Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելու 1 տարվա կապակցությամբ ասուլիս է տվել և 100 փաստ ներկայացրել նոր Հայաստանի մասին:
- Ընթացիկ տարվա բյուջետային եկամուտները կգերակատարվեն ոչ թե 40 միլիարդ դրամով, ինչպես հայտարարել էի, այլ 62 միլիարդ դրամով, այսինքն՝ 129 միլիոն դոլարով ավել։ 2019 թվականի առաջին եռամսյակում 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտները փաստացի աճել են 25 տոկոսով կամ 64,1 միլիարդ դրամով, ինչը պայմանավորված է ստվերի կրճատման արդյունքում բյուջետային եկամուտների աճով։ Ստվերի կրճատման արդյունքում 2018 թվականին համադրելի ցուցանիշներով հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են համախառն ներքին արդյունքի 21,8 տոկոսը, ինչը 2017 թվականի համեմատ բարելավվել է 1,3 տոկոսային կետով։
- Կառավարության՝ հարկ վճարողներին ունեցած 120 միլիարդ դրամ անցումային գերավճարի պարտք է մարվել, որը կազմել է ընդհանուր գերավճարի պարտքի 90 տոկոսը։
- Հեղափոխությունից հետո ավելացված արժեքի հարկի գծով շուրջ 19 միլիարդ դրամ ավել գումար է վերադրաձվել տնտեսվարողներին՝ նախորդ նույն ժամանակաշրջանի համեմատ։
- Նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ տպագրվել է 82 միլիոն հատ հսկիչ դրամարկղային կտրոն ավել, որը շուրջ 35-40 տոկոս աճ է։
- Նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն փոքր և միջին ձեռնարկատիրության սյուբեկտներին տրվում են 60 հազար դրամով՝ հնարավորություն տալով դրանք ձեռք բերել տարաժամկետ վճարումով։ ՀԴՄ-ների ներմուծման և իրացման շուկայի ազատականացման արդյունքում «ՀԴՄ ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը 2019 թվականի նոյեմբերի 1-ից իրականացնելու է միայն սահմանամերձ գյուղական բնակավայրերում հաշվառված ՀԴՄ-ների անհատույց տրամադրումը և անվճար տեխնիկական սպասարկումը։
- 51 հազար աշխատատեղ դուրս է բերվել ստվերից, որոնց մի մասը ենթադրաբար նոր ստեղծված աշխատատեղեր են։
- Հաշվի առնելով մեքենաների ներմուծման աննախադեպ աճի տեմպերը՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում այսուհետ հնարավոր է մեքենան մաքսազերծել հանրապետության բոլոր մաքստներում, որոնք աշխատում են առանց ընդմիջման ժամերի։
- Այս տարի՝ հուլիսի 1-ից, կբարձրանան զինվորականների աշխատավարձերը, սեպտեմբերի 1-ից՝ ուսուցիչներինը։ Ընդ որում՝ զինվորական շարքային, պայմանագրային կազմի աշխատավարձը կբարձրանա շուրջ 20 տոկոսով, իսկ առանձնահատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողներինը՝ շուրջ 30 տոկոսով։
- Պահուստային ֆոնդից 5,7 միլիարդ դրամ է հատկացվել զինվորական կենսաթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար։ Ընդ որում՝ մարզերում բնակվող շահառուների նկատմամբ պետության ունեցած բնակարային պարտավորությունները լրիվ կկատարվեն։ Այդ պարտավորությունները մասամբ կկատրավեն նաև Երևանում բնակվողների համար։
- Շուրջ 700-ով կրճատվել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների թիվը, դրանք փոխարինվել են պայմանագրայիններով։
- Սահմանապահ 47 մարտական դիրքերն ապահովվել են արդյունաբերական էլեկտրական հոսանքով, 73 մարտական դիրքեր ապահովվել են ջրամատակարարմամբ, շուրջ 180 մարտական դիրք ապահովվել է սառնարաններով։ Առաջիկայում սառնարաններով կապահովվեն ևս 45 մարտական դիրք։ Շուրջ 380 լվացքի մեքենա է տրամադրվել զորամասերին։ Սահմանի երկայնքով տեղադրվել է 136 նոր, ժամանակակից տեսադիտարկման սարք։
