Առնվազն այս պահին անհատ սպառողների համար գազի գինը չի թանականա: Այս սպառողների համար, հավանաբար, տեղի կունենա «ոչ էական չափով» թանկացում, եթե ահմանին գազի գնի փոփոխություն, իհարկե, չլինի։
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ընդգծելով, որ սահմանին գազի գինը չթանկացնելու շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները դեռ շարունակվում են:
«Սահմանին գազի գնի շուրջ բանակցությունները ընթացել են, ընթանում են և դա լինելու է մշտական պրոցես, որովհետև, ցավոք սրտի, սահմանին գազի գնի ձևավորման միասնական ինստիտուցիոնալ մեխանիզմ մենք չունենք և դա է պատճառը, որ այդ խնդիրը ներառել ենք ԵԱՏՄ օրակարգի ամենաբարձր մակարդակում», – ասել է Գրիգորյանը:
Թեև Ռուսաստանը մերժել է խնդիրը ներառել ԵԱՏՄ առաջիկա տարիների ռազմավարական ծրագրում, փոխվարչապետը վստահ է, որ դա տեղի է ունեցել «ոչ թե սկզբունքին, այլ մեխանիզմին» դեմ լինելու պատճառով։
«Մեզ համար ավելի կարևոր է, որ գազի գնի ձևավորման ալգորիթմը լինի հստակ պայմանավորված և երկարատև: Անձամբ ես կարծում եմ, որ լավագույն հարթակը, որտեղ կարելի է այդ հարցը ֆորմալիզացնել, դա ԵԱՏՄ հարթակն է», – եզրափակել է փոխվարչապետը։
Հիշեցնենք՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) արդեն ուսումնասիրել է «Գազպրոմ Արմենիա»-ի և«Տրանսգազ»-ի կողմից ներկայացված գազի սակագների փոփոխության՝ թանկացման հայտը։
«Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում էր սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռութային սակագինը 255.06 դոլարից դարձնել 283.14 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց, իսկ ՀԾԿՀ-ն առաջարկում է սահմանել 266.71 դոլար։ Այսինքն` 11 տոկոս սակագնի բարձրացման փոխարեն ՀԾԿՀ-ն առաջարկում է 4.5 տոկոս բարձրացում։ Հունիսի 4-ին մեկնարկել է աշխատանքային քննարկումների փուլը՝ ՀԿ-ների, հետաքրքրություն ցուցաբերած շահագրգիռ անձանց և ընկերության ներկայացուցիչների հետ։
Սահմանին գազի գնի թանկացման մասին հստակ տեղեկություններ չկան․ 2013 թվականին համաձայնագիր էր կնքվել Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ 5 տարի ժամկետով, որը կարգավորում էր գազի գնագոյացման հարցը։ Պայմանագիրը դադարել է գործել 2019 թվականի հունվարի 1-ից: Գազի գնի գոյացման հստակ մեխանիզմ Սերժ Սարգսյանի օրոք կնքված գազային համաձայնագրերով սահմանված չէ, իսկ 30 տարի ժամկետով Ռուսաստանին հանձնած մենաշնորհն իրավականորեն զրկում է Հայաստանի կառավարությանը սահմանին գազի գնի գոյացման վրա ազդելու գործուն մեխանիզմներից՝ հարցը դարձնելով բացառապես հայ-ռուսական քաղաքական երկխոսության առարկա (ավելի մանրամասն՝ այստեղ)։
Ի դեպ, եթե տարիներ առաջ կնքված պայմանագրերով հարամրվում էր, որ Հայաստանը Ռուսաստանից գազ է գնում շահավետ սակագներով, ապա այժմ, երբ Եվրոպա առաքվող ռուսական գազը էականորեն արժեզրկվել է, ստացվում է, որ Հայաստանը դաշնակից Ռուսաստանից գազ է գնում գրեթե երկու անգամ ավելի թանկ սակագնով, քան եվրոպական երկրները․ 2020 թվականի 1-ին եռամսյակում Եվրոպա առաքվող ռուսական գազի միջին գինը (մուտքի սահմանին) մոտ 87 դոլար էր, իսկ Հայաստանի սահմանին՝ 165՝ Եվրոպայիցժ համարյա երկու անգամ թանկ:
Ընդ որում, Եվրոպայում ռուսական գազի գնանկումը սկսել է դեռևս կորոնավիրուսի պանդեմիայից առաջ: 2019 թվականի 3-րդ եռամսյակում այն արդեն ավելի էժան էր, քան Հայաստանում, իսկ 2020 թվականի ապրիլին Եվրոպայում ռուսաստանյան գազի գինը կազմել է մոտ 59 դոլար 1000 խմ-ի դիմաց՝ 2ից ավել անգամ ավելի էժան (ավելի մանրամասն՝ այստեղ)։