ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է՝ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
«Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. նոյեմբերի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, որդեգրման գաղտնիքը հրապարակելու, որդեգրման համաձայնություն տալուն հակելու, առևտրային կաշառք տալու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը:
Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և 200-րդ հոդվածի (Առևտրային կաշառքը) 3-րդ մասով, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով, իսկ Երևանի՝ 1976թ. ծնված բնակչուհուն՝ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:
Նախաքննությամբ պարզված փաստական տվյալների մասին այլ տեղեկություններ նախաքննության այս փուլում հրապարակման ենթակա չեն՝ նախաքննության շահերից ելնելով։
Քրեական գործով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար», ֊ ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Երեխաների ապօրինի որդեգրումների առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել են Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը և «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը։ Այս մասին դեկտեմբերի 18-ին տեղեկացրել է Քննչական կոմիտեն։ Եվս մեկ հոգու մեղադրանք է առաջադրվել։