- Զինվորների նախասիրությունների ուսումնասիրությունների արդյունքում՝ էական փոխությունների է ենթարկվել զորամասերի սննդակարգը, որում ներառվել են լավաշ, արևածաղկի ձեթ, սոխ,կարտոֆիլ, տոմատի մածուկ, սեզոնին կտրվի լոլիկ և վարունգ, առաջիկայում կտրվի մեղր, խոզի ճարպ, սև պղպեղ, կարմիր պղպեղ, մակարոն և այլ։
- Ժամկետային զինծառայողներն ապահովված են բարձրոնակ շապիկներով և կիսավարտիքներվ։ Ժամկետային զինծառայողներին թույլ է տրվել ունենալ հեռախոսներ և կապի մեջ լինել ընտանիքի անդամների հետ։
- Հայաստանը սկսել է Սու 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների գնամ գործընթաց, այլ զենքերի մասին չեմ կարող տեղեկություն հրապարակել։
- Զինծառայողների ապահովագրության «1000 դրամների հիմնադրամ»-ը սկսել է փոխհատուցել նաև 2008-ից 2016 թվականներին մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և նրանց ընտանիքներին։
- 410 բնակարաններ սեփականության իրավունքով անհատույց տրամադրվել են զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին։ Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու փոխհատուցման գումարների չափը բարձրացել է միջինը 24 տոկոսով։ 107 զինծառայողների նորակառույց շենքերում անհատույց օգտագործման իրավունքով տրվել են բնակարաններ։
- Կուտակային կենսաթոշակի համակարգում 2018 հուլիսի 1-ի փոփոխություններով՝ 209 հազար մարդու աշխատավարձ բարձրացել է, ևս 200 հազարինը կբարձրանա հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում։
- 85 հազար թոշակառու-նպաստառուների թոշակը բարձրացվել է պարենային աղքատության գծից՝ նրանց ծայրահեղ աղքատության շեմից դուրս բերելու համար։
- Ի հեճուկս ստորագրված պայմանագրի՝ խմելու ջրի սակագինը չի բարձրացել Կառավարության վարած բանակցությունների արդյունքում։ Սոցիալապես անապահով խավերի համար սահմանված քվոտայով 20 և 10 դրամով էժանացել են բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագները։
- 2018 թվականի հուլիսի 1-ից և 2019 թ.-ի հունվարի 1-ից բարձրացվել են առաջնային օղակի ավելի քան 10 հազար բուժաշխատողների աշխատավարձերը գրեթե 30 տոկոսով։ Երևանի և մարզերի բոլոր պետական առաջնային օղակի 15 հազար բուժաշխատողներ ներառվել են սոցիալական փաթեթում և կօգտվեն առողջապահական բաղադրիչից։
- Հանրապետության մի շարք պետական բուհերում բարձրացվել է աշխատակիցների աշխատավարձը։ Պետական տնտեսագիտական համալսարանում հրավիրյալ դասախոսների ժամավճարը աճել է 3 անգամ։ Շուրջ 2600 դասախոսների աշխատավարձ աճել է։
- Հայաստանի ատոմային էլեկտրակայանի շուրջ 1650 աշխատակիցների աշխատավարձերն ավելացել են միջինը 16 տոկոսով։ Մայիս ամսին կբարձրանա Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցերի շուրջ 650 աշխատակիցների աշխատավարձը՝ միջինը 27 տոկոսով։
- Բնության հատուկ պահպանվող տարածքների ՊՈԱԿ-ներում միջինը 40 տոկոսով, որոշ դեպքերում 100 տոկոսով, բարձրացվել են շուրջ 530 աշխատակիցների աշխատավարձերը։ «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից վերազինվել է եղանակի ստացման համակարգը, 30 տոկոսով բարձրացվել են 39 աշխատակիցների աշխատավարձերը։ Հանրապետական «Անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում միջինում 10,7 տոկոսով ավելացել է 148 աշխատակցի աշխատավարձը։ Գեղարքունիքի մարզի 44 դպրոցներում խնայողությունների հաշվին 1722 ուսուցիչների և տնտեսական աշխատողների աշխատավարձերը բարձրացել է 6-15 տոկոսով։ Արմավիրի մարզի մանկապարտեզներում և ՀՈԱԿ-ներում մոտավորապես 485 աշխատողների աշխատավարձը բարձրացել է միջինը 10 տոկոսով։
