Home / Առողջապահություն / Երեխայի անհետացման հետևում բժիշկներն ու դատախազությունն են կանգնած

Երեխայի անհետացման հետևում բժիշկներն ու դատախազությունն են կանգնած

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հոկտեմբերի 17-ին շարունակվում էր Սյուզաննա Պատվականյանի և նրա ներկայացուցիչ՝ փաստաբանների պալատի անդամ Մարատ Կոստանյանի բողոքի քննությունը։ Պատվականյանն ու Կոստանյանը պահանջում են իրավական գնահատական տալ Գլխավոր դատախազության և Ազգային անվտանգության ծառայության գործողություններին, որոնք, նրանց պնդմամբ, տարիներ շարունակ միտումնավոր կոծկել և դրանով իսկ՝ հովանավորել են 19 տարի առաջ տեղի ունեցած մանկավաճառության դեպքը։

«2000 թվականին վստահորդս՝ Սյուզաննա Պատվականյանը, անչափահաս հասակում ծննդաբերել է աղջիկ երեխա։ Ծննդաբերությունից անմիջապես հետո բժիշկները՝ մոլորեցնելով նրան, իբր երեխան լուրջ առողջական խնդիրներով է ծնվել և երկար չի ապրի, դրդել են Սյուզաննային հրաժարվել երեխայից», – Epress.am-ի հետ զրույցում այս մասին ասաց կնոջ փաստաբանը։

Կոստանյանի փոխանցմամբ, երեխայից հրաժարվելու մասին դիմումը կազմվել է բժիշկների թելադրանքով և օրինական ուժ ունենալ չի կարող․

«Սյուզաննան անչափահաս է եղել՝ 16-ը չլրացած։ Դիմումի ստորագրման, կազմման պահին նրա ծնողները ներկա չեն եղել, բնականաբար։ Դիմումը չի կարող հիմք հանդիսանալ երեխային մորից կտրելու համար», – ասում է Կոստանյանը։

Փաստաթղթում նշված է Սյուզաննայի ծննդյան ամսաթիվը ու կա գլխավոր բժիշկ Ռազմիկ Աբրահամյանի [Հանրապետական ծննդատան տնօրենը, ով վերջերս մեղադրվում էր մեկ այլ նորածնի «անհետացման» մեջ – խմբ.] ստորագրությունը, ինչը ինքնին վկայում է նրա՝ Սյուզաննայի անչափահասությունից քաջատեղյակ լինելու մասին և կարող է համարվել իրեղեն ապացույց միաժամանակ երկու հանցագործությունների համար․ «Առաջինը, որ անչափահասի այդ դիմումի հիման վրա երեխային փախցրել են մորից։ Երկրորդը՝ 141-րդ հոդվածի մասով․ հիվանդանոցի գլխավոր բժիշկը, եթե չունենար կողմնակի շահ, օրենքի պահանջով հաղորդագրություն պետք է տար ոստիկանությանը՝ անչափահասի հետ սեռական հարաբերություններ ունենալու հոդվածով, ինչը չի արել, և դա նույնպես հանցագործություն է»։

Հրաժարվելու մասին դիմումը ստորագրելուց հետո Սյուզաննան երեխային այլևս չի տեսել։ Կոստանյանի փոխանցմամբ՝ երեխայի գոյության հետքերը անհետացել են․

«Երեխան ծնվել է, ապօրինի հրաժարականի հիման վրա փախցվել է մորից ու անհետացել։ Թաղապետարանը, որը այդ իմաստով պատասխանատու մարմին է, և ԶԱԳՍ-ը, որը երեխային ծննդյան վկայական տվող մարմինն է, մշտապես հայտարարել են, որ չկա այդպիսի երեխա՝ ո՛չ գրանցված է եղել, ո՛չ ծննդյան վկայական է ստացել, ո՛չ որդեգրման մասին որևէ տվյալ կա․․․ Մահվան արձանագրություն հիվանդանոցում նույնպես չկա։ Փաստաթղթերի վրա այդ երեխան, այսինքն, գոյություն չունի։ Ծնվել է ու անհետացել։ 

Յոթ-ութ տարի առաջ քրեական գործ հարուցվեց, որի նախաքննության ընթացքում մեկ էլ հայտնվեց հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ռազմիկ Աբրահամյանը՝ թե բա այո, ծննդաբերել է, երեխան որդեգրվել է։ Բերել, քննիչին է հանձնել Սյուզաննայի հրաժարականը երեխայից։

