«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ » ՓԲ ընկերության (Հանրապետական ծննդատան) տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալվել է: Նա կասկածվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու մեջ։
ՀՀ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել են նաև փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը և «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը:
«Նշված քրեական գործի շրջանակներոմ, ՀՀ քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, մեղադրանք էր առաջադրվել մեկ այլ անձի՝ Երևան քաղաքի բնակչուհու՝ ծնված 1976 թվականին», ֊ մասնավորապես, հայտնում է ՔԿ֊ն։
Ավելի վաղ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ Իտալիայի քաղաքացիները Հայաստանում, երկրի օրենսդրության կոպիտ խախտմամբ, որդեգրել են ավելի քան 30 երեխաների: ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, այդ թվում՝ ՀՀ մի շարք գերատեսչություններում ու մանկատներում, ապօրինի կազմակերպել են երեխաների որդեգրումները:
Այս ամենին մասնակից մանկաբարձական հաստատությունը Պերնատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտն է («Հանրապետական ծննդատուն»), իսկ բժշկական փաստաթղթերում ծննդատան նշած մտացածին ախտորոշումներն օգտագործած և ՀՀ քաղաքացիներին այդ երեխաների որդեգրումը խոչընդոտած հաստատությունները՝ «Երևանի մանկան տուն» և «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ները:
Հարուցված քրեական գործը ԱԱԾ-ն ուղարկել էր ՀՀ քննչական կոմիտե:
Նոյեմբերին ոստիկանությունը ևս հայտնել էր ապօրինի որդեգրումների նոր դեպքերի բացահայտման մասին։