Վրաստանի Կասպի քաղաքում պատանդներ վերցնելու մեղադրանքով ձերբակալված նախկին ոստիկան Գեորգի Մենաբդիշվիլին հացադուլ է հայտարարել, հրաժարվում է դեղամիջոցներ ընդունել և հանդիպել փաստաբանի հետ։
«Կավկազսկի ուզելի» փոխանցմամբ, 2021 թվականի հունվարի 16-ին որսորդական հրացանով զինված տղամարդը Կասպիի ձեռնարկություններից մեկի տարածքում պատանդ էր վերցրել երկու քաղաքացիների։ Ուժայիններին հաջողվել էր ազատ արձակել պատանդներին ու ձերբակալել տղամարդուն, ով, փաստորեն, ոստիկանության նախկին աշխատակից Գեորգի (Գիորգի) Մենաբդիշվիլին էր։ Վերջինս պատմել է, որ քարի մշակմամբ զբաղվող ձեռնարկության բաժնետոմսերի 10 տոկոսը գնելուց հետո իր նախկին բիզնես գործընկերներն իրենից գումար են շորթել և անգամ սպառնացել սպանել։
27-ամյա Գեորգին երեկ՝ հունվարի 17-ին, հացադուլ է հայտարարել, հրաժարվել է ընդունել բժիշկների նշանակած դեղամիջոցները, չի վերցրել հարազատների ուղարկած կապոցը, «Սպուտնիկ-Գրուզիայի» հետ զրույցում պատմել է Մենաբդիշվիլիի փաստաբան Կետևան Գագլոշվիլին։
Մենաբդիշվիլին այժմ գտնվում է Գորիի քննչական մեկուսարանում։ Երեկ կայացած հարցաքննության ժամանակ երիտասարդի ինքնազգացողությունը վատացել էր, նրան բժշկական օգնություն է տրամադրվել։
«Նովոստի-Գրուզիա» գործակալության հետ զրույցում Գեորգիի մայրը պատմել է, որ իր որդին պատանդներ վերցնելու քայլին գնացել է հարազատներին պաշտպանելու նպատակով։ Կնոջ խոսքով, Գեորգին պարբերաբար սպառնալիքներ էր ստանում իր նախկին բիզնես-գործընկերներից․ «Անգամ տեղի գողական հեղինակություններին էին խառնել։ Կնոջն ու երեխային ապահով վայր ենք ուղարկել»