Հունվարի 13-ի գիշերը Իրանի իշխանությունները արցունքաբեր գազ են կիրառել Թեհրանում և այլ քաղաքներում ցույցի դուրս եկած քաղաքացիների դեմ։ Ցուցարարները արդարադատություն են պահանջում հունվարի 8-ին Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտակայքում ուկրաինական «Բոինգ»-ի կործանման մեղավորների նկատմամբ։
Բողոքի ակցիաները մեկնարկել են իշխանությունների խոստովանական հայտարարությունից ժամեր անց, երբ պարզ դարձավ, որ ինքնաթիռը սխալմամբ խոցվել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» կազմում գործող հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից։ Օդանավում գտնվող բոլոր ուղևորներն ու աշխատակիցները՝ 176 մարդ, մահացել են։
Ցույցերն աստիճանաբար հակակառավարական բնույթ են ստանում, թիրախավորվում է գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանի Բեհեշթի համալսարանի ուսանողները վանկարկում էին «Մենք զզվել ենք Ալիից»։
Ցույցերին միացել են նաև Սպահանի տեխնոլոգիական և Թեհրանի Ամիր Քաբիր համալսարանների ուսանողները: Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբ Մաքեյրը ինքնաթիռի կործանման զոհերի հիշատակը հարգելով միացել էր Ամիր Քաբիրի ուսանողներին։ Նա շուտով բերման է ենթարկվել՝ ցուցարարներին ուղղորդելու մեղադրանքով։ Իրանի Արտաքին գործերի նախարարի զանգից հետո միայն նրան ազատ են արձակել։ Որոշ կառավարամետ խմբավորումներ դեպքից հետո բողոքի ակցիաներ են սկսել Մեծ Բրիտանիայի հյուպատոսության մոտ՝ պահանջելով դեսպանատան փակումն ու վանկարկելով «մահ Բրիտանիային»։
«Մեզ ստեր են պատմում, ասում են Ամերիկան է մեր թշնամին, բայց հենց իրենք [Իրանի իշխանությունները] են մեր թշնամին»,- ասում են Բեհեշթի համալսարանի ուսանողներն ու Հեղափոխության պահապանների կորպուսը համեմատում ահաբեկչական կազմավորումների հետ․ «Դուք եք մեր Իսլամական պետությունը»։
Հունվարի 3-ին ամերիկյան ուժերի կողմից գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո Իրանում ազգայնական տրամադրություններ էին։ Գեներալի սպանությանն ի պատասխան Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի ռմբակոծությունն ընկալվեց որպես ուժի ցուցադրություն Իրանի կողմից, իսկ ուղևորափոխադրող ինքնաթիռի կործանումը զայրույթ առաջացրեց, ինչն էլ զանգվածային ցույցերի պատճառ դարձավ։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առիթից օգտվելով թվիթերի իր էջում գրառում էր հրապարակել ցուցարարներին իր աջակցությունը հայտնելու և Իսլամական Պետության դեմ պայքարը հզորացնելու մասին։ «ՄԻ ՍՊԱՆԵՔ ՁԵՐ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ»,- Իրանի իշխանություններին կոչ է արել Թրամփն ու հիշեցրել․ «Աշխարհը ձեզ հետևում է, կարևորը՝ ԱՄՆ֊ն է ձեզ հետևում»։
Ավելի վաղ Ամերիկայի կողմից Իրանի նկատմամբ սահմանված խիստ պատժամիջոցների պատճառով Իրանում վառելիքի գինը կտրուկ բարձրացել էր, ինչը նոյեմբերին հանգեցրել էր ռեժիմի պատմության ամենաբազմամարդ բողոքի ակցիաներին։ Իշխանությունները ցուցարարներին խոչընդոտելու համար արգելափակել էին համացանցը։