- Ոստիկանության ծառայողների աշխատանքի վարձատրության համակարգում նոր՝ ամսական պարգևատրումների համակարգ է ներդրվել, որի արդյունքում 2019 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսներին վճարվել է համապատասխանաբար 27 ամբողջ 7, 25 ամբողջ 8, 25 ամբողջ 3 չափով պարգևավճարներ։ Ներդրվել է աշխատանքի արդյունավետության գնահատման նոր համակարգ, համաձայն որի՝ հանցագործությունների բացահայտման և կանխարգելման գործում արդյունավետ ակտիվություն ցուցաբերած ոստիկանները կարող են ստանալ իրենց ամսական աշխատավարձը 2-3 անգամ գերազանցող պարգևավճար։ ԱԱԾ-ում աշխատավարձերը աճել են 30 տոկոսով։
- Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 2-րդ երեխայի ծննդյան դեպքում եռապատկվել է՝ 50 հազարի դրամի փոխարեն դառնալով 150 հազար դրամ։
- Կառավարության ընդունած որոշման արդյունքում 2020 թվականից սկսած ընտանիքում բռնության ենթարկված շուրջ 100 անձինք կստանան մինչև 150 հազար դրամ աջակցություն, թրաֆիքինգի զոհ ճանաչված անչափահասները կստանան միանվագ դրամական աջակցություն 250 հազար դրամի չափով։
- Առևտրային բանկերին հնարավորություն է տրվել ներել ֆիզիկական անձանց ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժերն ու տուգանքները, ներվել է շուրջ 20 հազար վարկառուի ժամկետանց վարկերի գծով տույժերն ու տուգանքները՝ շուրջ 11,5 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով։
- Մաքրվել է շուրջ 125 հազար վարկառուի վարկային պատմությունը, ովքեր մինչև 50 հազար դրամ ժամկետանց վարկային մնացորդ ունեին։
- Կառավարության նախաձեռնությամբ 303 բռնադատված անձանց և նրանց ժառանգներին ներվել են արտոնյալ պայմաններում տրամադրած շուրջ 1 միլիարդ 300 միլիոն դրամի վարկերը։
- Ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման 49 ընկերության արտոնություն է շնորհվել, որի արդյունքում շուրջ 4000 նոր աշխատատեղ է ստեղծվելու։
- Փոքր և միջին այսպես ասած՝ խելացի անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման դեպքում քաղաքացու կատարած ծախսերի 50 տոկոսի չափով հետվերադարձ կկատարվի։ Սահմանամերձ գյուղերի դեպքում այն կկազմի 70 տոկոս։
- Տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերման համար տրվում են վարկեր 2 տոկոսով, գյուղատնտեսական կոոպերատիվների և սահմանամերձ գյուղերին՝ 0 տոկոսով։
- Ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, ոռոգման, արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման վարկերը տրամադրվում են 0-2 տոկոսով։
- 2018 թ․-ին մթերված պտուղ-բանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսություններին չվճարած գումարը կազմել է ընդամենը մթերվածի 0,7 տոկոսը՝ ի համեմատություն 2017 թվականին, երբ եղել է 5,9 տոկոսը։
- Մարզերում շուրջ 290 սկսնակ ձեռնարկատերերի համար իրականացվել են դասընթացներ, ինչի արդյունքում պետական գրանցում են ստացել և բիզնես են հիմնել 120-ը, որից 56-ը պետական միջոցներից ստացել են ֆինանսական աջակցություն։ Ֆինանսական կրթություն ծրագիրը ներդրվել է հանրապետության 360 դպրոցների 3100 ուսուցիչների ներառմամբ և միաժամանակ ներդրեվել է տեխնոլոգիական առարկայի փորձնական ծրագիրը՝ ձեռնարկատիրական կրթության տարերի ներառմամբ։
- Տարածքային համաչափ զարգացման և սոցիալական վիճակի բարելավման նպատակով կառավարությունը 2018թ․ համայնքներում իրականացրել է 152 ծրագիր՝ 3,8 մլրդ դրամ ընդհանուր ծավալով։ Կառավարությունը 2019 թվականին մտադիր է այս նպատակի համար տրամադրել 10 միլիարդ դրամ։
