Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մայիսի 13-ին ամփոփել է պաշտոնավարման մեկ տարվա աշխատանքները։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա անդրադարձավ նաև համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրման ծրագրին՝ վերահաստատելով իր մտադրությունը՝ կազմակերպել այն հանրային կամ պետական, այլ ոչ մասնավոր հիմնադրամի միջոցով։
– Մենք այսօր էլ Հայաստանում առողջության առաջնային պահպանման մակարդակում ունենք համընդհանուր առողջապահական ծածկույթ, որտեղ Հայաստանի բոլոր քաղաքացիներն ԱԱՊ օղակում առնվազն կարող են օգտվել ծառայություններից՝ առանց հավելյալ վճարումների։ [Համընդհանուր ապահովագրության ներդրման պարագայում] խոսքը վերաբերում է հիվանդանոցային ծառայություններին, և մենք հենց հիմա շատ լուրջ քայլեր ու հաշվարկներ ենք անում այդ համակարգի ներդրման ուղղությամբ։ Ես նորից կրկնում եմ իմ մտադրությունը դա անել հանրային կամ պետական ապահովագրական հիմնադրամների միջոցով։
―
Պետական առողջապահական հիմնադրամները ունեն մի քանի առավելություններ․ դրանցից մեկն ավելի էժան ադմինիստրատիվ ծախսերն են, որովհետև մասնավոր ապահովագրությունները, օրինակ, Հայաստանում հինգ տոկոս շահույթ և հինգ տոկոս ադմինիստրատիվ ծախսեր են վերցնում իրենց ապահովագրագումարից, իսկ պետական ապահովագրական հիմնադրամները, մեր դեպքում, մի տոկոսն էլ չեն անցնում, իսկ աշխարհում տատանվում են 0,8-2 տոկոսի շրջանակներում։ Այսինքն՝ այն հավելյալ գումարը, որ մասնավոր ապահովագրականը վերցնում էր, կծախսվի նորից առողջապահական, բժշկական ծառայությունների վրա։
Հաջորդ մեծ կարևոր առավելությունը ռիսկերի համաչափ բաշխումն է։ Որովհետև երբ մասնավոր ապահովագրություն ունես, մասնավոր ապահովագրությունը շահագրգռված է առողջ ազգաբնակչությանը ապահովագրելու մեջ, որոնք շատ քիչ են հիվանդանում։ Իսկ պետականի համար, երբ հավաքում ես բոլորին նույն տեղում՝ առողջ, հիվանդ, երիտասարդ, ծեր, երեխա, մեծահասակ, դու մեղմում ես ռիսկերը և ունենում ես բոլորի համար հավասարաչափ ծածկույթ։
―
Ամբողջությամբ հիմնավորված է ունենալ այդպիսի համակարգ, բազմաթիվ երկիրների օրինակներ կան, այդ թվում նաև ձախողված երկիրների օրինակներ, որոնք այդպես չեն արել ու հետո վերադարձել են։ Նույն մեր հարևան Վրաստանը․ Սահակաշվիլիի կառավարության ժամանակ, ինչքան էլ որ դրական փոփոխություններ Վրաստանում սկսվեցին, նաև սուպեր լիբերալ որոշումներ կայացվեցին, եբեմն՝ նեոլիբերալ, որոնք հետագայում ձախողման բերեցին այդ համակարգերը։ Մասնավոր առողջապահական ապահովագրությունը դրանցից մեկն էր։ Հետագա կառավարությունը ամբողջությամբ վերացրեց այդ համակարգը և բացեց մեկ հիմնադրամ՝ Պետական առողջապահական հիմնադրամ, որն ասյօր Վրաստանում ապահովում է այդ համընդհանուր ծածկույթը։ Վրաստանն էլ ծախսում է առողջապահության վրա պետական միջոցներից մոտավորապես երկու անգամ ավելի շատ, քան Հայաստանը։ Մենք ուզում ենք չձախողվել, մենք ուզում ենք միանգամից հաջող մոդել ունենալ։
―
Միևնույն ժամանակ դա չի բացառում մասնավոր ապահովագրականների ներգրավվածությունը այդ համակարգում։ Նույն Հարավային Կորեայում ամբողջ ազգաբնակչության 100 տոկոսանոց ծածկույթ կա պետական հիմնադրամի միջոցով և ևս 70% ծածկույթ՝ մասնավոր ապահովագրականների միջոցով, որոնք հավելյալ ծառայություններ են առաջարկում։ Օրինակ՝ շքեղ պալատներ են առաջարկում, առանց հերթի միջամտություններ են առաջարկում, պլաստիկ վիրաբուժություն են առաջարկում, ատամների ծառություններ։
Այսինքն՝ երբ մենք ընդհանուրն ու բազայինը, կյանք փրկող փաթեթը տրամադրում ենք, մասնավորները կարող են արդեն հավելյալի վրա աշխատել, մենք դրա կողմնակիցն ենք։ Եվ ես մեր քննարկումների ժամանակ, որոնք կհանգուցալուծվեն մեկ-երկու շաբաթվա մեջ, դրանից ավել այլևս չենք կարող սպասել, պետք է հասնեմ կոնսենսուսի, որպեսզի մենք գնանք իմ այդ ասած ուղղությամբ։
―
Սա կլասիկ ապահովագրություն չէ, սա ապահովություն է ավելի շատ, սոցիալական ապահովության համակարգ է։ Տարբերությունը մեծ է։ Դու չես կապում դա բիզնես շահի հետ։ Այսինքն՝ դու սոցիալական համերաշխության վրա հիմնված, տարբեր քաղաքացիների առողջական ռիսկերը հաշվի առնող համակարգ ես ներդնում, որպեսզի նրանք աղետալի առողջապահական ծախսեր, որոնք բերում են աղքատության, չանեն։ Մեզ մոտ, էլի մի հատ թիվ ասեմ, իրենց գրպանից առողջապահական ծախսեր կատարող ընտանիքների կեսը աղքատանում է դրա պատճառով։ Որովհետև երբ դու երկու, երեք, հինգ միլիոն դրամ պետք է ծախսես սրտի կամ գլխուղեղի վիրահատության վրա, դա քո ընտանեկան բյուջեի այնքան տոկոսն է, որ դու ավտոմատ աղքատանում ես։ Դու ոչ այդքան աշխատավարձ ես ստանում, ոչ այդքան կուտակած գումար ունես։ Այսինքն՝ դու պայքարում ես նաև աղքատության դեմ՝ այդ համակարգերը ներդնելով։ Եվ ես շատ հաճախ ասում եմ՝ եկեք մի պահ վերանանք ապահովագրություն տերմինից, որը insurance-ն է անգլերեն, այլ գնանք ապահովություն տերմինին, որը a sureness-ն է, այսինքն՝ ապահովել, որ բնակիչները ստանան իրենց կյանքը փրկող ծառայությունները՝ անկախ այդ պահին իրենց ունեցած գումարի քանակից։ Դա է մեր խնդիրը և ոչ թե այս կամ այն շուկան զարգացնելը։