Ախր եթե երեխան որդեգրված լիներ, եթե որդեգրման այդ ընթացքը արվեր օրինական, այլ ոչ, ասենք, ստվերային առքուվաճառքով, հրաժարականի այդ դիմումը պետք է թաղապետարանում լիներ, ոչ թե հիվանդանոցի գլխավոր բժշկի սեյֆում։ Նախաքննությունը այս հանգամանքը, իհարկե, նույնպես անտեսեց»։

Փաստաբանն ասում է՝ Սյուզաննան տասը տարի է, ինչ փնտրում է երեխային։ Ոստիկանությունը, դատախազությունը ոչ միայն չեն օգնել գտնել նրան, այլև բժիշկների հետևից մաքրել, սրբել են հետքերը ու կոծկել բոլոր դիմումները․

«Պաշտոնապես եմ հայտարարում, որ Գլխավոր դատախազությունը ի սկզբանե շահագրգռված է եղել և ամեն բան արել է այս գործը փակելու համար։

Հիմա դատարանում բողոք են քննում այն պարագայում, երբ անգամ քրեական գործ չկա հարուցված։

Մենք արդեն այս եղանակով ենք փորձում ստիպել իրենց աշխատել։ Մեր բողոքը հիմա Գլխավոր դատախազության և Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի դեմ է, դատարանից պահանջում ենք վերացնել նրանց անգործությունը, պահանջում ենք նոր քրեական գործ հարուցել։

Մեր դիմումի հիման վրա իրենք ամիսներ շարունակ ոչինչ չեն անում՝ իրար պաս են տալիս միայն, տարիներով ձգձգում այս գործընթացը»։

Սա քրեական գործ հարուցելու համար արդեն երկրորդ հանցագոծության մասին հաղորդումն է։ Առաջինը, փաստաբանի խոսքերով, ավարտուն կերպով փակվել է, բողոքարկելու հնարավորություն իրենք այլեւս չունեն․

«Առաջին գործը 2012 թվականին կոծկեցին գնաց։ Այն ժամանակ Սյուզաննան դիմել էր ոստիկանություն, որ իր երեխային անհետացրել են։ Տասը ամիս նյութեր են նախապատրաստել, ինչն արդեն իսկ օրենքի խախտում էր։ Դատարան դիմելուց հետո են միայն որոշում կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ Դա 2013-ին է եղել։ Բողոքարկել ենք, որպեսզի դատարանը պարտադրի քրեական գործ հարուցել։ Դատարանը մեր բողոքը բավարարել է։ Ի վերջո, երկար քաշքշուկներից հետո քրեական գործը հարուցվել է՝ 167 հոդվածով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը)։ Այսինքն՝ երկու տարի պայքարել ենք զուտ որպեսզի գործ հարուցեն։

Եվ այդ գործի նախաքննությունը՝ կատարված սարսափելի կոպիտ խախտումներով և կեղծիքներով, ի վերջո ավարտվել է քրեական գործի կարճմամբ՝ իբր հանցակազմ չկա։ 

Այսինքն՝ երեխայի անհետանալը, ապօրինի հրաժարականի դիմումի հիման վրա երեխային մորից կտրելը, բժշկի բազմաթիվ ընթացակարգային խախտումները՝ հեչ, հանցակազմի բացակայությունը՝ մեջ։ Էլ ի՞նչ պետք է լիներ, որ գործը չկարճվեր։

Գլխավոր դատախազությունը քիթը խոթել էր զուտ որպեսզի այս գործը ջրվի՝ ամենասկզբից մինչև վերջ։

Մենք հիմա ստիպված՝ կառչելով նրանից, որ նույնիսկ քրեական գործի կարճման որոշման մեջ է այն ժամանակ ամրագրվել, որ վստահորդս ծննդաբերության ժամանակ անչափահաս է եղել, ստիպված մեկ այլ դրվագ ենք առաջ բերում՝ որպես նոր հանգամանք, նոր հիմք քրեական գործի հարուցման համար։ Դա՝ բժշկի կողմից ծննդաբերության պահին 141 հոդվածի մասին հաղորդում չներակայցնելն է, այսինքն՝ անչափահասի հետ սեռական հարաբերությունների փաստը թաքցնելը։  Հիմա՝ կառչելով նրանից, որ դա մի հանգամանք է, որը դեռ չէր վկայակոչվել նախորդ բողոքարկումներում, հույս ունենք, որ այդ նոր դրվագը հիմք կդառնա քրեական գործ հարուցելու համար։ Մնացած հաղորդումները իրավական իմաստով արդեն փակել, դրել են դարակ», – ասում է Կոստանյանը։

Հոկտեմբերի 17-ի դատական նիստը կրկին հետաձգվեց՝ բողոքի քննության համար անհրաժեշտ փաստաթղթեր ստանալու հիմնավորմամբ։