- 2019 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի համայնքների սեփական եկամուտներն աճել են 2 միլիարդ դրամով։
- Հայաստանի ծրագրավորողներն այսուհետ կարող են իրենց ստեղծած հավելածները վաճառել խոշորագույն շուկաներից մեկում՝ Google Play հարթակում, ինչն առաջ անհնար էր։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հարկային արտոնություններից օգտվողների ցանկն ընդլայնվել է և այժմ հարկային արտոնություն են ստանում նաև էլեկտրոնայի համակարգերի արտադրությամբ և համակարգչային անիմացիայով զբաղվող ընկերությունները։
- 10.5 մլն դոլար ֆինանսավորում է ստացել և մեկնարկել է «Ինժեներական քաղաք» ծրագիրը։ ՏՀՏ ընկերությունների թիվը հասել է 800-ի՝ ապահովվելով 23 տոկոս աճ՝ 2017 թվականի համեմատ։
- Ավելի քան 20 հուշագիր է կնքվել նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և գործատուների միջև, ինչի արդյունքում ԿԳ նախարարության ուսումնարանները մասնագետներ են պատրաստվում, ներդրվում են նոր մասնագիտություններ, ընկերությունների կողմից մասնագիտական սարքեր է տրամադրվում։
- Հանրակրթական ուսումնական հաստատություններին ռոբոտաշինական խմբակներ և ինժեներական լաբորատորիաներ հիմնելու համար 2018 թվականին հատկացվել է շուրջ 186 մլն դրամ, իսկ 2019 թվականի համար 352 մլն դրամ, ինչի արդյուքում 2019 թվականի առաջին եռամսյակի դրությամբ բոլոր մարզերում առկա են 263 ռոբոտաշինական խմբակներ և ինժեներական լաբորատորիաներ, որտեղ գործում է 308 խմբակ և 6500 սովորող է ընդգրկված։
- Կառավարության կողմից մշակած և վերջնական ընդունած օրենսդրական փոփոխությունների արդյունքում՝ հանքարդյունաբերության ոլորտի մետաղաքական հանքաքարի արդյունահանման իրական սեփականատերերի բացահայտումը դարձել է պարտադիր։ Այսինքն, առաջիկայում չենք ունենա հարց, թե հանքն ում է պատկանում, քանի որ պետք է գնանք մինչև օֆշոր և բացահայտնեք սեփականատերերին։
- Վարչական համաներման արդյունքում շուրջ 150 հազար անձ ազատվել է երթևեկության կանոնների խախտման համար նախկինում կուտակած 13․7 մլրդ դրամ տուգանքի գումար վճարելու պարտավորությունից։
- Ուսանողական վարկերը հասանելի են համապատասխանաբար տարեկան 6 տոկոսով բարձր առաջադիմությամբ ուսանողների համար։
- Զինծառայողները հնարավորություն ունեն իրենց բարձր տոկոսով և կարճ ժամկետով վարկերը վերակառուցել ավելի ցածր տոկոսադրույքով վարկերի։ Շրագրի մեկնարկից մինչև այսօր արդեն վերակառուցվել են շուրջ 650 հազար վարկ՝ 350 միլիոն դրամ ծավալով։
- Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների հարկային արգելադրման էլեկտրոնային համակարգի փորձարկումը մեկնարկել է։ Համակարգը տնտեսվարող սուբյեկտներին թույլ է տալիս ազատորեն տնօրինել իրենց հաշիվներում առկա հարկային պարտավորություններից ավել գումարները, որոնք նախկինում ամբողջությամբ սառեցվում էին։
- 2018 թվականի հոկտեմբերին եվրոպական ներդրումային բանկի և ԿԲ միջև կնքվել է 50 մլն եվրո վարկային պայմանագիր ՓՄՁ վարկավորման նպատակով։ Այն չի հանդիսանում կառավարության պարտք։
- 2019 թվականի օգոստոսից գովազդների ժամանակ վարկերի փաստացի տոկոսադրույքը այսուհետ կհրապարակվի անվանական տոկոսադրույքին համահունչ՝ միևնույն տառաչափով և տեսանելի վայրում։ Կբացառվի այն իրավիճակը, երբ հայտարարված և իրական տոկոսադրույքների միջև գոյություն ունի տարբերություն։
- Սրտի ստենտավորման վճարովի գներն իջել են 250 հազար դրամով։
