«508 մայրերի բողոքներից 101-ը հաղորդում է հանցագործության մասին… Շղթա է գործել. նախ մորը խաբել են, ասել, որ երեխան մահացած է կամ թերաճ, կամ այլ պատճառաբանությամբ երեխային վերցրել են մորից, ապա հանձնել մանկատուն, որտեղից էլ իրականացվել է ապօրինի որդեգրումը դեպի արտասահման: Պարզ է, չէ՞, թե ինչու՞ երեխա որդեգրել ցանկացող հայաստանցի ընտանիքները այնքան անցանակալի էին Հայաստանի մանկատների տնօրինությունների համար: Մի կողմից չէին կարող վճարել կամ շատ վճարել, մյուս կողմից՝ Հայաստանում ավելի հեշտ էր «կորած» երեխաների հետքի վրա ընկնել», – ֆեյսբուքի իր էջում գրել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։
Ազգային անվտանգության ծառայությունից նոյեմբերին հայտնել էին, որ բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր։ Ծառայությունը հաղորդագրություն էր տարածել․ երկու հայաստանցիներ՝ օգտագործելով իրենց կապերը հանրապետական ծննդատներից մեկում, մի շարք գերատեսչություններում ու նաև մանկատներում, կազմակերպել են ավելի քան 30 երախաների ապօրինի որդեգրումներ Իտալիայի քաղաքացիների կողմից։ Ավելի ուշ՝ նոյեմբերի 19-ին, ապօրինի որդեգրումների նոր դեպքերի բացահայտման մասին հայտնել էր նաև որստիկանությունը։
Երեխաների ապօրինի որդեգրումների գործով ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել են Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը և «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը։ Այս մասին դեկտեմբերի 18-ին տեղեկացրել է Քննչական կոմիտեն։ Նրանցից բացի՝ ևս երկու քաղաքացի է ձերբակալվել։
Ազգագրագետը գրում է․ «Փաստացի երեխաների առևանգման բանդա է գործել Ազգային անվտանգության ծառայության և Ներքին գործերի նախարարության քթի տակ, եթե ոչ դրանց մասնակցությամբ:
Մարմիններ, որոնք ունեցել են օպերատիվ հետախուզական տեխնիկական և մարդկային հնարավորություններ, այդ թվում գաղտնասլումների իրավունք: Սրանից էլ ծանր հանցագործությո՞ւն: Ինչ որ չափով բանդայի գործունեության սխեմաները, ծավալները և, վստահաբար, պետական այլ մարմինների հովանավորությունը գուցե պարզի, բայց նույնիսկ անզեն աչքով էլ երևում է, որ բանդա է գործել:
Սա լրացուցիչ հաստատում է, որ 3 միլիոն բնակչությամբ երկրում առատորեն գործող օպերատիվ հետախուզական վեց մարմինները, իրենց ողջ գործակալական ցանցերով, այդ նույն երեխաների ծնողների վճարած հարկերի տնօրինմամբ, կապ ունեն սույն հանցագործությունների հետ կամ շա՜տ մեղմ ասած հանցավոր անփութություն են ցուցաբերել: Տարօրինակ չէ՞, որ այս օպերատիվների, հետախույզների ներդրած ագենտուրայի որևէ ներկայացուցիչ ՛՛չի նկատել/չի տեսել/չի զեկուցել՛՛ կատարվողի մասին: Իսկ Առողջապահության նախարարությու՞նը: Տարօրինակ չի՞ թվացել պաշտոնապես մահացած, հիվանդ, արատավոր հայտարարված երեխաների թվաքանակը, նրանց անհետացումները և մանկատներում հայտնվելը:
Այդ բանդայի առկայության պայմաններում բա ինչպե՞ս հավատանք, որ գաղտնալսումները ոչ թե քաղաքական հետապնդումների նպատակ են ունեցել/ունեն, այլ հանցագործություններ կանխարգելելու կամ բացահայտելու: Խնդիրը բարձրաձայնած նորածին մորը՝ Հայկուհի Խաչատրյանին էլ քիչ մնաց հոգեկան շեղումների մեջ մեղադրեին:
Մեր օպերատիվ – հետախուզական լիազորություններով վեց մարմինները դեռ քանի՞ այս կարգի բանդայի մասին կանխատեսումներ կամ թաքցված փաստեր ունեն: Այդ թվում՝ թրաֆիկինգի ոլորտում, աշխատանքային ստրկացման ոլորտում»։
Ինչպես է պատահել, որ Հայաստանի Հանրապետությունում նման մեխանիզմ գոյություն ունենի, հարցնում է վարչապետը
Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրմանը Կառավարության այսօրվա նիստին անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ երբ այս տարվա ամռանը՝ հաշվի առնելով բազմաթիվ ահազանգեր՝ խորհրդակցություն է անցկացրել և Ազգային անվտանգության ծառայությանն ու ոստիկանությանը հանձնարարել է զբաղվել ահազանգերով, թերահավատ է եղել, թե կլինեն բացահայտումներ.
