Մայիսի 18-22-ը Ադրբեջանում անցկացվելու է օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժություն: Հայաստանի Պաշտպանության նախարարությունը մայիսի 14-ի հայտարարությունում ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ զորավարժությունն ունի բացառապես հարձակողական բնույթ, որի ընթացքում խաղարկվելու են հրթիռահրետանային, ավիացիոն, գերճշգրիտ սպառազինության զանգվածային հարվածներ հակառակորդի օպերատիվ խորությամբ: Ռազմական գերատեսչությունը զգուշացնում է, որ Հայաստանի և Ղարաբաղի սահմաններին ցանկացած մոտեցման փորձ կդիտվի որպես սադրանք և կունենա համապատասխան հետևանքներ։
Հայաստանի ՊՆ-ն միջազգային կազմակերպությունների՝ մասնավորապես ԵԱՀԿ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանում կայանալիք լայնածավալ զորավարժությունը տեղի է ունենում առանց նախնական ծանուցման, ինչը «վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառում հանդիսացող 2011թ. Վիեննայի փաստաթղթի անտեսման և կոպիտ խախտման հերթական դրսևորում է»:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից տարածաշրջանում անվտանգային միջավայրը սրող այդ զորավարժության անցկացումը, ինչը տեղի է ունենալու համաշխարհային մարտահրավերի՝ COVID-19 համավարակի դեմ միասնական գործողություններով պայքարելու անհրաժեշտության պայմաններում և ի հեճուկս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ա.Գուտերեշի համաշխարհային զինադադարի հաստատման կոչին:
Կոչ ենք անում ադրբեջանական կողմին զսպվածություն դրսևորել և հարգել միջազգային հանրության առջև ստանձնած հանձնառությունները: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ զորավարժությունների ընթացքում Հայաստանի հետ պետական սահմանին կամ Արցախի հետ շփման գծին ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ցանկացած մոտեցման փորձ կդիտվի որպես սադրանք և կունենա համապատասխան հետևանքներ»։
Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդում է, որ լայնածավալ ռազմական զորավարժություններին կմասնակցի մինչև 10 հազար զինծառայող, շուրջ 120 միավոր հրետանի և զրահատեխնիկա, 200 միավոր հրթիռահրետանային համալիրներ, 30 միավոր ավիացիայի և տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր։ Զորավարժությունների ընթացքում կմշակվեն տարբեր զորատեսակների մարտական պատրաստությունը, գործողությունների պլանավորումը և ապահովումը, փոխգործողությունը, կստուգվեն հարվածային խմբավորումների մանևրային և կրակային հնարավորությունները: