Իրանական Օմանի ծոցում իրականացվող ռազմածովային զորավարժությունների արդյունքում զոհվել է նվազագույնը 19, վիրավորվել՝ 15 զինծառայող։ Տեղեկատվությունը հաստատել է Իսլամական հանրապետության Զինված ուժերի մամուլի ծառայությունը։
«19 հոգի մահացել է, ևս 15֊ը՝ վիրավորվել։ Տուժածների վիճակը գնահատվում է բավարար», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել «Կոնարակ» նավի վրա, մայիսի 10-ին։ Որոշ տեղեկություններով, նավի վրա հրթիռ է ընկել, քանի որ այն չափից դուրս մոտ էր գտնվում նպատակակետին, որը նախապես որոշվել էր ջրի վրա։ Այս տեղեկությունը դեռևս չի հերքվել կամ հաստատվել զինվորականների կողմից։
47 մետր երկարությամբ և 40 տոննա տարողությամբ «Կոնարակ» նավն արտադրվել է Նիդերլանդներում, 1988 թվականից ներառված է Իրանի զինված ուժերի կազմում։