- Փետրվար 1-ից մեկնարկել է սուր իշեմիկ ինսուլտի դեպքում անվճար բուժման ծրագիրը, որի արդյունքում արդեն 85 քաղաքացի պետպատվերի շրջանակներում ստացել է անվճար բուժօգնություն։
- Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված շուրջ 230 հազար քաղաքացի սկսել է օգտվել բարելավված հիվանդանոցային բուժօգնության փաթեթից՝ ներառյալ 18 տեսակի նորագույն թանկարժեք ծառայությունները։
- Ստամատոլոգիական բուժօգնությունը կազմակերպվում է անվճար առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, մինչև 7 տարեկան երեխաների, մինչև 18 տարեկան սոցիալապես անապահով երեխաների, նախազորակոչային տարիքի անձանց համար նախկինում գործող համավճարային սկզբունքի փոխարեն։
- Չարորակ ուռուցքների վիրահատությունն իրականացվում է անվճար՝ պետական բյուջեի միջոցներով, 15 անուն մանկական հակաուռուցքային դեղեր են ձեռք բերվել։
- Հայաստանում ներդրվել է «Սանիտարական ավիացիա»-ի ծառայություն, որի արդյունքում հեռավոր բնակավայրերից արդեն իսկ տեղափոխվել է 11 հիվանդ։
- Մեծ թափ է հաղորդվել դեռևս 2006 թվականից մեկնարկված Հայաստան-Իրան 3-րդ էլէկտրահաղորդման գծի շինարարական աշխատանքներին, ինչի շնորհիվ 2018 թվականին 6 ամսվա արդյունքներով կատարվել են մոտովորապես նույնքան աշխատանքներ, ինչ նախորդ 12 տարվա ընթացքում։
- 2018 թվականին 60 տոկոսով գերակատարվել է ճանապարաշինության պլանը։ Նորոգվել է 200 կմ ճանապարհ, 11 տրանսպորտային օբյեկտ։
- 11 քաղաքների և 41 գյուղերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգում վերակառուցվել է շուրջ 555 կմ նոր ջրագծեր, 36,5 կմ կոյուղագծեր և այլն։ Ձկնաբուժական ընկերությունների 19 ջրառի կետերում և 97 փոքր ՀԷԿ-ում տեղադրվել են առցանց հոսաքաչափական սարքավորութումներ։ Արձանագրվել և տեսչություն է ուղարկվել 372 ջրօգտագործման խախտումներ։ Նախորդ 3 տարիների ընթացքում այդպիսի 15 խախտում է ընդամենը հայտնաբերվել։ Արարատյան արտեզյան ավազանից խնայվել է 706 լիտր/վրկ ջուր։
- Հանրապետության շուրջ 350 ավտոգազալցման կայաններում իրականացվում են զուգարանների վերանորոգման աշխատանքներ։ Նշեմ նաև, որ զբոսաշրջիկների թիվն աճել է 10,5 տոկոսով:
- 2018-ին 20 հազարից ավելի անհատ ձեռնարակտեր է գրանցվել, որը 5400-ով ավելի է նախորդ տռարվա ցուցանիշից:
- Գյուղատնտեսական և կոմունալ ծառայությունների համար նախատեսված մեքենա-սարքավորումներ են ձեռք բերվել միավորված 18 համայքների համար և 94 միավոր տեխնիկա։
- Հիմնվել են 17 նախակրթարան երևանում և մարզերում։
- Փոխհատուցվել է ապրիլյան պատերազմի օրերին մարտական հերթապահություն կատարած ուսանողների վարձավճարը 50 տոկոսով, նախկին 30 տոկոսի փոխարեն, իսկ 2 և ավելի երեխա ունեցող ուսանողների վարձավճարը փոխհատուցվել է 100 տոկոսով պետական բյուջեի կողմից։
- Կառավարությունը Հայ բարեգործական ընդհանուր միության Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամների համաֆինանսավորմամբ՝ փոխհատուցել է 2018-2019 ուս. տարվա սիրիահայ ուսանողների ուսման վարձավճարները 50 տոկոսով։
- Շուրջ 1 միլիարդ դրամով ավելացել է ավագ դպրոցների ֆինանսովորումը, ինչի արդյունքում վերացվել է դպրոցի ուսուցիչների աշխատավարձերի նվազման վտանգը։
- Աշխատանք է տարվել դպրոցները և ուսումնասակն հաստատություններն ապաքաղաքականացնելու ուղղությամբ, ինչի արդյունքում մեկ համապետական ընտրության և ՏԻՄ ընտրությունների ժամանակ ուսումնասական հաստատությունները չեն ներգրավվել ընտրական գործընթացներում, չեն նկատվել ցուցակագրման, ուղղորդման և նմանատիպ այլ դեպքեր։
