Home / Առողջապահություն / Մի քանի կիլոմետր ավել քշելը կփրկի նորածնի և ծննդկանի կյանքը

Մի քանի կիլոմետր ավել քշելը կփրկի նորածնի և ծննդկանի կյանքը

Մի քանի կիլոմետր ավել մեքենա վարելն ավելի քիչ դժվարություն է ներկայացնում, քան մեկ երեխայի կամ մեկ ծննդկանի կյանքը փրկելը, կարծում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Ըստ նրա՝ համայնքային ծննդատները, որոնք չեն համապատասխանում ստանդարտներին, պոտենցիալ վտանգ են ներկայացնում նորածնի և ծննդկանի համար։ Ավելի ապահով է դիմել «մի քանի կիլոմետր» հեռավորության վրա գտնվող հիվանդանոց, քան՝ գյուղի ծննդատուն, որտեղ չկան բավարար պայմաններ։

Նշենք, որ հունվարի 8-ին Մարալիկ և հարակից համայնքների բնակիչները՝ տեղի ծննդատան աշխատակիցների հետ միասին, փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհը՝ Առողջապահության նախարարությունից պահանջելով հետ կանգնել բուժհաստատությունը փակելու որոշումից: 

Նախարարը հակադարձում է՝ բուժհաստատությունները չեն փակվում, պարզապես կարգավորվում են այնտեղ մատուցվող ծառայությունների տեսակները և սկզբունքները։

«2018 թվականին մեր ոլորտի մասնագետների կողմից մատնանշվեցին սկզբունքները, թե ինչպիսի ծննդօգնություն մատուցող հաստատություններ մենք պետք է ունենանք։ Որոշվեցին կարգերը՝ առաջին, երկրորդ, երեքի Ա և երեքի Բ։ 

Հայաստանի Հանրապետության բոլոր բժշկական հաստատությունները, որոնք մատուցում էին ծննդօգնության ծառայություններ, գնահատվեցին։ Գնահատումը տեղի ունեցավ 2018 թվականի 2-րդ կիսամյակի ընթացքում, և բոլորին շնորհվեցին կարգեր։ 

Եղան հաստատություններ, որոնք այդ կարգերից որևէ մեկին չբավարարեցին՝ ծնունդների թվով, կադրային, շենքային, սարքավորումների հագեցվածությունով», – ասում է նախարարը՝ ընդգծելով, որ գնահատման ավարտից հետո բուժհաստատություններին մեկ տարի ժամանակ տրվեց՝ փոփոխություններ կատարելու համար։ 

Մարալիկի ծննդատանը, սակայն, նախարարության կարծիքով, բավարար փոփոխությունների չենթարկվեց։ Անցյալ տարվա ընթացքում այնտեղ ծնվել է ընհամենը 102 երեխա (Ֆինանսավորման երկարաձգման համար, ըստ նախարարության, անհրաժեշտ է, որ տարեկան այնտեղ առնվազն 150 երեխա ծնվի)։ Ծննդատունը չունի մի շարք մասնագետներ, մասնավորապես՝ վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, ինչը մեծ վտանգ կարող է ներկայացնել թե՛ մոր, թե՛ նորածնի համար։

Ինչո՞վ է պայմանավորված որոշումը՝ դադարեցնել ծննդատան պետական ֆինանսավորումը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում էին՝ հիվանդանոցը փակելու փոխարեն կարելի էր բարելավել պայմանները։

Թորոսյանը համաձայն չէ։ Ըստ նրա, առողջապահության ոլորտի մասնագիտական հանրության կողմից կա ընդունված մի սկզբունք, համաձայն որի՝ ծախսարդյունավետության և ծառայությունների որակի տեսանկյունից հիվանդանոցային օղակի համար օպտիմալ է խոշորացումը, իսկ ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգի համար՝ տեղայնացումն ու մասնատումը։ Ըստ Թորոսյանի՝ սա այն ընդհանուր ելակետն է, որից բխում են ոլորտային բարեփոխումները, այդ թվում՝ ծննդօգնության ոլորտում։

«Եթե հիփոթեթիկ վերցնենք 2 բժշկական հաստատություն, որում մատուցվում են ամբողջությամբ նույն ծառայությունները, ապա այն հիմնարկում, որտեղ դրանք ավելի քիչ թվով եմ մատուցվում, դրանք որակի առումով ավելի ցածր են, քան այն հաստատություններում, որտեղ այդ ծառայությունները մատուցվում են ավելի մեծ թվով։

․․․ Երևանում մենք ունենք 3-4 շատ մեծ հիվանդանոց, որոնցից ամեն մեկը ունի 400-500 մահճակալ։ Բայց եթե առողջապահության դասական կարգավորման ծախսարդյունավետության տեսանկյունից նայենք, եթե Երևանը նոր կառուցվեր, այսինքն՝ կառուցվեր մեկ միլիոն բնակչությամբ նոր քաղաք, ապա ամենաօպտիմալ ու ամենաճիշտ մոդելը կլիներ կառուցել ընդամենը մեկ 1500 մահճակալանոց հիվանդանոց։

Սա՝ ընդհանրապես առողջապահության, հիվանդանոցային օղակի վերաբերյալ։

Իսկ երբ խոսում ենք արտահիվանդանոցային օղակի՝ ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգի մասին, այստեղ գործում է հակառակ սկզբունքը․ այդ ծառայությունները պետք է մաքսիմալ մոտիկ լինեն սպառողներին, պացիենտներին, մեր քաղաքացիներին։ Դրա համար մենք ունենք բազմաթիվ ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններ Երևանում, մարզերում, շատ գյուղական համայնքներում։ Հարյուրավոր։ Որոշ գյուղական համայնքներում էլ, որոնք փոքր են չափով, ունենք բուժակ-մանկաբարձական կետեր», – նշում է նախարարը։ 

Ծննդատների, որպես հիվնադանոցային օղակի մաս, «խոշորացումը» պայմանավորված է հենց այս սկզբունքով և ֆինանսական շահ, ըստ նախարարի, չի հետապնդում․ «Կապ ունի միայն մանկական և մայրական մահացածության իջեցման և կանխարգելման հետ»։

https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/2573236919665865/