Գյումրու բնակիչ 19-ամյա Ռոբերտ Հովհաննիսյանին ձմեռային զորակոչի վերջին օրը զորակոչում են բանակ, բայց քանի որ տղան սրտի հետ կապված խնդիրներ ունի, ոչ թե տանելու են զորամաս, այլ միանգամից զինվորական հոսպիտալ։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է նրա մայրը՝ Ռուզաննա Հովհաննիսյան։
Մեկ անգամ արդեն տղան 5 ամսով տարկետում է ստացել «սրտի ռիթմի խանգարում ախտորոշմամբ»։ Գիշերային ժամերին, մոր խոսքով, տղայի սրտի կծկումների հաճախականությունը դանդաղում է (դանդաղասրտություն), ճնշման հետ կապված խնդիրներ ունի․ «Քայլելիս շուտ է հոգնում, ձեռքերի մեջը քրտնում է։ Եթե մի քանի կիլոգրամ բան վերցնի, շնչահեղձ է լինում»։
Այս տարվա ձմեռային զորակոչի ընթացքում Պաշտպանության նախարարությանը կից հասարակական խորհուրդը միջնորդել է, որ տղան անցնի ստուգիչ հետազոտություն։ Սակայն դեկտեմբերի 24-ին գլխավոր կոմիսարիատում որոշել են, որ տղային այնուամենայնիվ տանելու են բանակ։
«Ասացի՝ սրտի խփոցներ ունի, ճնշումը տատանվում է։ Գեներալն ասաց՝ դու բուժքո՞ւյր ես, դու գիտե՞ս։ Ասաց՝ հասարակական խորհրդի որոշումն ինձ համար ոչինչ է, հենց քո տղային տանելու ենք բանակ», -պատմում է մայրը։
Այսօր Ռոբերտ Հովհաննիսյանին և ևս 12 զորակոչիկների, որոնք ունեն առողջական խնդիրներ, բերել են Կենտրոնական հավաքակայան։
«Այսօր էլ տղաս ասել է, որ չի կարողանում վազել, շունչը կտրվում է, ասել են՝ կզորակոչենք, բայց կտանենք հոսպիտալ՝ նորից ստուգման։ Նոր մի տղայի էլ, որն ուներ սրտի խանգարում, ասել են՝ բարի ծառայություն», -պատմում է մայրը, որն առավոտվանից տղայի հետ սպասողական վիճակով Կենտրոնական հավաքակայանում է։
Այս պահին Ռոբերտը քննիչի մոտ է։ Նրան մեղադրում են, որ փորձել է խուսափել ծառայությունից։ Մեկ անգամ նա արդեն հրաժարվել է վերցնել ծանուցումը՝ պահանջելով կրկնակի հետազոտություն։
«Բայց տղաս չի խուսափել ծառայությունից։ Մենք անընդհատ կապի մեջ ենք եղել մեր տարածքային զինկոմիսարիատի հետ», -ասում է մայրը։