- Դպրոցական բաժանորդային ծրագրի արդյունքում շուրջ 380 հազար աշակերտ և 35 հազար ուսուցիչ ստացել են և դեռ կստանան եռակի անվճար մուտքի հնարավորություն մշակույթի հաստատություններ։ «Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակներում մրցույթի արդյունքում մշակույթի շուրջ 50 գործիչներ հանրակրթական բոլոր հաստատություններում ներկայացնում են իրենց արվեստը։
- Գրադարանները համալրվել են 25 հազար ժամանակակից և արժեքավոր գրականությամբ։ 3-րդ հանրապետության պատմության ընթացքում 2019 թվականին ռեկորդակիր քանակությամբ գիրք է վաճառվել։
- 2018 թվականին գրանցվել է 20 հազարից ավել անհատ ձեռնարկատեր, որը 2017 թվականի համեմատ 5000-ից ավել է։ 2018 թվականին գրանցվել է 6137 ՍՊԸ, որն էլ 2017 թվականի համեմատ ավել է 1694-ով։
- Կառավարության պարտքի նվազեցման ծրագրի ներդրամն արդյունքում 2018 թվականին նախորդ տարվա համեմատ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը նվազել է 2,3 տոկոսային կետով։
- Փոխվել է դեսպաններ նշանակելու մոտեցումը։ Վերջին 1 տարվա ընթացքում դիվանագիտական համակարգում ոչ մի քաղաքական նշանակում չի արվել և նշանակվել են միայն պրոֆեսիոնալ դիվանագետներ։
- Համաշխարհային մամուլի ազատության ինդեքսում Հայաստանը 2018 թվականի արդյունքներով առաջընթաց է գրանցել 19 կետով՝ բարելավելով իր դիրքերը և հայտնվելով 61-րդ հորիզոնականում։ Մամուլը Հայաստանում ազատ է, քան երբևէ։ Ըստ Freedom House միջազգային կազմակերպության՝ համացանցի մասին 2018 թվականի զեկույցի՝ Հայաստանը գրանցել է զգալի առաջընթաց՝ «մասամբ ազատ երկրի» շարքից անցում կատարելով «ազատ երկրների» շարքը։ 66 երկրների շարքում Հայաստանը այն 19 երկրներից է, որտեղ համացանցի ազատությունը գրանցել է նշանակալի առաջընթաց։ 2018 թվականին The Economist հանդեսի կողմից Հայաստանը ճանաչվել է տարվա երկիր։
- 2018 թվականի հոկտեմբերի 31-ին հրապարակված «Գործարարությամբ զբաղվելը 2019 վերապատրաստում և բարեփոխումներ» վարկանիշային զեկույցի տվյալներով՝ Հայաստանը 190 երկրների շարքում արձանագրել է դիրքի առաջընթաց վեց կետով՝ 47-րդ տեղից բարձրանալով 41-րդ տեղը։ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը 2018 թվականի դեկտեմբերի 3-ին հրապարակած զեկույցում հաստատել է Հայաստանի երկարաժամկետ վարկանիշը B+ մակարդակում դրական կանխատեսմամբ։ 2016 և 2017 թվականներին նույն վարկանիշը եղել է B+ մակարդակում կայուն կանխատեսմամբ։ Այսինքն՝ մի մակարդակ Հայաստանի վարկանիշը բարձրացել է։ Հայաստանը առաջընթաց է արձանագրել նաև մի շարք այլ միջազգային ինդեքսներում, այդ թվում 13 կետանոց առաջընթաց «Երջանկության ինդեքսում»։
- Քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավվել են երկրի պաշտոնաթող նախագահ, փոխվարչապետ, պաշտպանության նախարար, գլխավոր շտաբի պետ (նախկին), բնապահպանության նախարար, դատական ակտերի հարկադիր ծառայության պետ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ընդ որում, նախկին փոխվարչապետին կալանավորելու նախաքննության մարմնի միջնորդությունը դատարանը մերժել է։ Որպես մեղադրյալ ներգրավվել են երկու գործող փոխնախարար, ՊՎԾ պետ և այլ գործող պաշտոնյաներ։ Ես սա չեմ ասում գործերի, որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու։ Ուղղակի որպես վիճակագրական փաստ։ Աննախադեպ վիճակագրական փաստ։
