Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը այսօր մասնակցում էր 2016թ. ապրիլին Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստին, որը տևեց մոտ 5 ժամ։
Նիստի ավարտից հետո Սարգսյանը հրաժարավեց պատասխանել լրագրողների հարցերին, բայց ևս մեկ անգամ վերահաստատեց արտակարգ դրության ավարտից հետո հատուկ ասուլիս հրավիրելու և բոլոր «հարցերին՝ տրամաբանական, անտրամաբանական, տեղին, թե անտեղին» պատասխանելու իր խոստումը։ Իսկ քննիչ հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Սարգսյանի հետ հանդիպումից հետո նշեց, որ «եթե հանձնաժողովը մինչ այս ուներ մոտ հարյուր ժամ տևողությամբ տեսագրություններ և փաստական նյութեր, այժմ ունի 100 գումարած 5 ժամ տեվողությամբ տեսաձայնագրություններ», որոնք շատ արժեքավոր են 2016 թվականի ապրիլին տեղի ունեցածը հասկանալու համար․ «2016 թվականի ապրիլից հետո այսպիսի աշխատանք երբեք չի արվել։ Այն ժամանակվա իշխանությունները դա չեն արել։ Լավ կլիներ, որ իրենք արած լինեին, և ոչ թե ընդամենը մեկ փաստաթուղթ կազմելուց հետո համարեին, որ աշխատանքը ավարտվեց»։
Հանձնաժողովի նախագահը նշեց, որ նախկին նախագահը հանձնաժողովի բոլոր հարցերին պատասխանել է, ինչը, սակայն, չի նշանակում, որ հանձնաժողովը ստացել է բոլոր հարցերի պատասխանները։ Քոչարյանի խոսքերով՝ Սարգսյանն իր մասով պատասխանել է հարցերին այնքանով, որքանով տիրապետում է դրանց պատասխաններին․ «Բայց կան բաներ, որ, ասենք, կարող է ինքը չհիշի կամ իրեն զեկուցած չլինեն։ Հիմա մեզ հետաքրքիր է՝ չեն զեկուցե՞լ, թե՞ չի հիշում»։
Հանձնաժողովը լիահույս է, որ Սերժ Սարգսյանի օրինակին կհետևի նաև 2016 թվականին Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ով ավելի վաղ մերժել էր քննիչ հանձնաժողովի հրավերը և հրաժարվել մասնակցել նիստին։ Քոչարյանի խոսքերով, գեներալը լավ կանի, եթե վերանայի իր որոշումը և, այնուամենայնիվ, ներկայանա խորհրդարան․ «Մենք Սերժ Սարգսյանի հետ քննարկման ընթացքում էլ ասացինք, որ Յուրի Խաչատուրովի չգալը սխալ էր, ինքն էլ ընդունեց և ասաց, որ խոսել է Խաչատուրովի հետ այստեղ գալուց առաջ և հորդորել, որ ճիշտ կլիներ, որ նա էլ գար։ Ես նորից եմ կրկնում, որ Սերժ Սարգսյանի մեզ մոտ գալուց հետո Խաչատուրովը ճիշտ կանի գա և պատասխանի իրեն վերաբերող հարցերին, որպեսզի ամբողջական դառնա [պատկերը]։ Ի վերջո, նա եղել է համար մեկ զինվորականն այդ ժամանակ՝ Գլխավոր շտաբի պետը»։
Տարածքային կորուստների շուրջ նախկին նախագահի իրարամերժ հայտարարությունների մասին հարցին (Սերժ Սարգսյանը «հայտնի» ֆիլմում նշել էր, թե խոսքը ոչ թե 800 կորցրած հեկտարի մասին է, այլ՝ 400-ի) հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Պարոն Սարգսյանը ֆիքսեց, որ դա ընդամենը ֆիլմ էր» և նշեց, որ նիստի ընթացքում Սերժ Սարգսյանին հեկտարներից շատ ավելի լուրջ հարցեր են տրվել․ «Մենք կարողացել ենք ճշտել, թե պարոն Սարգսյանը ի՞նչ է կարծում՝ հակառակորդն իր առջև դրված ռազմական խնդիրը լուծե՞լ է, թե՞ չէ, և դրա մեջ կա՞ քաղաքական բաղադրիչ, թե՞ չկա, մենք ինչքանո՞վ ենք պատրաստ եղել, հետախուզության տվյալները ամբողջությամբ արտացոլո՞ւմ են այն տեղեկատվությունը, որը գտնվում է շրջանառության մեջ, և այլն»։
Լրագրողների հարցին՝ 2016 բացթողումներ եղե՞լ են, Քոչարյանը պատասխանեց՝ իհարկե։ Հարցին՝ թերացողների անուններ Սերժ Սարգսյանը տվե՞լ է, հանձնաժողովի նախագահը արձագանքեց՝ թերացողների անունները տրվել են նաև Պաշտպանության նախարարության կողմից [դեռևս 2016 թվականին] կազմված վերլուծության մեջ․ «Բայց վերլուծության մեջ ներառված չեն մի շարք պաշտոնյաներ, որոնք իրենք իրենց չեն տեսել այդ թերացումներում», – ասաց Քոչարյանը՝ նշելով, որ հանձնաժողովը թերացողների շարքում նրանց, այնուամենայնիվ, տեսնում է, և իր ամփոփիչ եզրակացության մեջ այդ ամբողջը կարտացոլի։
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներն, ըստ Քոչարյանի, արդեն վերջնական փուլում են և կավարտվեն հունիսի 4-ին։ Այս մեկ տարվա ընթացքում հավաքագրված տեղեկությունները և դրանց հիման վրա արված եզրակացությունները հանձնաժողովի ավարատական զեկույցում ամփոփ տեսքով կներկայացվեն հանրությանը։
Մինչ այդ հանձնաժողովը կհանդիպի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ (այդ թվում՝ Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի), ինչից հետո կանցնի տվյալների ամփոփմանը։ Անպատասխան հարցեր, ասում է Քոչարյանը, պետք է որ չմնան՝ ոչ իրենց, ոչ էլ հանրության համար։
Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2019 թվականի հունիսին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Հիմնական նպատակն է՝ հասկանալ, ի՞նչ է տեղի ունեցել 2016 թվականի ապրիլին, արդյո՞ք կորուստները համաչա՞փ են եղել, թե՞ ոչ, հնարավո՞ր էր արդյոք նվազեցնել դրանք, որո՞նք են մարդկային, տարածքային կորուստների հիմնական պատճառները, ո՞ր ստորաբաժանման ղեկավարներն են հիմնական թերացողներն, ինչպե՞ս շտկել իրավիճակը զինված ուժերում եւ այլն։ Հանձնաժողովը ստեղծվել էր վեց ամիս ժամկետով՝ ևս վեց ամիս ժամկետ ավելացնելու հնարավորությամբ։ Այն աշխատում է դռնփակ նիստերի ձևաչափով: Նշված ժամկետի վերջում քննիչ հանձնաժողովը հանդես է գալու զեկույցով, որով ամփոփ կներկայացնի վերջին մեկ տարվա ընթացքում հավաքագրած փաստաթղթերի, տասնյակ նախկին կամ ներկա պաշտոնյաների հետ հանդիպումների (հարցաքննությունների) արդյունքում արված եզրակացությունները։