Բնական գազի՝ համաշխարհային շուկայում նախորդ տարվանից թափ հավաքած գնանկումը շարունակվում է նաև այս տարի։ Դրա արդյունքում Եվրոպային մատակարարվող ռուսական բնական գազի գինն արդեն ցածր է 60 դոլարից, մինչդեռ Հայաստանը շարունակում է նույն գազը գնել 165 դոլարով։
Այս ամենին զուգահեռ՝ ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը սակագների վերանայման հարցով դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով և առաջարկում է սպառողների համար սահմանել նոր սակագներ։
Ռուսաստանի և Հայաստանի միջև գազային պայմանավորվածությունների պատմությունը
2013 թ․ դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում կողմերի միջև ստորագրվեց 2 փաստաթուղթ, որոնցից մեկը վերաբերում էր Հայաստանի կողմից ձեռք բերվող ռուսական գազի գնի ձևավորման կարգին, իսկ մյուսը՝ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքին և հետագա գործունեության պայմաններին։
Եվ եթե առաջին համաձայնագրի ժամկետը 5 տարի էր (և արդեն ավարտվել է), ապա երկրորդի գործողության ժամկետը սահմանվեց 30 տարի՝ միջև 2043 թվականը։
Հայկական կողմը պարտավորվեց «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի՝ իրեն պատկանող 20 տոկոս մասնաբաժինը՝ 12,600,000 բաժնետոմսերի փաթեթը հանձնել ռուսական կողմին՝ 63․3 մլրդ դրամ գումարի դիմաց (մոտ 155 մլն դոլար), ինչի հետևանքով «Գազպրոմ» ԲԲԸ-ին պատկանող «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը կազմեցին ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսը։
Առանձնացնենք այդ համաձայնագրի մի քանի ուշագրավ կետեր։
Հայկական կողմը համաձայնագրով երաշխավորել է, որ մինչև 2043 թ․ դեկտեմբերի 31-ը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի իրավունքներն ու շահերը ենթակա չեն փոփոխումների, լրացումների, հետ կանչման կամ կրճատումների, ինչպես նաև ապագա որևէ օրենք, որոշում, հրամանագիր կամ այլ իրավական ակտ չի փոփոխի, չեղյալ համարի կամ այլ կերպ ոտնահարի «Գազպրոմ» ԲԲԸ-ի, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի և դրանց համապատասխան իրավահաջորդների իրավունքներն ու շահերը։
2013 թ․ հունվարի 1-ից «Հայռուսգազարդի» շահութահարկը սահմանվեց 20 տոկոս։
Հայկական կողմը «Հայռուսգազարդին» է տվել նաև ապագայում կառուցվելիք «Իրան-Հայաստան» 400 կՎոլտ լարմամբ էլեկտրահաղորդման գծով էլեկտրաէներգիա արտահանելու առավելությունը։
Փոխարենը, մյուս համաձայնագրով, Հայաստանը ստացավ 5 տարով գազի գնի ստաբիլություն: Այդ ընթացքում այն կարող էր փոփոխվել միայն այն դեպքում, երբ նախորդ կարգավորման ժամանակաշրջանում գազի գնի ինդեքսավորումը փոխվեր
Այլ կերպ ասած՝ ռուսական կողմը չէր կարող կամայական կերպով որոշել գազի գինը, քանի որ այն հաշվարկվելու էր նախորդ ժամանակահատվածում Ռուսաստանի Օրենբուրգի մարզում ֆիքսված գազի գնի հիման վրա։
Սակայն, ինչպես նշեցինք, այս կարգավորումը գործում էր մինչև 2018 թ․ դեկտեմբերի 31-ը, և հենց այդ պատճառով է, որ 2018 թվականից սկսած՝ կողմերի միջև սկսվել են գազի գնի վերանայման բանակցություններ, որոնք տևում են առ այսօր։
Երկրորդ պայմանավորվածությունը ձեռք բերվեց արդեն 2015 թ․ սեպտեմբերի 7-ին։
Այս պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին («Հայռուսգազարդը» վերանվանվել էր «Գազպրոմ Արմենիա») տվեց «Հայաստան-Վրաստան» 400 կՎոլտ լարմամբ էլեկտրահաղորդման գծերը շահագործման հանձնելուց հետո դրանց միանալու երաշխավորված նախապատվություն՝ արտահանման նպատակով էլեկտրաէներգիայի առաքման համար, իսկ փոխարենը՝ գազի գինը մինչև 2015 թ․ դեկտեմբերի 31-ը նվազեց 24 դոլարով՝ դառնալով 165 դոլար 1000 խմ գազի դիմաց։ Այնուհետև այդ պայմանավորվածությունը երկարաձգվեց և գազի գինը Հայաստանի համար մնաց 165 դոլար մինչև 2016 թ․ մարտի 31-ը, իսկ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի եկամտաբերության ներքին նորման (ԵՆՆ) պետք է կազմեր նվազագույնը 9 տոկոս։ Այսինքն՝ ընկերությունը գազի գնման ու գազաբաշխման հետ կապված ծախսերը հոգալուց հետո պետք է ունենար տարեկան նվազագույնը 9 տոկոս շահութաբերություն:
Ամիսներ անց՝ 2016 թ․ ապրիլի 7-ին, պայմանավորվածություն ձեռք բերվեց գազի գինը 15 դոլարով իջեցնելու մասին, և գազի գինը մինչև 2016 թվականի վերջը դարձավ 150 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց: Այնուհետև այդ պայմանավորվածությունը երկարաձգվեց և գինը մնաց 150 դոլար մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը:
