«Բուժաշխատողների կողմից ապօրինի գումարների «շորթումը» անընդունելի է և միշտ արժանանալու է նման խիստ արձագանքի:
Գագիկ Համբարձումյանը, ում որդին այսօր հարձակվել էր «Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանի վրա` օրեր առաջ ազատվել էր աշխատանքից լուսանկարում երևացող դիմումի հիման վրա: Նա ապօրինի 400.000 դրամ գումար էր վերցրել պացիենտի հարազատներից, իսկ այս դիմումից հետո հետ վերադարձրել այն:
Տնօրենի իրավաչափ որոշումամբ` նա այս խախտումը թույլ տալու համար ազատվել էր աշխատանքից, իսկ նրա որդին այսօր «հաշիվ էր պահանջում» տնօրենից», – անդրադառնալով նախօրեին Ուռուցքաբանական ազգային կենտրոնում տեղի ունեցած միջադեպին, գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 4֊ին՝ ժամը 13։30 սահմաններում․ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը (պաշտոնը ստանձնել է մոտ մեկ ամիս առաջ) աշխատանքից ազատել է Վահագն Համբարձումյանի հորը, Համբարձումյանը՝ պարզաբանումներ ստանալու նպատակով, մտել է տնօրենի աշխատասենյակ, խոսակցությունը վերածվել է վիճաբանության, այնուհետև՝ ծեծկռտուքի, ինչի հետևանքով էլ Համբարձումյանը քթի մասում վնասվածքներ է ստացել։
Դեպքի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։