- Վերջին մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների, այդ թվում Երևանի ավագանու ընտրություններ, ԱԺ արտահերթ ընտրություններ, որոնք բոլորն էլ եղել են ազատ, արդար, մրցակցային և թափանցիկ։ Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ընտրվել է կին քաղաքապետ։ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները առաջինն էին, որոնց արդյունքները չեն վիճարկվել դատական կարգով։ Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրը տեղի է ունեցել Հայաստանի պատմության համար աննախադեպ իրադարձություն. խորհրդարանական ընտրությունների մասնակցող բոլոր ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճ է կայացել Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում։ Ընտրական համակարգի նկատմամբ ժողովրդի վստահությունը վերականգնված է։
- Երկրում հաղթահարված է համակարգային կոռուպցիան։ Օլիգարխիան զրկված է կառավարության որոշումների վրա ազդելու լծակներից։
- Կառավարության գործունեության արդյունքում՝ օրենքի առաջ արտոնյալներ չկան։ Քաղաքացիների քաղաքացիական և քաղաքական իրավունքները պաշտպանված են։ Ապահովվել է դատարանի անկախ գործունեությունը։
- Հայաստանում չկան քաղբանտարկյալներ և քաղհալածյալներ:
- Ազգային ժողովի և Նախագահական նստավայրի դռները բաց են հանրության առաջ։
- Կառավարության նիստերը դռնբաց են և հրապարակային։
- Սկսվել է նախարարությունների կրճատման գործընթացը։ Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը։
- Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում և տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում ընդդիմությանը առաջարկվել է թեկնածներ ներկայացնելու քվոտա։
- 2018-ին ՀՀ ժամանածների թիվը շուրջ 15 հազարով գերազանցել է մեկնածների թվին, ինչն առաջին անգամ է վերջին 12 տարում: Երեք անգամ կրճատվել են ԵՄ երկրներում ապաստան հայցողների թիվը: Այս տարվա առաջին երեք ամիսներին ՀՀ վերադարձածների թիվը 2536 թվով ավելի է մեկնարծների թվից:
- Այս տարվա առաջին եռամսյակում ամուսնությունների թիվը աճել է 5 տոկոսով, իսկ ամուսնալուծությունները նվազել են 17 տոկոսով:
- Տնտեսական մենաշնորհները վերացված են։ 2018 թվականի վերջին շաքարվազ ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 78 տոկոս նախկին 95-ի փոխարեն, իսկ բանան ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը 57-ից նվազել է 38-ի: Բենզին ներկրող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը 43 տոկոսից նվազել է 29 տոկոսի:
- ՔԿՀ-ները բեռնաթափվել են, եղել է համաներում, սկսել է գործել պատժի կրումից վաղաժամկետ ազատման ինստիտուտը, տեսակցությունների թիվը կրկնապատկվել է։ Նախատեսվում է նաև երկարատև տեսակցությունները շատացնել։
- Բացառվել է պատմամշակութային հուշարձանների քանդումը։ Ավելացել է թանգարան այցելողների թիվը։
- 2018-ին արձանագրվել է սպանության 35 դեպք, որը նվազագույնն է 1980 թվականից ի վեր:
- 2018 թվականի ապրիլից մինչև 2019 թվականի մարտ բանկային համակարգի ցուցանիշները աճել են. ակտիվները՝ 15,7 տոկոսով, պարտավորությունները՝ 17,4 տոկոսով, կապիտալը՝ 7,3 տոկոսով և այլն։
- 2018 թվականին տրամադրված հիփոթեքային վարկերի ծավալը 20 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։ Երևանում անշարժ գույքի գները բարձրացել են։
- Բնապահպանության նախարարության կողմից անտառահատումները նվազեցնելու նպատակով անտառամերձ համայնքներում մոտ 15 հազար ընտանիքի անվճար բաժանվել է 102 հազար խորանարդ մետր թափուկ, 1800 խորհանարդ մետր վառալափայտ և այլն։