2018-2019 թվականների ձմռանը բավական երկար տևած բանակցությունների արդյունքում 2019 թ․ հունվարի 1-ից գազի գինը ավելացավ 15 դոլարով՝ կազմելով 165 դոլար 1000 խմ-ի դիմաց, սակայն իշխանությունները հայտարարեցին, որ ««Գազպրոմ Արմենիայի» ներքին կարգավորումների շնորհիվ» սպառողների համար սակագնի փոփոխություն չի լինի։
Սակայն, ինչպես նշեցինք, արդեն այս տարվա ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է ՀԾԿՀ՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով։
Այժմ Հայաստանում տարբեր սպառողների համար գազը վաճառվում է 100-139 դրամով՝ 1 խմ-ի համար: Միջինում վերջնական սպառողին հասած 1000 խմ-ի համար «Գազպրոմ Արմենիան» ստանում է մոտ 122,400 դրամ կամ 255 դոլար: Այլ կերպ ասած՝ սահմանին և վերջնական սպառողի մոտ 1000 խմ գազի գնի տարբերությունը (մարժան) կազմում է շուրջ 90 դոլար:
«Գազպրոմ Արմենիան», սակայն, առաջարկում է բարձրացնել սակագինը և սահմանել միջինում 1000 խմ-ի դիմաց մոտ 135,900 դրամ կամ 283 դոլար: Այս դեպքում 1000 խմ գազի գնի միջին տարբերությունը (մարժան) սպառողի և սահմանի միջև կկազմի 121 դոլար:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» նաև վերլուծել է գազի գնի մարժան ու դրա պատմությունը և եկել այն եզրահանգման, որ խնդիրը ոչ թե «Գազպրոմ Արմենիայի» մարժան է, այլ այն գինը, որով գազը մտնում է Հայաստան:
Բանն այն է, որ սահմանի գնին ավելանում են «Գազպրոմ Արմենիայի» այն ծախսերը, որոնք ՀԾԿՀ-ն կհամարի հիմնավոր, ինչպես նաև 9 տոկոս շահութաբերությունը, և ձևավորվում է վերջնական սպառողների համար գազի գինը: Այսինքն, վերջնական գազի գնի հիմնական աղբյուրը սահմանին գազի գնի նվազումն է։ Փաստացի, ներկայում սահմանին գազի գինը շատ ավելի թանկ է, քան աշխարհում առկա շուկայական գները:
Ընդ որում, պայմանագրի համաձայն, Հայաստանը պարտավոր է գազի ներքին գնի հաշվարկի հիմքում դնել հենց հայ-վրացական սահմանին գազի գինը և դրան, ինչպես ասվեց, ավելացնել «Գազպրոմ Արմենիայի» ծախսերն ու 9 տոկոս շահութաբերությունը: Այսինքն՝ եթե Իրանը Հայաստանին ավելի էժան գնով գազ առաջարկի, ապա միևնույնն է՝ սպառողների համար գազի գնի վրա դա չի կարող ազդել:
Այստեղ հարկ է նկատել, որ Վրաստանը գազ չի արդյունահանում, այլ ստանում է այն Ռուսաստանից ու Ադրբեջանից, հետևապես՝ հայ-վրացական սահմանից ֆիզիկապես կարող է ներմուծվել միայն ռուսական ու ադրբեջանական գազ: Եվ քանի որ ադրբեջանական գազը, հասկանալի պատճառներով, չի կարող ներմուծվել Հայաստան, հայ-վրացական սահմանին գազի գինն այն գինն է, որով ռուսաստանյան պետական «Գազպրոմը» գազը կմատակարարի Հայաստանին:
Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը որոշի խզել պայմանագիրը
Համաձայնագրի համաձայն՝ դրա կիրառման վերաբերյալ վեճերը լուծվում են բանակցությունների և ապա արբիտրաժի միջոցով։ Արբիտրաժային դատարանի որոշումները, բնականաբար, պարտադիր են կողմերի համար:
Համաձայնագրի 6-րդ հոդվածով սահմանված է նաև, որ այն դեպքում, երբ հայկական կողմը չի կատարում համաձայնագրով ամրագրված պայմաններից որևէ մեկը, ապա պարտավորվում է «Գազպրոմ» ԲԲԸ-ին նախկինում փոխանցված բաժնեմասերը հետ գնել 63 միլիարդ դրամ գնով (այս պահի փոխարժեքով մոտ 130 մլն դոլար), ինչպես նաև հատուցել «Գազպրոմ» ԲԲԸ-ի բոլոր վնասները, որոնք կարող են ծագել ընկերության մոտ դրա հետևանքով։
Տնտեսագետ Վահագն Խաչատուրյանի կարծիքով՝ սա նշանակում է, որ գործը միջազգային արբիտրաժ հասնելու պարագայում Հայաստանը ստիպված է լինելու փոխհատուցել այն բոլոր վնասները, որոնք միջազգային արբիտրաժային դատարանում «Գազպրոմ» ընկերությունը կկարողանա հիմնավորել (ներդրված, բայց հետ չստացած գումարներ, ակնկալվող շահույթ և այլն)։ Դրանց թվին, ըստ էության, կարող է դասվել Հայաստանին թանկ գնով գազ մատակարարելու արդյունքում ստացվելիք ակնկալվող եկամուտը, որը չի ստացվել Հայաստանի կողմից պարտավորությունների խախտման արդյունքում:
Բացի դա, կարևոր է նաև հաշվի առնել պարտավորությունների կատարումից հրաժարման դեպքում դրա քաղաքական հետևանքները։
Սևադա Ղազարյան
Փաստերի ստուգման հարթակ