Վրաստանում դատապարտյալների զանգվածային համաներման պահանջով հացադուլ հայտարարած կանայք հացադուլի ութերորդ օրը ինքնազգացողության վատացման հետ կապված գանգատներ ունեն։
Սեպտեմբերի 8-ին կալանավորների հարազատները հացադուլ էին հայտարարել, պահանջելով հոկտեմբերի 31-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ համաներում հայտարարել անազատության մեջ գտնվող դատապարտյալների համար։ Սեպտեմբերի 14֊ի դրությամբ հացադուլին մասնակցում էր 18 քաղաքացի։ Ակցիայի մասնակիցները քաղաքապետարանից խնդրել էին բիոզուգարան ապահովել իրենց համար և թույլատրել մատրասներ տեղադրել փողոցում։
Կալանավորների հարազատները համաներման մասին օրենսդրական նախագիծ են պատրաստել, բայց խորհրդարանն այն չի դիտարկում։
Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց բողոքի բողոքի ակցիա են իրականացնում 18 կանայք։ Պաշտոնատար անձինք հրաժարվում են հանդիպել հացադուլավորների հետ։
Երեկ առավոտյան նախատեսվում էր հանդիպել պատգամավորներից մեկի հետ, բայց ի վերջո հանդիպմանը մասնակցեց ակցիայի մասնակիցների փաստաբան Ալեքսանդ Կոբաիձեն, ով հացադուլին չի մասնակցում։ Հացադուլավոր կանայք չգիտեն անգամ, թե որ պատգամավորին է հանդիպել Կոբաիձեն և ինչ համաձայնությունների են եկել։ Նրանց պարզապես հայտնել են, որ հանդիպմանը մասնակցած պատգամավորը համաձայն է իրենց պահանջների հետ։
Հացադուլավորներից է թոշակառու Մզիա Արդազիշվիլին, ով պահանջում է ազատ արձակել իր որդուն, որի ազատազրկումից հետո ընտանիքը ծանր ֆինանսական դրության մեջ է հայտնվել։
«Մեր տանը միայն որդիս էր աշխատում։ Ես թոշակառու եմ, կաթված եմ տարել, դիաբետ ունեմ։ Հարսս չի աշխատում առողջական խնդիրների պատճառով․ լսում է միայն մեկ ականջով։ Իմ թոշակն անգամ դեղերիս համար չի հերիքում։ Ֆինանսապես մեզ օգնում են հարսիս ծնողները, բայց գումարը չի հերիքում», – «Կավկազսկիյ ուզելի» հետ զրույցում պատմել է կինը։
Նա նշել է, որ համավարակի պայմաններում թոռները չեն կարողանում մասնակցել դասապրոցեսին, դասերն անց են կացվում առցանց, իսկ երեխանրը համակարգիչ չունեն։ Արդազիշվիլին վստահ է, որ ազատ արձակվելուց հետո որդին կկարողանա աշխատանք գտնել։
Ակցիայի մասնակից Կետևան Մեսաբիշվիլին, ում ամուսինը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, կարծում է, որ հասարակության համար վտանգ չներկայացնող դատապարտյալների համաներումը միանգամայն արդարացի որոշում կլինի։
«Բանտն ուղղիչ հաստատություն չէ։ Ուղղիչ ազդեցություն ունենում է վերադարձը հասարակություն և հանրօգուտ աշխատանքը։ Բանտերում փակված երիտասարդներն ապագա չունեն», -կարծքում է Մեսաբիշվիլին։
Հանրային ուշադրությունը խնդրի վրա հրավիրելու նպատակով ակցիայի մասնակիցները մտադիր են երթ կազմակերպել սեպտեմբերի 19-ին։ Հացադուլավորները երթին չեն մասնակցի թուլության պատճառով։