Հայաստանցիների զգալի մասը, բախվելով քիչ թե շատ լուրջ առողջապահական խնդիրներին, հաճախ կտրուկ աղքատանում է․ ստիպված է լինում վաճառել մեքենան, տունը կամ վարկ վերցնել՝ վիրահատական, հետվիրահատական, դեղորայքային բուժումը ապահովելու համար։ Բուժսպասարկման համար քաղաքացու գրպանից ուղղակիորեն տրվող գումարի չափով Հայաստանը առաջատար դիրքեր է զբաղեցնում տարածաշրջանում, հետսովետական երկրներում, Եվրոպայում։
Առողջապահության նախարարությունը մշակել է Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի հայեցակարգը, որը հնարավոր է ներդնել, եթե աշխատավարձ ստացողները ամսական աշխատավարձից 6 տոկոս հատկացնեն այդ նպատակի համար։ Տոկոսը հնարավոր է կրճատել, սակայն դա նշանակում է, որ ապահովագրական փաթեթը չի ընդգրկի բոլոր հայաստանցիներին և մի շարք բժշկական ծառայություններ։
Վեց տոկոս «առողջապահական հարկի» դիմաց քաղաքացիների 90 և ավել տոկոսը, այդ թվում՝ չաշխատողները, ուսանողները, թոշակառուներն ու մնացած բոլոր խմբերը, կստանան ապահովագրված ծառայությունների այնպիսի ծածկույթ, որն այժմ չեն ապահովում նույնիսկ թանկարժեք մասնավոր ապահովագրության փաթեթները։
Տեսանյութում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացնում է նախագծի մանրամասները, պատասխանում է լրագրողների հարցերին։