23 տարի անազատության մեջ գտվող ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը պայմանական վաղաժամկետ ազատ չի արձակվի։ Դատարանը՝ դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ, սեպտեմբերի 4-ին հրապարակեց դատապարտյալին ազատ արձակելու միջնորդագիրը մերժելու մասին որոշումը։
Աշոտ Մանուկյանը անազատության մեջ է գտնվում 1996 թվականից: Մեղադրվել և դատապարտվել է երեք զինծառայողի սպանության համար։
Տուժողների ծնողները Մանուկյանին ներել են․ նրանք նոտարական հայտարարություն էին ներկայացրել դատարան, որտեղ նշել էին՝ դեմ չեն, որ Մանուկյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվի։
Արդարադատության նախարարության պրոբացիոն ծառայությունն Աշոտ Մանուկյանի վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ դրական եզրակացություն էր տվել։ Քրեակատարողական ծառայությունը թեև վաղաժամկետ ազատ արձակելուն բացասական եզրակացություն էր տվել, Մանուկյանին դրական էր բնութագրել: Նախորդ նիստին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալ-հոգեբանական ու իրավական բաժնի գլխավոր մասնագետ, հոգեբան Նորայր Գրիգորյանը ցմահ դատապարտյալի մասին խոսելիս նշել էր, որ դատապարտյալն ուղղվել է և նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գրեթե բացակայում է:
Մանուկյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու համար երաշխավորություն էին ներկայացրել Ազգային ժողովի պատգամավորներ Շաքե Իսայանը, Թագուհի Թովմասյանը և Նաիրա Զոհրաբյանը։
Դատապարտյալի հարազատները մտադիր են բողոքարկել դատարանի այս որոշումը։