«Եղվարդի բնակչությունը 14 հազար բնակիչ ունի, բայց 20 հազար մարդ՝ հարակից տարածքներից ևս, հավաքվելու է կառավարության շենքի դեմը»։ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի ծննդատան լուծարումը տեղի բնակչության դժգոհությունն է առաջացրել։
Հունվարի 13-ին բողոքի դուրս եկած բուժաշխատողները պնդում են, որ ունեն համապատասխան մասնագետներ։ Ցույցին զուգահեռ բուժհաստատության գլխավոր բժիշկը հայտնել է, որ Առողջապահության նախարարությունից որևէ գրավոր փաստաթուղթ որոշման վերաբերյալ չեն ստացել։ Օպտիմալացման որոշման վերաբերյալ նա հստակ պատասխան չտվեց, սակայն հավաստիացրեց, որ անհրաժեշտության դեպքում բուժհաստատությունը կլուծի ծննդկանների՝ Երևան տեղափոխելու հետ կապված բոլոր հարցերը․ «Չեմ կարծում, որ որևէ խնդիր կա»։
Սակայն բողոքող աշխատակիցներն այլ կարծիքի են։ Նրանք, մասնավորապես, ասում են, որ 17-ով ավելացրել են ծնունդների թիվը և ունեն համապատասխան մասնագետներ։
Մարզային մի շարք ծննդատներ փակվում են առողջապահության նախարարության որոշմամբ, որը դադարեցնում է բուժհաստատությունների ֆինանսավորումը։ Հունվարի 8-ին Մարալիկ և հարակից համայնքների բնակիչները՝ տեղի ծննդատան աշխատակիցների հետ միասին, փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհը՝ Առողջապահության նախարարությունից պահանջելով հետ կանգնել բուժհաստատությունը փակելու որոշումից:
Ավելի վաղ այսօր նախարար Արսեն Թորոսյանն ասել էր, որ բուժհաստատությունները չեն փակվում, պարզապես կարգավորվում են այնտեղ մատուցվող ծառայությունների տեսակները և սկզբունքները։ Ըստ նրա՝ համայնքային ծննդատները, որոնք չեն համապատասխանում ստանդարտներին, պոտենցիալ վտանգ են ներկայացնում նորածնի և ծննդկանի համար։ Ավելի ապահով է դիմել «մի քանի կիլոմետր» հեռավորության վրա գտնվող հիվանդանոց, քան՝ գյուղի ծննդատուն, որտեղ չկան բավարար պայմաններ։
«2018 թվականին մեր ոլորտի մասնագետների կողմից մատնանշվեցին սկզբունքները, թե ինչպիսի ծննդօգնություն մատուցող հաստատություններ մենք պետք է ունենանք։ Որոշվեցին կարգերը՝ առաջին, երկրորդ, երեքի Ա և երեքի Բ։
Հայաստանի Հանրապետության բոլոր բժշկական հաստատությունները, որոնք մատուցում էին ծննդօգնության ծառայություններ, գնահատվեցին։ Գնահատումը տեղի ունեցավ 2018 թվականի 2-րդ կիսամյակի ընթացքում, և բոլորին շնորհվեցին կարգեր։
Եղան հաստատություններ, որոնք այդ կարգերից որևէ մեկին չբավարարեցին՝ ծնունդների թվով, կադրային, շենքային, սարքավորումների հագեցվածությունով», – ասում է նախարարը՝ ընդգծելով, որ գնահատման ավարտից հետո բուժհաստատություններին մեկ տարի ժամանակ տրվեց՝ փոփոխություններ կատարելու համար։