Ազգային ժողովում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մայիսի 10-ին ներկայացրել է դատախազության 2018 թվականի գործունեության մասին հաղորդումը։ Զեկույցը, նախորդ տարիների պես, կրում էր, մեծ հաշվով, ֆորմալ բնույթ և հատուկ ուշադրության արժանի չէր։ Սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ դատախազին հակադարձեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ով համառոտ անդրադարձավ բանակում տիրող իրավիճակին, որի մասին տարիներ շարունակ փորձում էին բարձրաձայնել որոշ իրավապաշտպաններ, ակտիվիստներ, լրագրողներ։
– Համաձա՞յն եք, որ վերլուծության համար ընտրված ձևը, նկատի ունեմ, թվերի մեխանիկական համադրումը և ընտրված կարճ ժամանակահատվածը հնարավորություն չի տալիս խորը և օբյեկտիվ պատկերացում կազմել զինված ուժերում տիրող քրեածին իրավիճակի և, ինչն ավելի կարևոր է այս դեպքում, իրական պատճառների մասին։ Ցանկալի կլիներ, պարոն Դավթյան, նկատի ունենալով ոլորտի առանձնահատկությունները բնութագրել բանակում տիրող քրեածին իրավիճակը՝ շեշտը դնելով պատճառների, իրականացված և նախատեսվող կանխարգելիչ միջոցառումների վրա, որոնք կարող են ազդեցություն ունենալ բանակի մարտունակության բարձրացման գործում։ Այնուհանդերձ, մենք թեկուզ և թերի, բայց որոշ չափով հնարավորություն ունեցանք ծանոթանալու քրեածին իրավիճակին․ ներկայացվեց քրեական վիճակագրություն, քրեական-հետախուզական ու քննչական աշխատանքին վերաբերող ցուցանիշներ, նույնիսկ դատական վիճակագրություն, սակայն մենք այդպես էլ չիրազեկվեցինք զուտ դատախազական, այսինքն՝ ձեր կողմից կատարված աշխատանքների մասին, հատկապես նախկին տարիների հետ համեմատության մեջ։ Այժմ ուզում եմ կանգ առնել միայն մի քանի ցուցանիշների վրա, որոնք, իմ կարծիքով, ավելի քան մտահոգիչ են, եթե չասեմ՝ շատ աղետալի։
Խոսքս, նախևառաջ, վերաբերվում է սպաներին։ Ձեր զեկույցից տեղեկանում ենք, որ 2018 թ․ ընթացքում քրեական պատասխանատվության է կանչվել 138 սպա։ Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության ռազմական հաստատությունները տարվա կտրվածքով պատրաստում են ավելի քիչ թվով սպաների։
Ավելին՝ դուք նշում եք, որ 2018 թ․ հանցագործություն կատարած զինծառայողների թվաքանակում սպաների տեսակարար կշիռը կազմում է 25.7% և միտում ունի ավելանալու, քանի որ նախորդ տարվա հետ համեմատած դա եղել է 21․7%, եթե չեմ սխալվում։ Նույնիսկ չեմ ուզում փաստել, որ հանցագործություն կատարած ժամկետային զինծառայողների տեսակարար կշիռը կազմում է 54.7%, քանի որ կստացվի, որ սպաները համեմատական թվաքանակով ավելի շատ հանցագործություն են կատարում, քան ժամկետային զինծառայողները։
Սա ոչ թե ամոթալի, այլ աղետալի երևույթ է։ Մենք չլսեցինք, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել նման աղաղակող փաստերին օրենսդրական, իրավական կամ այլ՝ զուտ մասնագիտական լուծումներ տալու ուղղությամբ՝ բացի դասախոսություններից և այսպես կոչված զրույց-զեկույցներից, որոնց արդյունավետությունը այս թվերի առկայության պարագայում ակնհայտորեն բավարար չէ և կարող է միայն առաջացնել տարակուսանք։
Հաջորդ ոլորտը, որի վրա կուզեի ձեր ուշադրությունը հրավիրել, ինքնասպանություններն են, որոնք բացի լուրջ ահազանգից բանակում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի մասին, առաջացնում են մեծ հասարակական դժգոհություն՝ խաթարելով հասարակության հավատը բանակի նկատմամբ։
Ձեր ներկայացված թվերի համաձայն, արձանագրվել է ինքնասպանության և դրան հասցնելու 11 դեպք։ Ցավոք, այդ ցուցանիշները տարանջատված չեն, մինչդեռ մեկը դժբախտություն է, իսկ մյուսը՝ հանցագործություն։ Բացի դրանից, նախադեպերը հուշում են, որ դրանց գերակշիռ մասը ինքնասպանության հասցնելու դեպքեր են։ Հակառակ դեպքում, մենք գործ ունենք զորակոչի ընթացքում կատարված թերացումների հետ, այսինքն՝ հոգեբանական խնդիրներ ունեցող նորակոչիկներին հայտնաբերելու անկարողության հետ։ Դրա հետ մեկտեղ, բերված թվերից երևում է, որ ինքնասպանության հետևանքով ունեցած մեր կորուստները 4-ով գերազանցում են այն կորուստները, որոնք մենք կրել ենք հակառակորդի կրակոցից․ 2018 թվականի համար դրանք եղել են 7-ը։
Բանակում տիրող ոչ բարվոք քրեածին վիճակի գագաթնակետն է Մեղրիի գնդում կատարված դեպքը, որը, սակայն, այլ խոսակցության նյութ է, որին, ես կարծում եմ, թե մեր հանձնաժողովը, թե հետագայում Պաշտանության նախարարության և ձեզ հետ մեկտեղ, մենք լուրջ ուսումնասիրելու խնդիր ունենք։ Որովհետև դա այդպես էլ մնաց ստվերում, իսկ դա ուներ խորքային պատճառներ, որոնք վերաբերվում են նաև բանակում տիրող ձեր ներկայացրած թվերին, քրեածին իրավիճակին։
Այսպիսով՝ կարծում եմ, որ անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամկետում միասին, պարոն Դավթյան, և Ազգային ժողովի թե մեր հանձնաժողովը, թե Գլխավոր դատախազությունը պետք է ստեղծենք աշխատանքային խումբ՝ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների ամենաբարձր մակարդակով, խնդիրը բազմակողմանի ուսումնասիրելու և համալիր լուծումներ գտնելու համար։
Գուցե իրավիճակի հնարավորինս արագ շտկման նպատակով կարելի է կիրառել նաև վիրաբուժական մեթոդներ։ Որովհետև մենք ունենք զինվորական դատախազություն, որտեղ զրույցները էֆեկտիվ չեն։ Զինվորական դատախազությունը ինքը պետք է լինի վերահսկողության իր մեխանիզմներով նաև այն հիմնական գործիքակազմի մեջ, որը պետք է ոչ միայն հետևի, այլ նաև լուծումներ առաջարկի։ Եվ գուցե նաև այդ հարթակում էլ Ազգային ժողովի հետ կան մեծ անելիքներ։ Այսքանն էի ուզում ասեի, այն, ինչ վերաբերում էր բանակի թեմային։ Շնորհակալություն։