Նախկին զինվորական 30-ամյա Դավիթ Հակոբյանը պնդում է, որ 2011 թվականին Մուրացանի հոսպիտալում իրեն սխալ վիրահատության են ենթարկել, որից հետո նա դարձել է 1-ին կարգի հաշմանդամ։
Պաշտպանության նախարարությունից տարիներ շարունակ խոստացել են նրան ուղարկել արտասահման բուժման, սակայն այդպես էլ չեն արել։ Իր վրա ուշադրություն հրավիրելու համար՝ Դավիթը 2015 թվականին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Բաղրամյան 26-ում, Մուրացանի զինվորական հոսպիտալում և այն ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գրասենյակում ռումբ կա։
Դավիթին` բուժման ուղարկելու փոխարեն, ուղարկել են բանտ, որտեղ նա պահվել է 1 տարի և 4 ամիս։ Հետո համաներմամբ ազատ են արձակել։
Օրեր առաջ Դավիթին Մուրացանի հոսպիտալում հերթական, իր խոսքով, անարդյունք բուժումը ստանալիս, բերման են ենթարկել։ Նրան նախ տարել են Արմավիրի ոստիկանության բաժին, ապա՝ Նուբարաշենի հոգեբուժարան՝ դատաբժշկական քննության։
Քննիչի խոսքով՝ Դավիթը հետախուզվում էր և քանի որ ինքնակամ չի ներկայացել, նրան բերման են ենթարկել։ Պատճառն այն է, որ 3 ամիս առաջ նա հերթական անգամ զանգահարել է ՊՆ և ասել, որ ռումբ կա այնտեղ։ Դրանից հետո Դավիթին ծանուցագիր են ուղարկել, սակայն նա չի ներկայացել քննչական բաժին։ Դավիթն էլ պնդում է, որ ինքը ոչ մի ծանուցագիր էլ չի ստացել։
Դավիթը չգիտի, թե, ի վերջո, ինչպես ինքը հաշմանդամ դարձավ։ Ինչպես իր փորացավը կարող էր հանգեցնել նրան, որ մարմնի մի կողմն ընդհանրապես թուլանա։
2006-2009 թվականին նա ծառայել է Ղարաբաղում։ 2011 թվականին պայմանագրային զինծառայության է մտել Երևանի մայրաքաղաքային գնդում։
Մի օր էլ որովայնի շրջանում ցավեր է ունեցել, տեղափոխել են հիվանդանոց, որից հետո գրեթե ոչինչ չի հիշում։ Փորձելով ինչ-որ չափով վերականգնել հիշողության մեջ մնացած իրադարձությունները՝ Դավիթը պատմում է, որ իրեն 2 անգամ են վիրահատել։ Դրանից հետո կոմայի մեջ է ընկել։
Հիվանդանոցում ախտորոշել են աղիքային բորբոքում և հեռացրել աղիքի մի մասը։
«Ես չգիտեմ՝ ինչ են արել ինձ հետ։ Երևի վիրահատության ժամանակ ինչ-որ նյարդի են կպել կենտրոնական», – պատմում է Դավիթը։ Նրա բժիշկը եղել է Թունյան Գագիկը։
Հիվանդանոցում, Դավիթի հիշելով, ասել են, որ տրոմբ է ունեցել, որն «ուղեղին է տվել և ինսուլտ է ստացել»։ Սակայն Դավիթը դա բացառում է, քանի որ ծառայության ընդունվելուց առաջ ինքը ստուգվել է և ոչ մի խնդիր չի ունեցել։
Մուրացանում կատարված վիրահատությունից հետո նա չի կարողացել քայլել։ Միայն «Կարմիր խաչում» բուժում ստանալու արդյունքում սկսել է ոտքը գետնին դնել և մի կերպ քայլել։ Դավիթի միակ ցանկությունն է գնալ արտասահման՝ բուժման։
Դավիթին հանդիպեցինք Նուբարաշենի հոսպիտալում։ Բերել էին քննության, որից հետո խոստացան տանել Արմավիրի ոստիկանության բաժին և ազատ արձակել։ Դավիթը դժվարությամբ է քայլում․ նրան Նուբարաշեն էին բերել ոստիկանության մեքենայով՝ փայտե «իշաոտնուկին» նստեցրած։
Արմավիրի ոստիկանության շենքի դիմաց մայրը սպասում էր որդուն։ Մեզ պատմեց, երբ Մուրացիանի հոսպիտալում տղայի մահճակալի մոտ դրված դարակը բացել է, այնտեղ մեծ պարան է հայտնաբերել․ «Ասում է՝ կյանքս կերան, մեռնեմ պրծնեմ»։