հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Կրթություն / «Հովանավորյալ» ռեկտորը զրկվեց դոկտորի կոչումից՝ գրագողության պատճառով

«Հովանավորյալ» ռեկտորը զրկվեց դոկտորի կոչումից՝ գրագողության պատճառով

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության Բարձարգույն որակավորման կոմիտեն (ԲՈԿ) այսօրվա՝ հուլիսի 17-ի իր նիստում անվավեր է ճանաչել Տնտնեսագիտական համալարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասին որոշումը:

Հիշեցնենք, որ համալսարանի ուսանողները, հետագայում նաև ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը մեղադրում էին Գալոյանին գրագողության մեջ՝ շեշտելով, որ նրա շարունակական պաշտոնավարումը հնարավոր է դարձել «համապատասխան կապերի և քաղաքական հովանավորչության» շնորհիվ միայն։

ԲՈԿ֊ի այսօրվա որոշման մեջ, մասնավորապես, նշված է, որ Գալոյանին դոկտորի գիտական աստիճան է շնորհվել 2015 թվականի փետրվարի 2-ին՝ Միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2019 թվականին՝ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար նշանակվելուց հետո, ատենախոսությունն ուսումնասիրելու և եզրակացություն տրամադրելու նպատակով ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով։

2020 թվականի փետրվարի 5-ին հանձնաժողովը ԿԳՄՍ է ներկայացրել իր եզրակացությունը, որով արձանագրել է, որ Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա են առանց հեղինակների և աղբյուրների նշման փոխառություններ, ինչի  հիման վրա էլ համապատասխան վարույթ է հարուցվել։

ԲՈԿ֊ի այսօրվա որոշմամբ Գալոյանը փաստացի զրկվել է դոկտորի գիտական աստիճանից, հետևաբար՝ նաև բուհի ռեկտոր ընտրվելու հնարավորությունից։

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը դեռևս մայիսի 14-ին ֆեյսբուքի իր էջի միջոցով հայտնել էր պաշտոնից ազատման դիմում ներկայացնելու մասին։ Պատճառներից մեկը  Տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) արդեն նախկին ռեկտորների  (հրաժարական ներկայացնելու պահին Գալոյանը դեռ զբաղեցնում էր ռեկտորի պաշտոնը) շուրջ հայտնի սկանդալն էր և դրա հանգուցալուծումը․ Գոգյանը նշել էր, որ բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ստիպված է եղել հրաժարականի դիմում ներկայացնել, քանի որ նրա դոկտորական աշխատանքում առկա էին ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ։ 

Հետագայում ռեկտորի ԺՊ-ին փոխարինել էր նորը՝ Դիանա Գալոյանը, որի դոկտորական աշխատանքում, ըստ Գոգյանի, ևս առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, բայց «համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով նա առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը»։ «Իր պաշտոնավարումն արժեքային ընտրություն է՝ իմ և իր միջև», – եզրափակել էր պաշտոնյան։ 

Ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը հայտնի է որպես ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի մտերիմը։ Գոգյանը՝ հովանավորչության և կապերի մասին գրելիս, ըստ էության, ակնարկում էր հե՛նց Թամրազյանին։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը երկար լռությունից հետո անդրադարձել էր Գոգյանի հայտարարություններին՝ նախ՝ ծաղրանքի, ապա՝ մեղադրանքների ձևաչափով։

Գոգյանի հետ առանձնազրույց էր ունեցել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով մինչ օրս՝ ավելի քան երկու ամիս, չի ստորագրել նրա հրաժարականի դիմումը, ինչի բերումով Գոգյանը փաստացի շարունակում է պաշտոնավարել։