Աջարիայի ավելի քան 200 բնակիչներ, այդ թվում՝ հակամահամաճարակային սահմանափակումներից դժգոհ մարդիկ, հարկադիր տեղահանվածները, ֆերմերներն ու Ճորոխ գետի վրա ՋրԷԿ֊ի շինարարությունից տուժածները, երեկ՝ փետրվարի 15-ին, բողոքի ակցիա էին իրականացնում։
Ընդեմ հակահամաճարակային սահմանափակումների
«Կավկազսկի ուզելի» փոխանցմամբ, Աջարիայում սնանկության եզրին հասած ձեռներեցներն ամիսներ շարունակ պայքարում են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների դեմ։ Իշխանությունները դեռևս չեն պատրաստվում չեղարկել հակամաճարակային միջոցառումները՝ վիրուսի նոր ալիքից խուսափելու նպատակով։
Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 14 քաղաքացի։ Մահացության թիվը հասել է 3377-ի։ Երկրում համավարակի սկզբից ի վեր գրանցվել է քովիդ-19-ով վարակման 266 462 դեպք, հայտնում է StopCov.ge կառավարական կայքը։
Փետրվարի 15-ին Աջարիայի կառավարական շենքերի դիմաց հավաքված հարյուրավոր քաղաքացիներ պահանջում էին չեղարկել սահմանափակումները։
Ակցիայի մասնակիցները փորձում էին փակել կառավարության շենքի դիմացի փողոցը։ Կան բերման ենթարկվածներ։
Հակահամաճարակային սահմանափակումների դեմ պայքարող քաղաքացիները պնդում էին, որ իրենցից շատերը չգրանցված աշխատողներ էին, ինչի արդյունքում ներառված չեն պետական աջակցության որևէ ծրագրում։ Շատերը պատմում էին, որ իրենք նախկինում արտագնա աշխատանքի էին մեկնում, իսկ սահմանների փակվելուց հետո մնացել են առանց եկամտի։
Ընդդեմ վերաբնակեցման ծրագրի ոչ պատշաճ համակարգման
Կառավարության շենքի մոտ հավաքված բռնի տեղահանվածնեը պնդում էին, որ «Երազանքի քաղաք» ավանում իրենց վերաբնակեցման գործընթացը պատշաճ կերպով չի համակարգվում, ինչի արդյունքում շատերը տարիներ շարունակ սպասում են իրենց հերթին։
«Երազանքի քաղաք» անվանումը ստացած ավանը կառուցվել է 2012 թվականին։ Գտնվում է Բաթումիի հարավ֊արևելքում, 2005 թվականին փակված ռուսական ռազմաբազայի տարածքում։ Ավանը կառուցվել է Վերին Աջարիայի սողանքների հետևանքով տները կորցրած քաղաքացիների վերաբնակեցման համար։ Ըստ պաշտոնական տվյալների, «Երազանքի քաղաքում» այս պահին շուրջ 1500 մարդ է ապրում։ JAMnews հրատարակչության փոխանցմամբ, իրականում ավանի բնակիչների թիվը կրկնակի շատ է։ Աջարիայի իշխանություններն այդ ավանի շինարարության համար 38 մլն լարի (շուրջ 13մլն դոլար) են հատկացրել։ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ շինարարական աշխատանքները վերջնականապես ավարտին կհասնեն մոտ կես տարուց։ Ավանում բնակարան ստանալու հերթի մեջ գտնվող քաղաքացիները պնդում են, որ իրենց գրանցումն ու կարիքների հաշվառումը պատշաճ չի իրականացվում, բնակարան ստանալու ժամկետները որևէ կերպ չեն հստակեցվում։
Փետրվարի 15-ի գիշերը բնակարան ստանալու իրենց հերթին սպասող մի քանի ընտանիքներ մտել էին արդեն պատրաստ, բայց դեռևս շահագործման չհանձնված բնակարաններ։ «Իսկ ո՞ւր գնանք։ Ամուսին չունեմ, հարազատներ չունեմ, ապրելու տեղ չունեմ։ Բնակարան եմ վարձում, աշխատանքի խնդիր ունեմ», – վրացական «25-րդ ալիքին» պատմել է ակցիայի մասնակից կանանցից մեկը։
Փետրվարի 15-ի առավոտյան Աջարիայի առողջապահության և սոցիալական ապահովության փոխնախարար Ռամազ Ջինչարաձեն առանց թույլտվության բնակարաններ ներխուժած քաղաքացիներին հորդորել է ինքնակամ դուրս գալ շենքից։
Ըննդեմ Ճորոխ գետի վրա ՋրԷԿ֊ի շինարարության
Բաթումիի բողոքի ակցիային միացել էին նաև Կիրնաթի գյուղի բնակիչները։ Վերջիններս պնդում էին, որ «Աջարէներջի-2007» ընկերությունը գրավել է իրենց դաշտերը։ Այդ հողերը պաշտոնապես պատկանում են պետությանը, բայց միշտ շահագործվել են քաղաքացիների կողմից։ Ճորոխ գետի վրա ՋրԷԿ֊ի կառուցումից հետո գյուղացիներն այլևս չեն կարողանում օգտվել այդ հողերից։
«Դաշտերը պետությանն են պատկանում, բայց դրանք փաստացի մեր պատմական հողերն են։ Մենք այդտեղ եգիպտացորեն ու լոբի էինք ցանում։ Հիմա այդտեղ ջուր է։ Ասում են էլ ավելի շատ ջուր կլինի, երբ ՋրԷԿ֊ն ամբողջությաբ շահագործվի։ Շինարարությամբ զբաղվող ընկերությունը հայտարարում է, որ հողերի յուրացման դիմաց փոխհատուցում է տրամադրել։ Սա սուտ է։ Թող հանձնաժողով ստեղծեն, մանրամասնորեն ուսումնասիրեն հարցը», – պահանջում են տեղացիները։
Ընդդեմ կեղծված ընտրությունների
Այս ակցիաներին զուգահեռ բողոքի ցույց էին իրականացնում նաև ընդդիմության ներկայացուցիչները։ Պահանջում էին արտահերթ ընտրություններ իրականացնել։