Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց վաղ առավոտից բողոքի ցույցեր են։ Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, խորհրդարանական արտահերթ պլենար նստաշրջանում քննարկվում է Գեորգի Գախարիայի գլխավորած կառավարության նոր կազմի նկատմամբ վստահության հարցը, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։
Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարությունը ցրվել էր դեկտեմբերի 11-ին՝ խորհրդարանի նոր կազմի աշխատանքի մեկնարկից անմիջապես հետո։ Դեկտեմբերի 18-ին Գեորգի Գախարիան պառլամենտի հավանությանն է ներկայացրել Կառավարության նոր կազմը։ Նախարարների ցանկը գրեթե անփոփոխ էր։ Բացառություն էր Գոչա Լորտկիպանիձեն, ում թեկնածությունը Գախարիան առաջադրել էր Արդարադատության նախարարի պաշտնում։ ԱՆ նախկին ղեկավար Թեա Ցուլուկիանիի պաշտոնավարման ժամանակ Լորտկիպանիձեն զբաղեցնում էր փոխնախարարի պաշտոնը։
Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչ պատգամավորներն այսօրվա նիստին չեն մասնակցում։ Քաղաքացիական ակտիվիստներն ու ընդդիմադիրները պնդում են, որ Վրաստանում հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծված են։
Հիշեցնենք, որ այդ ընտրությունների արդյունքներով, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանական 90 մանդատ է ստացել։ Մյուս 60 տեղերը բաժանվել են ընդդիմադիր 8 ուժերի միջև։
Այսօրվա նիստին մասնակցող իշխող կուսակցության ներկայացուցիչ պատգամավորներին խորհրդարանի մոտ հավաքված ընդդիմության ներկայացուցիչներն ու ակտիվիստները դիմավորում էին«Ստրուկներ» վանկարկմամբ։
Ցուցարարներն իրենց բողոքն են հայտնում ընդդեմ կառավարության հավանության՝ հայտարարելով, որ միակուսակցական խորհրդարանում ընդունվող որոշումներն ապօրինի են և ոչ լեգիտիմ։
«Այժմ մենք երկրորդ վրանն ենք տեղադրում։ Ամանորից հետո այստեղ արդեն երեք վրաններ կլինեն։ Այս անօրինական կառավարությունը Վրաստանի ողջ տարածքում պետք է մեծ բողոք առաջացնի։ Մենք մեզ հետ կեղծված արձանագրություններ ենք բերել։ Եթե ոչ լեգիտիմ խորհրդարանը հայտարարի ապօրինի կառավարության նկատմամբ վստահության մասին, մենք այս արձանագրությունները օդ կբարձրացնենք [հելիումի փուչիկներով]։ Մենք վրաններում գիշերում ենք արդեն 10 օր և մտադիր ենք շարունակել բողոքը, մինչև կառավարությունը չընդունի, որ ընտրություններն ամբողջությամբ կեղծված էին։ Ամոթալի է նստել ոչ լեգիտիմ, միակուսակցական խորհրդարանում, որտեղ չկան ընդդիմության ներկայացուցիչներ», – ասել է «Շարժում հանուն Վրաստանի» կուսակցության ներկայացուցիչ Նիկա Նարսիան։