Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը հաստատել է ներկա ու նախկին պաշտոնյաների անվանացանկը, որոնք պարզաբանումներ ներկայացնելու նպատակով հրավիրվելու են հանձնաժողովի նիստերին, «Հայկական ժամանակ» օրաթեթի հետ զրույցում հայտնում է հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովն իր աշխատանքները սկսել է մեկ ամիս առաջ։ Հանձնաժողովի նախագահի խոսքով, հանձնաժողովի աշխատանքի հիմնական նպատակն է հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունեցել 2016 թվականի ապրիլին, արդյո՞ք կորուստները համաչա՞փ են եղել, թե՞ ոչ, հնարավո՞ր էր արդյոք նվազեցնել դրանք, որո՞նք են մարդկային, տարածքային կորուստների հիմնական պատճառները, ո՞ր ստորաբաժանման ղեկավարներն են հիմնական թերացողներն, ինչպե՞ս շտկել իրավիճակը զինված ուժերում եւ այլն։
«Հիմնական պատասխանատուները, որոնք առնչվել են ապրիլյան գործողություններին, այդ ցուցակում կլինեն։ Պետք է նայենք՝ ինչպիսի ընթացակարգ են անցել այդ ժամանակ կայացրած որոշումները, ինչքանով են համապատասխան եղել իրավիճակին, ― ՀԺ-ի հետ զրույցում ասել է Քոչարյանը, ― Հանրության մոտ բազմաթիվ հարցրեր են առաջացել, մենք պետք է կարողանանաք դրանք բարձր մակարդակով ի հայտ բերել մեր եզրակացությունների մեջ»։
Թեև հրավիրյալների ցանկն արդեն հաստատված է, հերթականությունը դեռևս սահմանված չէ․ թե առաջինը ով պետք է ներկայանա նիստին և պատասխանի պատգամավորների հարցերին՝ կորոշվի փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա։ Հանձնաժողովն ուսումնասիրելու է բոլոր (այդ թվում նաև գաղտնիության ռեժիմ ունեցող) պաշտոնական փաստաթղթերը, որոնք գտնվում են Պաշտպանության նախարարության կամ այլ պետական գերատեսչությունների տրամադրության տակ, ուսումնասիրվելու են նաև ապրիլյան պատերազմի վերաբերյալ բոլոր հրապարակումները ու ֆիքսված տեսակետները։ Ավելի վաղ Քոչարյանը հայտնել էր, որ հանձնաժողովի նիստերին՝ նախկին և գործող պաշտոնյաներից բացի, հրավիրվելու են նաև ապրիլյանին մասնակցած զինծառայողները, զոհված զինվորների հարազատներն ու ծառայակիցները։ Նրա խոսքերով, այս ամիս արդեն կլինեն մարդիկ, որոնց իրենք կլսեն։ Հանձնաձողովի անդամները հրավիրյալներին լսելու են ամբողջ կազմով, փաստաթղթերի վրա աշխատելու են առանձին-առանձին։
Հիշեցնենք, որ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը իր աշխատանքները սկսել է մեկ ամիս առաջ։ Այն ստեղծվել էր Նիկոլ Փաշինյանի հրահանգով՝ վեց ամիս ժամկետով (ևս վեց ամիս ժամկետ ավելացնելու հնարավորությամբ)։ Հանձնաժողովն աշխատում է դռնփակ նիստերի ձևաչափով: Նշված ժամկետի ընթացքում այն հանդես է գալու ընթացիկ ցեկույցներով, իսկ ժամկետի վերջում՝ ամփոփիչ եզրակացությամբ։