Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ, մաթեմատիկոս Սմբատ Գոգյանը հրաժարական է ներկայացրել։ «Նախարարի կողմից Ազգային ժողովի ամբիոնից նոր օրենքով ԲՈԿ-ը փակելու հայտարարությունից հետո աշխատելը դարձավ անիմաստ։ Իմ գաղափարներն այլևս կյանքի կոչել չեմ կարող», – ֆեյսբուքի իր էջում գրել է Գոգյանը։
Կրթության և գիտության բարեփոխման իմ պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ, նշել է արդեն նախկին պաշտոնյան։ Ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Համակարգում բարեփոխման համար, ըստ նրա, անհրաժեշտ էին օրենքի կողմից լիազորող նորմեր, որոնք այդպես էլ չեղան։ Փոխարենը՝ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն Ազգային ժողովի իր ելույթում հայտարարեց, որ Բարձրագույն որակավորման կոմիտեն նախատեսվում է փակվել․ «Գրագողերը սպասում են կառույցի փակվելուն»։
Երկրորդ պատճառն, ըստ Գոգյանի, Տնտեսագիտական համալսարանի նախկին և ներկա ռեկտորների հայտնի սկանդալն է և դրա հանգուցալուծումը․ «2019 թվականի օգոստոսին հարցազրույցներից մեկում ասացի, որ եթե Ռուբեն Հայրապետյանը հրաժարականի դիմում չգրեր, ապա ես կգնայի։ Իմ խոսքը կոնկրետ Ռուբենի մասին չէր, այլ երևույթի։ Նրանից հետո նշանակված ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, բայց համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով նա առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը։ Իր պաշտոնավարումն արժեքային ընտրություն է՝ իմ և իր միջև»։
Եվ երրորդ պատճառը՝ իր աշխատանքի արդյունավետության անկումը․ «Նշանակումից երեք ամիս անց կնոջս հետ պայմանավորվեցինք, որ եթե նա ասի, որ մեծամտացել կամ հղփացել եմ, ապա նույն օրն աշխատանքից ազատման դիմում կգրեմ։ Նա այդպիսի բան դեռ չի ասել, բայց իր կարծիքով ես սկսել եմ ավելի քիչ ուրախանալ։ Իսկապես, այս աշխատանքն ինձ սկսել է հաճույք չպատճառել, քանի որ հստակ գիտակցում եմ, որ աշխատանքիս արդյունավետությունը կտրուկ ընկել է»։
Բարձրագույն որակավորման կոմիտեն շնորհում է գիտության թեկնածուի և գիտության դոկտորի գիտական աստիճաններ, դոցենտի և պրոֆեսորի գիտական կոչումներ: ԲՈԿ-ը հաստատում և վկայագրով ամրագրում է մասնագիտական խորհրդի կողմից՝ գիտական աստիճանի, գիտական խորհրդի կողմից՝ գիտական կոչման շնորհումը: Սմբատ Գոգյանը ԲՈԿ նախագահ էր նշանակվել 2018թ. հունիսի 12-ին: