Տարբեր խմբերի ծայրահեղականները կորոնաճգնաժամն օգտագործում են իրենց շահերին համապատասխան բռնություն հրահրելու համար։ Եվրախորհրդի հակաահաբեկչական գործողությունների համակարգողի զեկույցի համաձայն, առաջին հերթին աճում է դավադրության նոր տեսությունների մարտական տրամադրված հետևորդների թիվը։
Փաստաթղթի համաձայն, համավարակի ընթացքում ահաբեկչական ակտերի թիվը նվազել է, ինչը պայմանավորված է վիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներով․ սահմանները փակ են, տեղաշարժման իրավունքը՝ սահմանափակված, ոստիկանների ներկայությունը փողոցներում անհամեմատ ավելի մեծ է։
— … Ծայրահեղականները, սակայն, ներկայիս ճգնաժամային իրավիճակն օգտագործում են հասարակության կոնկրետ շերտերի շրջանում անորոշություն ու վախ սերմանելու համար։ Համավարակը հատկապես շահարկում են աջ ծայրահեղականները՝ ատելություն քարոզելով փոքրամասնությունների նկատմամբ, դավադրության տեսություններ տարածելով և «ռասայական պատերազմներ» հրահրելով։
․․․ Սրված թշնամական տրամադրություններ են նկատվում կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ։ Աջ ծայրահեղականներն առաջին հերթին թշնամանքի արշավ են սկսել ասիացիների հետ․ «վնասակարներ» ու «մակաբույծներ» են անվանում։ Մի շարք երկրներում արդեն ռասիստական հիմքով հանցագործություններ են արձանագրվել։ Բացի այդ, աջ շրջաններում կոչ են անում ահաբեկչական ակտեր իրականացնել մզկիթների ու սինագոգների ուղղությամբ, նաև կորոնավիրուսն օգտագործել որպես «կենսաբանական զենք»՝ մահմեդականների ու հրեաների դեմ։
․․․ Մարտական տրամադրված, դավադրության նոր տեսությունների աջակից ակտիվիստների կտրուկ աճ է նկատվում։ Շատերը, օրինակ, հավատում են, որ Չինաստանի Վուհան քաղաքը 5G նոր տեխնոլոգիայի փորձնական «հրաձգարանն» է, և իրականում հենց դա է Covid հիվանդության իրական պատճառն ու նպատակը։ Այս տեսության հետևորդ «տեխնոֆոբները» Մեծ Բրիտանիայում և Նիդերլանդներում արդեն 5G ցանցի մի քանի աշտարակ են վնասել։ Համավարակի պայմաններում պետությունների կողմից ընդունված սահամանափակող միջոցների ֆոնին ակտիվացել են հակակառավարական ակտիվիստները, օրինակ՝ անարխիստները կամ «արմատական լիբերտարիանները»։ Հակակառավարական ակցիաները, որոնք հաճախ ուղեկցվում են բռնությամբ, կարող են հաճախանալ։
․․․ Շարունակում է բարձր մնալ ահաբեկչական վտանգը ջիհադիստների կողմից։ Չնայած ահաբեկչական գործողություններն այս պահի դրությամբ սակավաթիվ են, հիվանդանոցներն ու այլ բուժհաստատությունները շարունակում են ցանկալի թիրախ մնալ բռնի գործողությունների համար։
․․․ Իսլամիստների տեսանկյունից, կորոնավիրուսը Աստծո պատիժն է «անհավատներին»։ Այդ իմաստով համավարակն օգտագործվում է այնպիսի ահաբեկչական կազմակերպությունների պրոպագանդայում, ինչպիսիք են «Իսլամական պետությունը» կամ «Ալ Քաիդան»։ Նրանց կարծիքով, Ալլահը վրեժխնդիր է լինում թշնամիներից, մասնավորապես՝ չինական կառավարությունից, որի բռնության զոհն են դարձել մահմեդական ույղուրները։ Իրանական ռեժիմը վիրուսի տարածման պատասխանատվությունը մասամբ բարդել է Իսրայելի վրա, կորոնավիրուսը որակելով որպես «արևելյան կամ սիոնիստական կենսաբանական զենք»։
․․․ Ձախ ծայրահեղականներին կարծիքով, վիրուսի տարածման մեջ առաջին հերթին մեղավոր է «կապիտալիստական համակարգը»։ Պետությունների կողմից սահմանափակող միջոցների կիրառումը հաճախ մեկնաբանվում է որպես ոստիկանապետություններ հիմնելու փորձ։ Ձախ արմատականները անկարգությունների կոչեր են անում փակ կառույցներում, օրինակ՝ Իտալիայի ձախերն անկարգությունների կոչ էին անում բանտարկյալներին։