ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՊՏՀ ռեկտորի ընտրության արդյունքները։ Այսպիսով, Դիանա Գալոյանը կլինի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր։
Այս որոշումը, թերևս, երկար պատմություն ունի։ Դեռ անցյալ տարվա ձմռանը իր գիտական աշխատանքում ակնհայտ արտագրությունների պատճառով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը հեռացվել էր պաշտոնից։ Հայրապետյանին փոխարինելու էր եկել Դիանա Գալոյանը, ում դոկտորական աշխատանքում, ըստ ուսանողների, հետագայում՝ նաև ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանի, ևս առկա էին ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ։ Վերջինիս պարագայում գրագողությունը, սակայն, հեռացման պատճառ չդարձավ, ինչը ուսանողներից շատերը և ԲՈԿ նախագահը կապում էին Գալոյանի և ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի մտերմության հետ։ Գալոյանի նկատմամբ հովանավորչությունը և արդարության սելեկտիվ կիրառումը ի վերջո դարձավ Սմբատ Գոգյանի երկար չհաստատվող հրաժարականի պատճառներից մեկը անգամ։ ԲՈԿ հանձնաժողովը զրկեց Գալոյանին գիտական կոչումից (գրագողության փաստը համարելով հաստատվաց) և, հետևաբար, ռեկտոր լինելու հնարավորությունից։ Այս որոշմանը, սակայն, հաջորդեց իրավական բողոքարկումների մի ամբողջ շղթա։ Ի վերջո, Գոգյանը հեռացավ, Գալոյանը՝ վերահաստատվեց ռեկտորի պաշտոնում։
Կառավարության այսօրվա որոշման համաձայն՝ Դիանա Գալոյանի հետ կկնքվի պայմանագիր՝ 5 տարի ժամկետով։