Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է հարևան երկրների հետ հարաբերություններում չեզոքության և պաշտոնական Երևանի ու Բաքվի հետ բարեդրացիական հարաբերությունների պահպանման մտադրության մասին։
Չնայած տարածաշրջանում հակամարտության հետ կապված բարդ մարտահրավերներին, Վրաստանը կարողացավ չեզոքություն պահպանել, ինչի շնորհիվ այժմ հնարավորություն ունի եղբայրական հարաբերություններ պահպանել հարևան երկրների հետ, այսօրվա իր խորհրդարանական ելույքում հայտարարել է Գախարիան։
«Սա չափազանց կարևոր է ապագայում մեր տարածաշրջանային դրացիական գործառույթի իրականացման համար», – նշել է նա։
«Այսօր շատ զգույշ է պետք լինել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին խոսելիս և գնահատականներ տալիս, քանի որ, ցավոք, տեղի ունեցածի վերջնական արդյունքները դեռևս միանշանակորեն պարզ չեն։ Այդ փոփոխությունների ուրվագիծը տեսնելու համար ժամանակ է պետք», – հայտարարել է Գախարիան։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև 44 օր շարունակված պատերազմի ողջ ընթացքում Վրաստանը չեզոք դիրքերից է հանդես եկել։ Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում պաշտոնական Թբիլիսին ժամանակավորապես դադարեցրել էր իր տարածքով դեպի Հայաստան կամ Ադրբեջան տեղափոխվող ռազմական բեռների փոխադրումը։ Համաձայնագրի կնքումից հետո Վրաստանը 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո առաջին անգամ իր օդային տարածքը բացել էր ռուսական օդանավերի համար՝ ռուս խաղաղապահների արագ ժամանումն ապահովելու համար։