Պետական բյուջեի եկամուտների ավելացման հաշվին կառավարության կողմից Առողջապահության նախարարությանը տրամադրվող գումարները կավելանան 12 մլրդ․ դրամով, ինչի շնորհիվ կիրականացվի առողջապահության ոլորտի առավել հրատապություն և կարևորություն ունեցող մի շարք ծրագրերի ընդլայնում։
Մասնավորապես՝
– 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնությունը կդառնա անվճար
– 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները, ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամները և հատուկ խմբերում ընդգրկված այլ քաղաքացիների բուժօգնության փաթեթն կընդլայնվի` ընդգրկելով սրտի վիրահատական ծառայություններն ու նորագույն թանկարժեք այլ տեխնոլոգիաներով կատարվող բժշկական ծառայությունները:
Առողջապահության նախարարությունը ֆեյսբուքի իր էջում հակիրճ ներկայացրել է հավելյալ 12 մլրդ դրամ հատկացումների բաշխման կառուցվածքը․
– 5.1 մլրդ դրամ՝ «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության իրականացում» ծրագրին:
– 1.75 մլրդ դրամ՝ «Երեխաների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրում նախատեսվում է 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ իրականացնել պետական պատվերի շրջանակներում:
– 1.2 մլրդ դրամ ՝«Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» ծրագրում պլանավորվում է փոխհատուցել անհետաձգելի վիրահատությունների, այդ թվում` կյանք փրկող սրտի անհետաձգելի վիրահատությունների (Stent for life), գլխուղեղի սուր և ենթասուր իշեմիկ բուժմանը։
– 900 մլն դրամ՝ «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրին։
– 500 մլն դրամ՝ «Շտապ բժշկական օգնություն» ծրագրին։
– 2 մլրդ դրամ՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մանկական նյարդավիրաբուժական և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունքների հագեցմանը գերժամանակակից սարքավորումներով։
– 120 մլն դրամ ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքային պայմանների համապատասխանեցում միջազգային GDP ստանդարտներին։
– 450 մլն դրամ՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում թվով 10 բժշկական կենտրոնների վերակառուցման, 1 բժշկական կենտրոնի վերանորոգման, 3 բժշկական կենտրոնների մասնակի վերանորոգման, 2 բժշկական կենտրոնի կառուցման համար։