Համահարթ հարկման համակարգն առավել նպաստավոր է ավելի մեծ եկամուտներ ունեցողների համար։ Ճիշտ է՝ այս դեպքում հարկային ընթացակարգերը պարզեցվում են, բայց ավելի շատ եկամուտ ունեցողների նկատմամբ կիրառվող բազային դրույքաչափը նվազում է։ Այս մասին «Հարկային համակարգ, արդարություն և տնտեսական զարգացում» միջազգային գիտաժողովի ժամանակ ասել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության ֆինանսների նախարար Դրագան Թևդովսկին Epress.am-ի հետ զրույցում։
2007 թվականին Մակենդոնիայում (Հյուսիսային) նորընտիր աջակողմյա կառավարությունն անցում կատարեց համահարթ հարկման տեսակին։ Բացատրութույնն այն էր, որ դա կիրառվում է Եվրոպայի շատ երկրներում, և իբր այդ դեպքում հաշվարկն ավելի հեշտ է պետության համար, ինչպես նաև կավելանա ՀՆԱ-ն։ Սակայն ընդամենը մեկ տասնամյակ անց` 2019 թվականին, երկիրը կրկին վերադարձել է պրոգրեսիվ հարկմանը։
«Համահարթ հարկման տեսակն առաջացրեց եկամտային շատ մեծ անհավասարություն։ Դրա հետևանքով պետբյուջեի եկամուտները նվազեցին, և մենք դարձանք Եվրոպայում ամենաշատ անհավասարությունն ունեցող երկիրը։ Դրա համար մենք հետ ենք վերադարձել պրոգրեսիվ հարկին, որի նպատակն էր պետբյուջեի համար ձևավորվել ավելի շատ մուտքեր, որը հնարավոր կլինի ուղղել այնպիսի ոլորտների զարգացման համար, ինչպիսին են կրթություն, առողջապահություն և սոցիալական ապահովություն», – նշել է Դրագան Թևդովսկին։ Նա շեշտել է, որ եվրոպական մի շարք այլ երկներ՝ Չեխիա, Սլովակիա, Ալբանիա, Լատվիա, Մոնտենորգո նույնպես անցել են պրոգրեսիվ հարկման եղանակին։
Նշենք, որ Կառավարությունը ցանկանում է անցնել համահարթ եկամտային հարկի ներմուծմանը։ Ներկայումս գործում է եկամտային հարկի եռաստիճան համակարգ՝ 23% (մինչև 150 հազար դրամի համար), 28% (150 հազարից մինչև 2 միլիոն դրամի համար) և 36% (2 միլիոն դրամից բարձր) դրույքաչափեր: Նոր նախագիծն առաջարկում է համահարթեցնել հարկերը՝ սահմանելով 23% միասնական դրույքաչափ, որը մինչև 2023թ․ կնվազեցվի մինչև 20%-ի։
Նախագիծը մի շարք քննադատությունների է արժանացել մասնավորապես. նախագիծը ենթադրում է հարկային բեռի փոխանցում՝ հարուստ փոքրամասնությունից աղքատ մեծամասնությանը։ Հարկային դրույքաչափերի համահարթեցումը սրում է եկամուտների անհավասարությունը, նպաստում է սոցիալական անարդարությանը։ Հայաստանում արդեն իսկ անընդունելի չափերի հասած սոցիալական բևեռվածությունը խորանալու է նախագծի ընդունմամբ։