնաժողովի նիստում պատրաստվում եմ ուղիղ նայելով հանձնաժողովականների աչքերին` ասել այն, ինչ գիտեմ ու նաև այն, ինչ մտածում եմ…», – ամփոփում է հայտարարությունը։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը համաձայնել էր մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին պայմանով, որ հանձնաժողովը նիստի տեսաձայնագրության մեկ տարբերակը կտրամադրի նաև իր գրասենյակին։ Հանձնաժողովը այս նախապայմանը բավարարել էր։
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովն ստեղծվել է 2019 թվականի հունիսին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Հիմնական նպատակն է՝ հասկանալ, ի՞նչ է տեղի ունեցել 2016 թվականի ապրիլին, արդյո՞ք կորուստները համաչա՞փ են եղել, թե՞ ոչ, հնարավո՞ր էր արդյոք նվազեցնել դրանք, որո՞նք են մարդկային, տարածքային կորուստների հիմնական պատճառները, ո՞ր ստորաբաժանման ղեկավարներն են հիմնական թերացողներն, ինչպե՞ս շտկել իրավիճակը զինված ուժերում եւ այլն։ Հանձնաժողովը ստեղծվել էր վեց ամիս ժամկետով՝ ևս վեց ամիս ժամկետ ավելացնելու հնարավորությամբ։ Այն աշխատում է դռնփակ նիստերի ձևաչափով: Նշված ժամկետի վերջում քննիչ հանձնաժողովը հանդես է գալու ամփոփիչ եզրակացությամբ։ Մի շարք նախկին և ներկա պաշտոնյաները, այդ թվում՝ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, արդեն իսկ ներկայացել են հանձնաժողովի նիստին և պատասխանել հանձնաժողովականների հարցերին։