«Ահազանգերը, որ մենք ստանում էինք, ճիշտն ասած, երբեմն ոչ այնքան ադեկվատ, էմոցիոնալ պոռթկումների տպավորություն էին թողնում։ Բայց հիմա, երբ հետահայաց նայում ենք, գուցե մեր գնահատականն այդքան էլ ճիշտ չի եղել, գուցե թե այդ մարդկանց էմոցիաները կոնկրետ փատերից են սնվել, և պետք է բոլոր այս կարգի դեպքերը հատ-հատ, առանձին-առանձին քննել, ուսումնասիրել»։
Փաշինյանն ընդգծել է՝ կարևոր է հասկանալ, թե ինչպես է պատահել և ինչպես է պատահում, որ Հայաստանի Հանրապետությունում կարող է նման մեխանիզմ գոյություն ունենալ և գործել։
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ պատասխանելով վարչապետի հարցին, նշել է, որ ձեռք բերված ապացույցների համադրությունը բավարար է ձերբակալված անձանց Քրեական օրենսգրքի 167 հոդվածի 2-րդ մասով՝ ծնողներից երեխաներին ապօրինի բաժանելը, մեղադրանք առաջադրելու համար: Գրիգորյանի խոսքերով՝ նախատեսվում է, որ մինչև շաբաթվա վերջ նրանց մեղադրանք կառաջադրվի․ «Ունենք մի շարք անձանց ուղղակի ցուցմունքներ, որոնք մերկացնում են այդ անձանց այդ հանցանքը կատարելու մեջ»։
Ապօրինի որդեգրումների գործում այս պահին ներգրավված են Հանրապետական հիվանդանոցի ծննդատան տնօրեն, ժամանակին հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգի Ռազմիկ Աբրահամյանը, նույն ծննդատան փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տան» 23 տարվա տնօրեն Լիանա Կարապետյանը և Երևանի ևս երկու բնակիչներ։
Հանրապետական ծննդատան ձերբակալված տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի անունը, հիշեցնենք, պարբերաբար շոշափվում էր նորածինների անհետացման կամ անսպասելի մահվան համատեքստում։ Վերջին հիշատակումը՝ 2019 թվականի հոկտեմբերին էր, երբ նորածնի մայրը՝ Հայկուհի Խաչատրյանը բարձրաձայնել էր իր երեխայի անհետացման մասին։ Ծննդատան տնօրենն ու աշխատակիցները հայտնել էին նրան, որ երեխան մահացած է ծնվել։ Սակայն Խաչատրյանը մահվան որևէ ապացույց չէր ստացել։ Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա դիմել էր ոստիկանություն՝ հայտնելով, որ հիվանդանոցի տնօրենը ոչ միայն չի կարողացել ապացուցել իր երեխայի մահվան մասին տեղեկությունները, այլև անհասկանալի հիմքերով իրեն և իր քրոջը մեկ միլիոն դրամ է առաջարկել՝ իբրև թե «որպես օգնություն»։
Epress.am-ն ավելի վաղ գրել էր նաև Սյուզաննա Պատվականյանի երեխայի անհետացման մասին․ Շենգավիթի դատարանում այժմ էլ շարունակվում է նրա և նրա ներկայացուցիչ Մարատ Կոստանյանի բողոքի քննությունը։ Պատվականյանն ու Կոստանյանը պահանջում են իրավական գնահատական տալ Գլխավոր դատախազության և Ազգային անվտանգության ծառայության գործողություններին, որոնք, նրանց պնդմամբ, տարիներ շարունակ միտումնավոր կոծկել և դրանով իսկ՝ հովանավորել են 19 տարի առաջ տեղի ունեցած մանկավաճառության դեպքը, որը կազմակերպվել և իրականացվել է բժիշկ Ռազմիկ Աբրահամյանի կողմից։ 2000 թվականին Սյուզաննա Պատվականյանը անչափահաս հասակում ծննդաբերել է աղջիկ երեխա։ Բժիշկ Աբրահամյանը համոզել է նրան հրաժարվել երեխայից․ երեխան, իբր, լուրջ առողջական խնդիրներով է ծնվել և երկար չի ապրի։ Ապօրինի հրաժարականից հետո երեխան անհետացել է․ չկա ո՛չ նրա մահվան արձանագրությունը, ո՛չ մանկատուն տեղափոխվելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ։ Բժիշկ Ռազմիկ Աբրահամյանը հայտնել է, որ երեխան որդեգրվել է։ Որդեգրման փաստը հաստատող փաստաթղթեր նույնպես չկան։