Հունվարից Երևանում կշահագործվեն հանրային նոր՝ 40 փոքր ավտոբուսներ։ Այս մասին Երևանի ավագանու նիստի ընթացքում հայտարարել է քաղաքապետ Հայկ Մարությանը։
Նոր ավտոբուսները հարմարեցված են սայլակներով ներս մտնելուն, ունեն ցածր հատակ, օդափոխության համակարգ և այլն։ Ավտոբուսները, ինչպես նշել է Մարությանը, գնվել են համայնքային բյուջեի միջոցներով։ Փոքր ավտոբուսներից ևս 60-ը կներկրվեն մինչև 2021-ի փետրվարը։
Ըստ նախատեսվածի՝ մինչև տարեվերջ ևս 100 12 մետրանոց ավտոբուսի գնման մրցույթ կհայտարարվի, որոնք համապատասխանելու են «Եվրո 6» ստանդարտի։
«Շատ հետաքրքիր մրցութային ձև ենք մտածել, եթե «Եվրո 6»-ը չկայանա, անցնում ենք «Եվրո 5» ստանդարտի, որը նույնպես շատ բարձր ստանդարտ է, բայց այդտեղ մասնակիցներն ավելի շատ կլինեն և ավելի ապահովագրված կլինենք մասնակցության առումով։ Եթե չեմ սխալվում, մինչև տարեվերջ այդ մրցույթը կհայտարարվի», նշել է պաշտոնյան։
Քաղաքապետարանը նաև 8.5 մետրանոց 161 ավտոբուսների գնման մրցույթ է հայտարարել, որոնք նույնպես քաղաքային բյուջեով են գնվելու։
«Կառավարությունը պետք է գումար տրամադրի էդ մրցույթի կայանալու դեպքում, որպեսզի մատակարարումը լինի։ Հուսով ենք, կառավարությունն այդ գումարը կտրամադրի։ Բայց այն, ինչ մեր բյուջեով է, վստահ եմ, որ կլինի․ երկրորդ մրցույթի համար մենք ունենք 7 միլիարդ դրամ, մի փոքր ավել․․․ Խոսքը 161 հատ 8․5 մետրանոց ավտոբուսների մասին է», հավելել է քաղաքապետ Մարությանը։
Որպեսզի տրանսպորտային նոր ցանցը լիարժեք գործի, նախատեսվում է ընդհանուր առմամբ ձեռք բերել 850 տրոլեյբուս և ավտոբուս։ Բայց մինչև այդ կգործի անցումային ցանցը։