Երեխայի ծնվելուց տասներեք օր անց 33-ամյա Հայկուհի Խաչատրյանը դեռ «Որտե՞ղ է երեխայիս մարմինը, եթե նա մահացել է» հարցն է տալիս Հանրապետական ծննդատան տնօրենին և ծնունդն ընդունած բժշկին։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի պատրաստած ռեպորտաժի՝ կինն ասում է, որ հղիությունն առանց բարդությունների է ընթացել, սակայն նա մինչ օրս չի հասկանում՝ ինչո՞ւ է երեխան մահացած ծնվել և ինչո՞ւ նա այդպես էլ չկարողացավ տեսնել երեխայի դիակը։
Ծննդկանը պատմել է «Ազատությանը», որ դեպքի օրը՝ երեկոյան, երեխային տարան, իրեն քնաբերների ազդեցության տակ պահելով․ «Ամուսնուս պահակախումբը տարավ, հարազատներին տարան»։ Երեխային տեսնելու ցանկությանն ի պատասխան կնոջն ասել են, թե չի թույլատրվում։ Հիվանդանոցից դուրս գրվելու հաջորդ օրը նա հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն։
Դիահերձարաններ և լաբորատորիաներ զանգահարելուց հետո Խաչատրյանը երեխայի մասին որևէ տեղեկություն չստացավ։ Դրանից հետո ամուսինները գնացել են Հանրապետական ծննդատուն և բժշկից ու տնօրեն Ռազմիկ Աբրահամյանից պահանջել երեխայի մարմինը։
Ծննդկանը համոզված է՝ երեխան ողջ է։ Այնուհետև կնոջը զանգահարում են Դատական բժշկության հանրապետական գիտագործնական կենտրոնից։ Կինը պատմում է, որ Կենտրոն այցելելուց հետո տեսել է․ «Բանկայի մեջ 13 կտոր ինչ-որ օրգաններ են լցված»։
Կնոջ հղիությունը հսկած մանկաբարձ-գինեկոլոգ Ռուզաննա Քեհյանի խոսքով՝ ծննդկանը երեխայի դին տեսնելու ցանկություն չի ունեցել։ Իսկ «Ազատության»՝ ո՞րն է երեխայի մահվան պատճառն ու որտե՞ղ է այս պահին երեխայի մարմինը հարցերն անպատասխան մնացին։
Ռադիոկայանը նաև տեղեկացնում է, որ կինը չի հավատում երեխայի մահվան մասին պնդումներին, որովհետև, իր խոսքով, հիվանդանոցի տնօրենն իրենն ու քրոջը մեկ միլիոն դրամ է առաջարկել՝ որպես օգնություն, ինչի մասին Խաչատրյանն իրավապահներին է տեղեկացրել։
ՀՀ Քննչական կոմիտեն արդեն հայտնել է, որ պտղի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է տարվում։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել էր վերակենդանացման բաժանմուքնում գտնվող ծննդկանին։ Ռադիոկայանը հիշեցնում է՝ հենց այս հիվանդանոցի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանն ամիսներ առաջ բերման էր ենթարկվել ԱԱԾ՝ առողջապահության նախարարի տեղակալին կաշառք տալու գործով։
Մանրամասներն՝ այստեղ