2005 թվականին ծառայակցի սպանության մեջ մեղադրված և ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Քոչարյանի գործի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ քրեական գործի շրջանակներում ձեռք չեն բերվել Քոչարյանի մեղավորությունը հաստատող բավարար ապացույցներ, մեղադրական եզրակացությունն ու դատավճիռները կայացվել են՝ հիմնվելով բացառապես ծառայակիցներից մեկի՝ Անդրանիկ Կարապետյանի՝ գործի ելքով շահագրգռվածության պայմաններում տրված ցուցմունքների վրա, գործով կայացված դատական ակտերն անօրինական են և չհիմնավորված։ Այս մասին հիշեցնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ ընդգծելով, որ Քոչարյանի գործի վերանայման պահանջով երկու անգամ դիմել են Վճռաբեկ դատարան, դիմումները, սակայն, վարույթ չեն ընդունվել։
«Արթուր Քոչարյանի գործով նրա պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը գործի վերանայման վարույթ հարուցելու պահանջով դեռևս 2019 թվականի փետրվար և մայիս ամիսներին դիմել էր Վճռաբեկ դատարան։ Վճռաբեկ դատարանը մեկ որոշմամբ անդրադարձել էր ներկայացված երկու վճռաբեկ բողոքներին՝ կայացնելով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժելու մասին չհիմնավորված որոշում։
Նշված որոշումը կայացրած ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորներ Լ. Թադևոսյանի, Ե․ Դանիելյանի, Ա․ Պողոսյանի, Ս․ Օհանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով փաստաբան Ա․ Զալյանը դիմել է նաև ՀՀ արդարադատության նախարար Ռ․ Բադասյանին՝ շեշտը դնելով նախագահող դատավոր Լ․ Թադևոսյանի կենսագրության՝ հատկապես այն ժամանակահատվածի վրա, երբ վիճահարույց քրեական գործի քննության հետ համընկնող ժամանակահատվածում (2006-2007 թթ․ ընթացքում) Լ․ Թադևոսյանը եղել է ՀՀ գլխավոր դատախազության՝ դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության դատախազ, 2011 թ․-ին՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության դատախազ, 2011-2012 թթ. ընթացքում նույն վարչության ավագ դատախազ, ինչը գործի հետ կապ չունեցող ցանկացածի մոտ ստեղծում է տպավորություն Լ․ Թադևոսյանի կողմից նմանօրինակ որոշում կայացնելու շահագրգռվածության մասին։
Արդարադատության նախարարությունը մերժել է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դիմումը՝ հիմնավորված չլինելու պատճառաբանությամբ», – նշված է ՀՔԱՎ-ի հաղորդագրությունում։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը 2019 թվականի դեկտեմբերի 13-ին դիմել է նաև Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ քրեական գործը ուսումնասիրելու և արդարադատության բուն էության խաթարման, Արթուր Քոչարյանի դատավարական իրավունքի հիմնարար խախտումների հիմքով վերանայման վարույթ հարուցելու նպատակով Վճռաբեկ դատարան դիմելու պահանջով։ Գլխավոր դատախազությունից դեռևս պատասխան չի ստացվել:
2019 թ․ դեկտեմբերի 5-ին Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Գլխավոր դատախազը 2008 թ. նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների մասնակիցներից 10 հոգու վերաբերյալ՝ կոնվենցիոն իրավունքների խախտմամբ կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում վճռաբեկ բողոքներ է ներկայացրել։ Դրանցից ութը՝ դատարանի կողմից թույլ տրված և արդարադատության բուն էությունը խաթարող դատավարական իրավունքի խախտումների հիմքով:
Նշվածի կապակցությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ևս մեկ անգամ արձանագրում է, որ Արթուր Քոչարյանի քրեական գործով կայացված դատական ակտը ապօրինի է և չհիմնավորված, առերևույթ խախտում է արդարադատության բուն էությունը, և օր առաջ իրավասու մարմինները պետք է ձեռնամուխ լինեն նշված քրեական գործով ևս վերանայման վարույթ հարուցելուն։