- ԵՄ-ի հետ վերջնական համաձայնեցման փուլում է գտնվում Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործըներության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը։ ԵՄ կողմը գոհունակություն է հայտնել ճանապարհային քարտեզի նախագծի վերաբերյալ։
- Համաշխարհային բանկի խորհուրդը հաստատել է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև 2019-2022 թթ.-ի համագործակցության փաստաթուղթը, որով 500 միլիոն ԱՄՆ դոլար ծավալի տարբեր ոլորտներում համագործակցության շրջանակ է հաստատել։ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համատեղ համաձայնեցվել է, վերջնական հաստատմանն է ներկայացվել «Stand by» ծրագիրը 250 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով։ Նշված ծրագրով ԱՄՆ կաջակցի կառավարության համապարփակ տնտեսական ծրագրերին, որոնց նպատակն է ապահովել ավելի ինտենսիվ և առավել ներառական աճ, ֆիսկալ կայունության պահպանման և արտաքին խոցելիության գործոնների չեզոքացման։ Ֆիզիկական անձանց կողմից (այս փաստը նույնպես շատ կարևոր է) պետական պարտատոմսերի գնման ծավալը 2019 թվականի ապրիլի 27-ի դրությամբ կազմել է 6,3 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2,2 միլիարդ դրամով, մոտ 50 տոկոսով։ Սա այն դեպքն է, երբ քաղաքացիները՝ Հայաստանի սուբյեկտները, գնում են կառավարության կողմից թողարկված պարտատոմսեր։ Այս կետը, ինչի եմ այսպես ձևակերպել, ցույց տալու համար, որ թե՛ միջազգային, թե՛ ներքին տնտեսական հանրությունը լիարժեք կերպով վստահում է։ Հայաստանի Հանրապետության կառավարությանը և անում է լավատեսական կանխատեսումներ նրա գործունեության տնտեսական արդյունքների վերաբերյալ։
- Հայաստանի Հանրապետության վարչապետի ավտոշարասյունը կանգ է առնում լուսացույցի արգելող նշանի տակ՝ բացառությամբ հատուկ դեպքերի։ Հատուկ դեպքերն էն ա, երբ ինչ-որ տեղից ուշանում ենք, միջազգային հյուրեր են սպասում և այլն և այլն։ Եվ օբյեկտիվ պատճառներով ենք ուշանում։ Եվ քաղաքացիներին զիջում է ճանապարհը հետիոտային անցումների վրա։ Հայաստանի Հանրապետության վարչապետը որպես վկա ներկայացել է դատարան, ինչը աննախադեպ երևույթ է։
- Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, վերահաստատվեց, որ Արցախը՝ որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն և ներգրավածություն ունենա իրական և տեղական խաղաղությանն ուղղված հանգուցալուծման գործընթացում։
- Կադրային բանկի ձևավորման ընթացքում Հայաստանի քաղաքացիները, ովքեր իրենց նախաձեռնությամբ ներկայացրել են, նշանակվել են փոխնախարար, վարչապետի խորհրդական և այլ պաշտոններում։
- Ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատվել է 239-ով:
- ՊԵԿ-ին տարեկան եկամուտների հայտարարագիր է ներկայացրել 6323 քաղաքացի նախորդ տարվա 3021 դիմա։ Ներկայացածների թվում են երգիչներ Արամեն, Սարոն, Մարտին Մկրտչյանը:
- 2018-ի մայիսից կոռուպցիոն բնույթի հանցագործություններով պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 89 մլրդ դրամ, որից վերականգնվել է 32 մլրդ դրամը:
- Սկսվել է հանրային տարածքների վերադարձի գործընթաց՝ սկսած Ազատության հրապարակից։
- Հայաստանի մասնագետները՝ ականազերծողներ և բժիշկներ հումանիտար առաքելություն են իրականացնում Սիրիայում, ինչը ցեղասպանությունից մազապուրծ հայերին ապաստան տված սիրիացի ժողովրդի նկատմամբ մեր պատմական պարտքի դրսևորումն է։
- Վարչապետը և նրա ընտանիքի անդամները աշխատում են կրել միայն հայկական հագուստ: Այսօր էլ ներկայացել եմ հայկական արտադրության հագուստ: